Դաշնակցութիւնը չի ծնուել այս կամ այն ընտրութեան համար. Դաշնակցութեան առաքելութիւնը մեր ժողովրդին ծառայելն ու առաջնորդելն է

«Դրօշակ»-ի հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

— Յարգելի՛ ընկ. Դաւիթ, ԱՀ համապետական ընտրութիւնների քարոզարշաւը մօտենում է եզրագծին, ընդհանուր առմամբ ինչպէ՞ս կը գնահատէք այն՝ ինչ մթնոլորտում անցաւ, քաղաքական ուժերն ու գործիչները ներկայացրի՞ն իրենց ծրագրերը:

— Այս ընտրութիւններն առաջին անգամ են ընթանում ԱՀ Սահմանադրութեամբ սահմանված ընտրակարգով, և ընտրութիւնների առաձնայատկութիւնն այն է, որ խորհրդարանական և նախագահական ընտրութիւնները տեղի են ունենալու միաժամանակ, ասել է թէ` նոյն օրը: Մենք ժամանակին (2017 թ.) դէմ էինք այդ համակարգի հաստատմանը: Այնուհանդերձ, հաշուի առնելով, որ Սահմանադրութիւնն ընդունուել է մեր ժողովրդի մեծամասնութեան կողմից, առաջնորդւում ենք հենց այս Սահմանադրութեամբ: Ինչպէս և նախատեսում էինք, այս ընտրութիւնները պէտք է ընթանային բաւականին սուր մրցակցային, մթնոլորտում: Բայց անցած մէկ ամսուայ քարոզչութիւնը ցոյց տուեց, որ այդ մրցակցութիւնը ոչ թէ հիմնականում գաղափարների, այլ իշխանութեան ղեկին սեփական տեղն ունենալու ձգտումներով է պայմանաւորուած: Ընտրութիւնների նախապատրաստական փուլում` անցած մէկ տարուայ ընթացքում, գրանցուեցին նոր կուսակցութիւններ, մենք ականատես եղանք քաղաքական վերադասաւորումների, որոշ կուսակցութիւններ տրոհուեցին կամ միաւորուեցին այլ կուսակցութիւնների հետ: Այս ընտրութիւններում կեդրոնացումն աւելի շատ նախագահական ընտրութիւնների վրայ է, և խորհրդարանական ընտրութիւնները երկրորդական պլան են մղուած: Այնուհանդերձ, անցած մէկ ամսուայ քարոզարշաւը ցոյց տուեց, որ ընտրութիւնների նախապատրաստական գործընթացը ոչ այնքան քաղաքական և գաղափարական հենքի վրայ է կառուցուած, որքան սոցիալական հիմնախնդիրների երևան հանման, ժողովրդի մէջ իշխանութիւններից դժգոհութեան զգացական խորապատկերի և առաջիկայում իշխանութեան պատասխանատուութիւնը ստանձնելու հիմնահարցի: Քարոզարշաւն առաջին երեք շաբաթներին առերևոյթ բնականոն ընթացք ունէր, և թէ՛ նախագահի, թէ՛ պատգամաւորների թեկնածուները ներկայացնում էին իրենց պատկերացումները ապագայ զարգացումների, ներքին ու արտաքին մարտահրաւէրների վերաբերեալ: Կորոնավիրուսի տարածման վտանգը, սակայն, Արցախում փոխեց քարոզարշաւի բնոյթը. այն աւելի շատ անհատական աշխատանքների, սոցիալական մեդիա հարթակ տեղափոխուեց:

— Դաշնակցութիւնն ինչպէ՞ս իրականացրեց իր քարոզչութիւնը: Հետևելով Արցախում Դաշնակցութեան և մասնաւորապես Ձեր իրականացրած աշխատանքին` քիչ թէ շատ տեղեակ ենք, որ բազմաթիւ հանդիպումներ էք ունեցել: Բնականաբար, այդ հանդիպումներում խօսուել է շատ բաների մասին: Կուզենայինք` ներկայացնէիք, թէ ինչ հիմնական խնդիրների շուրջ է եղել Դաշնակցութեան ասելիքը: Այլ խօսքով` որո՞նք են Դաշնակցութեան քարոզչութեան առանցքային հարցերը:

— Մենք մեր քարոզարշաւը կառուցում ենք այն սկզբունքային կէտերի վրայ, որոնք նախանշել ենք ծրագրային հիմնադրոյթներում: Ներկայացրել ենք 9 սկզբունքային կէտեր, որոնց շուրջ կառուցում էինք մեր քարոզարշաւը: Դրանք են՝

— Արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումը և վերականգնումը,

— Արցախի անվտանգութեան ապահովման և իրաւական կարգավիճակի յստակեցման նպատակով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրումը,

— սոցիալական արդարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, քաղաքացիների իրաւահավասարութեան և օրէնքի գերակայութեան վրայ հիմնուած ներազգային համերաշխութեան ապահովումը,

— կոռուպցիայի և հովանաւորչութեան դէմ անզիջում պայքարի միջոցով քաղաքացիների լիակատար հաւասարութեան ապահովումը,

— պետական համակարգի հաւասարակշռման, անմիջական ժողովրդավարութեան ընդլայնման ու ամրապնդման նպատակով Արցախի Հանրապետութեան նոր սահմանադրութեան ընդունումը,

— վերաբնակեցման համակարգուած, լայնածաւալ և հետևողական իրականացումը,

-երիտասարդ քաղաքացիների ինքնադրսևորման հնարաւորութիւնների լիակատար ապահովումը,

— ազգային հարստութեան՝ բնական պաշարների խելամիտ և օպտիմալ օգտագործման ապահովումը,

— «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրայ պաշտպանական համակարգի կատարելագործումը,

— Ժողովուրդն ինչպէ՞ս է ընդունում Դաշնակցութեան քարոզարշաւի ընթացքում արծարծուած խնդիրները: Յիշենք, որ թէ՛ Արցախում և թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում, անկախ արդիւնքներից, կուսակցութեան համար միշտ կարևորուել է սեփական գաղափարների ու մօտեցումների մատուցումը ժողովրդին՝ սկսած Արցախի հարցի վերջնական լուծման վերաբերեալ կուսակցութեան մօտեցումից մինչև սոցիալական հարցերը, Արցախի զարգացման հեռանկարները և այլն: Եւ ունէ՞ք որոշակի բաւարարութիւն տեղի ունեցած հանդիպումներից ու կատարուած քարոզչութիւնից:

— Ժողովուրդն ակնկալում է կոնկրետ ու նպատակային մօտեցումներ, և ներկայացուող գաղափարական, սկզբունքային հարցերն այնքան էլ ընկալելի չեն` հաշուի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակութիւնն այնքան էլ քաղաքականացուած չէ: Բայց և այնպէս, ժողովրդի մէջ մտահոգութիւն կայ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և մեր արտաքին քաղաքականութեան վերաբերեալ: Ժողովուրդը Դաշնակցութիւնից ակնկալում է աւելի մեծ պատասխանատուութիւն: Քարոզարշաւի ընթացքում մենք ժողովրդին փորձում էինք յորդորել աւելի մեծ վստահութիւն ցուցաբերել Դաշնակցութեան նկատմամբ: Այդ առումով մենք ժողովրդին բացատրում ենք մեր հնարաւորութիւնները: Ի հարկէ, Դաշնակցութիւնը միշտ էլ հաւատարիմ է իր սկզբունքներին և, անկախ ստացած վստահութեան քուէներից, միշտ աւելին է անում: Սա մեր առաքելութիւնն է, այն սկզբունքներն ու նպատակները, որոնցով Դաշնակցութիւնը 130 տարի գործել է: Այս հանգրուանում շատ կարևոր է ընտրողներին բացատրել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները և Դաշնակցութեան դերակատարութիւնը Արցախի կեանքում: Ներկայ իրավիճակը համեմատելի է Արցախեան շարժման առաջին տարիների հետ, երբ Դաշնակցութիւնը վերադարձաւ Արցախ, կազմակերպեց ժողովրդի ընդվզումը, ինքնապաշտպանութիւնը և դրեց ճիշդ ուղու վրայ: Հոգ չէ, թէ յետոյ ինչ տեղի ունեցաւ, ինչ տեղ զբաղեցրեց Դաշնակցութիւնը պետական համակարգում: Կարևորը` այդ հիմնաքարը դրուեց: Մենք ներկայումս այնպիսի հանգրուանում ենք, որ անհրաժեշտ է 1990-ական թուականների ազգային շահերի պաշտպան հանդիսացող ուժերի համախմբում, հանդուրժողականութեան մթնոլորտի ձևաւորում: Այստեղ Դաշնակցութիւնը լուրջ անելիք ունի, Դաշնակցութեան առաքելութիւնը և դերակատարութիւնը որպէս առաջնորդող ուժ այստեղ ակնյայտօրէն զգացւում է: Մենք կարող ենք այս ամէնը գիտակցելով մեզ վրայ պատասխանատուութիւն վերցնել: Եվ այս առումով ժողովուրդը պէտք է մեզ վստահի, որպէսզի հնարաւորութիւն ունենանք ստանձնելու այդ պատասխանատուութիւնը:

— Ընտրութիւնները բոլոր պարագաներում կ՚աւարտուեն որոշակի արդիւնքներով: Անկախ նրանից, թէ մասնակիցներից ով ինչ յաջողութիւններ կը գրանցի, Արցախի համար ի՞նչ նշանակութիւն ունեն ընտրութիւնները:

— Ինչպէս արդէն նշեցի, ընտրութիւնները տեղի են ունենում բաւականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս ընտրութիւնները կանխորոշելու են Ղարաբաղի ապագան, ձևաւորուելիք գործադիր և օրէնսդիր իշխանութեամբ է պայմանաւորուած լինելու մեր զարգացման հեռանկարն ու մեր ապագան: Մենք որոշ մտահոգութիւններ ունենք ներքին դաշտում առկայ մթնոլորտի վերաբերեալ. քաղաքական ուժերի միջև մրցակցային պայքարն աստիճանաբար վերածւում է քաղաքական անհանդուրժողականութեան: Մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգութիւններն ու նախազգուշացնում հնարաւոր վտանգների մասին: Մենք նմանօրինակ ժամանակաշրջան ենք ապրել 1990-ական թուականներին և դրա գինը վճարել ենք: Պէտք է ոչ վաղ անցեալի պատմութիւնից դասեր քաղել: Ընտրութիւնների արդիւնքը և յետընտրական գործընթացն աւելի կարևոր են լինելու, քան նախընտրականը: Հենց այս նկատառումներից ելնելով` մենք փորձել ու փորձում ենք հաւասարակշռուած քաղաքականութիւն վարել: Անցած տարիներին մենք անմիջական շփման մէջ ենք եղել ժողովրդի հետ: Տեսնում ենք, որ իշխանութիւն-ժողովուրդ երկխօսութիւնը լիարժէք չէր: Դաշնակցութիւնն այստեղ, իր նկարագրին ու իր սկզբունքներին հաւատարիմ, անցած 5 տարիներին փորձել է հնարաւորինս պահպանել ժողովրդի հետ երկխօսութիւնը՝ քաջատեղեակ լինելով իշխանութիւնների նկատմամբ ժողովրդի մէջ առկայ անվստահութեանը, դժգոհութիւններին, արմատական փոփոխութիւնների ակնկալիքներին: Մեզ համար ամենակարևորն ընդհանուր կայունութեան ապահովումն է, որը թելադրուած է մեր արտաքին ու ներքին մարտահրաւէրներով: Այդ քաղաքական կայունութիւնը հնարաւորութիւն կ՚ընձեռի հեզասահ լուծելու առկայ բոլոր խնդիրները: — Ակնյայտ է, որ, անկախ իր գրանցած արդիւնքներից, ՀՅԴ-ն պիտի շարունակի աշխատանքները` յանուն Արցախի հարցում մեր ազգային նպատակների իրականացման: Ի՞նչ անելիքներ ունեն Դաւիթ Իշխանեանը և Դաշնակցութեան Արցախի կառոյցը մարտի 31-ից յետո: — Դաշնակցութիւնը չի ծնուել այս կամ այն ընտրութեան համար: Դաշնակցութեան առաքելութիւնը մեր ժողովրդին ծառայելն ու առաջնորդելն է: Ընտրութիւններից յետոյ էլ Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնալու իր սկզբունքներին, շարունակելու է իր որդեգրած քաղաքական գիծը՝ ազգային-ազատագրական պայքարում ունեցած յաջողութիւններն առաւել ամրապնդելու ուղղութեամբ: Արցախի ներքին և արտաքին կեանքում վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը շատ կարևոր դերակատարութիւն է ունեցել: Չի կարող Դաշնակցութեան նախագահի թեկնածուն ունենալ ՀՅԴ սկզբունքներից տարբերուող ծրագիր: Իմ մօտեցումներն ամբողջութեամբ զետեղուած են Դաշնակցութեան ընդհանուր ծրագրային հիմնադրոյթներում: Ես անձամբ կուսակցութեան շրջանակներում շարունակելու եմ իմ գործունէութիւնը՝ փորձելով ընդլայնել Դաշնակցութեան տեղն ու դերն Արցախի ներքին կեանքում:

— Քուէարկութեան նախօրեակին ի՞նչ պատգամ ունէք այս ընտրութիւններին մասնակից քաղաքական ուժերին և Արցախի ժողովրդին:

— Ամիսներ առաջ մենք հրապարակաւ փորձեցինք քաղաքական ուժերի ընդհանուր համախմբում կազմակերպել և միասնական օրակարգ ձևաւորել: Իմ պատգամն աւելի շատ ուղղուած է քաղաքական ուժերին և գործիչներին, որովհետև հասարակութեան և պետականութեան զարգացումը մեծապէս պայմանաւորուած է նրանցով: Անհրաժեշտ է հասարակութեան, քաղաքական ուժերի և իշխանութեան ներդաշնակ համագործակցութիւն: Քաղաքական ուժերն այդ համագործակցութեան շարժիչ ուժը պէտք է լինեն: Ցաւօք սրտի, այս առումով ունենք բաց, և իմ յորդորն է, որ այդ բացը լրացուի: Այս համախմբումը, համագործակցութիւնը, միասնութեան կերտումը միայն մէկ կամ երկու քաղաքական ուժի չէ, որ վերապահուած է, այլ ընդհանուր քաղաքական դաշտին: Այն բոլոր կուսակցութիւնների և քաղաքական գործիչների առաքելութիւնն եմ համարում:

Հարցազրոյցը վարեց Տաթևիկ Աղաջանեանը

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.