Գիւղերն Ատրպէյճանին յանձնելով՝ Հայաստանն «ապաշրջափակում» անուան տակ ամբողջութեամբ յայտնուելու է լիակատար շրջափակման մէջ. Քրիստինէ Վարդանեան
Արցախում Ատրպէյճանի սանձազերծած վերջին պատերազմից ու ցեղասպանական գործողութիւններից յետոյ Հայաստան տեղափոխուած մեր հայրենակիցների անձնագրերը, ՀՀ իշխանութիւնների մեկնաբանութեամբ, ընդամէնը ճամբորդական փաստաթղթեր են եղել այսքան ժամանակ: Նրանց առաջիկայում պատրաստւում են, անձը հաստատող փաստաթղթից բացի, տրամադրել նաեւ փախստականի կարգավիճակ: Յիշեցնենք, որ վերջին կարճ ժամանակահատուածում, Արցախից Հայաստան տեղափոխուած աւելի քան 4000 արցախցի մեր հայրենակից արդէն իսկ լքել է ՀՀ տարածքը:
Տարբեր մասնագէտների գնահատմամբ՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալով՝ ՀՀ իշխանութիւնները կարող են նպաստել Հայաստանում գտնուող մեր հայրենակիցների հեռանալու գործընթացի աշխուժացմանը:
Իսկ ՀՀ իշխանութիւններն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից յետոյ այդպէս էլ ժամանակ չեն գտել ընդունելու Արցախի նախագահին կամ որեւէ այլ ներկայացուցչի:
Միւս կողմից, զուգահեռ գործընթացներ են ընթանում նաեւ Ատրպէյճանում: Այնտեղ, տեւական ժամանակ է, չեն դադարում քննարկումները, դէպի, այսպէս կոչուած, «Արեւմտեան Ատրպէյճան» (նկատի ունեն ՀՀ՝ պատմականօրէն հայկական տարածքները.- Ն. Ս.) ատրպէյճանցի «փախստականների վերադարձի» մասին՝ յայտարարելով, թէ միայն այդ պայմանի կատարման դէպքում են պատրաստ Հայաստանի հետ քննարկել յարաբերութիւնների կարգաւորման հարցերը:
Աւելին, Ատրպէյճանում շարունակւում է Հայաստանի հանդէպ տարածքային ակնյայտ յաւակնութիւնների քաղաքականութիւնը: Օրերս այդ երկրի խորհրդարանական լսումների ժամանակ յայտարարուել է, որ ստեղծուել է, այսպէս կոչուած, «Արեւմտեան Ատրպէյճանի տեղանունների էլեկտրոնային շտեմարան»:
Միեւնոյն ժամանակ, այսօր տրուեց Ատրպէյճանի մօտ 600.000 քաղաքացիների անձնագրերում «Արեւմտեան Ատրպէյճան» մակնշման գործընթացի մեկնարկը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի գնահատմամբ, այստեղ ակնյայտօրէն ականատես ենք եւ ՀՀ, եւ Ատրպէյճանի ներկայ իշխանութիւնների պետական մակարդակով տարուող գործընթացներին:
«Տարբերութիւնն այն է, որ, եթէ Ատրպէյճանում տեսնում ենք այդ երկրի պետական շահերից բխող պետական քաղաքականութիւն, ապա, ցաւօք սրտի, Հայաստանում վարուող պետական քաղաքականութիւնը եւս բխում է Ատրպէյճանի շահերից: Գործողութիւնները, ի վերջոյ, յանգում են նոյն նպատակին: Մենք 1994 թուականի հրադադարից յետոյ տեսանք, որ Ատրպէյճանը պետական հետեւողական քաղաքականութեան արդիւնքում, ֆորմալ առումով պահպանելով ինստիտուտները, իրենց տունը լքած քաղաքացիների թիւը, ստեղծելով գոյութիւն չունեցող համայնքներ՝ հիմա այդ ամբողջ գործընթացը ծառայեցնում է իր նպատակների իրագործման գործին: Եւ սա տեղի է ունենում այն դէպքում, երբ մենք չենք օգտագործում յօգուտ մեզ գոյութիւն ունեցող իրաւական ու արդարութեան առումով առկայ փաստարկները», ասաց Վարդանեանը:
Այս առումով ընդդիմադիր պատգամաւորը կարեւորեց, որպէսզի ամբողջութեամբ փաստագրուի արցախցի մեր հայրենակիցների հետ տեղի ունեցածը, նրանց կորցրած գոյքն ու պետական մակարդակով գործընթաց իրականացուի՝ տուեալների ու գոյքային բոլոր իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
Միւս կողմից, անդրադառնալով արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցին՝ Վարդանեանը կարեւորելով դրա միջոցով նրանց վերադառնալու հնարաւորութիւն տալը, միեւնոյն ժամանակ որոշ խնդիրներ նշեց:
«Մենք տեսնում ենք պետական քաղաքականութիւնն առ այն, որ 100.000 արցախցիներին հայկական պետութիւնը չվերաբերուեց՝ որպէս ՀՀ լիիրաւ քաղաքացիների: Ու այստեղ է խնդիրը, որ հիմա միտում եմ տեսնում իշխանութիւնների իրականացրած նաեւ այս գործողութիւններում: Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որն ունէր Սահմանադրական պարտականութիւն՝ միջամտելու եւ կանխելու ցեղասպանութիւնը եւ էթնիկ զտումը, որը տեղի ունեցաւ Արցախում, ինչը չարեց», ասաց պատգամաւորը՝ շեշտելով, որ արցախցի մեր հայրենակիցներն իրաւունք ունեն վերադառնալու իրենց տները եւ տէր կանգնելու այնտեղ գտնուող հարազատների գերեզմաններին, ինչի ցանկութիւնը նրանք ունեն, բայց ո՛չ ատրպէյճանական կողմի թելադրած պայմաններով:
Պատգամաւորը ցաւով արձանագրեց, որ այժմ տեսանելի չէ իր քաղաքացիների բոլոր՝ կեանքից սկսած՝ մինչեւ վերադարձի իրաւունքի պահպանման պետական քաղաքականութիւնը: Այս ֆոնին, ըստ Քրիստինէ Վարդանեանի, տեսնում ենք ագրեսիվ քաղաքականութեան շարունակական իրականացում, որը միտուած է յստակ նպատակի՝ Արցախն օկուպացնելուց բացի, այն պլացդարմի վերածել: Սա, ըստ նրա, ակնյայտ բացասական հետեւանքներ կ’ունենայ Հայաստանի վրայ՝ ինչպէս տնտեսական, այնպէս էլ՝ ռազմական ու դեմոգրաֆիկ առումով:
Այս ամէնի ֆոնին, անգործ չի մնում նաեւ Թուրքիայի նախագահը: Էրտողանը վերջերս յայտարարեց թուրքական երկրների «միասնականութեան» մասին՝ եւս մէկ անգամ պարզ ակնարկելով, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերեալ իր բաղձալի երազանքի մասին: ՀՀ իշխանութիւններն էլ յայտարարում են «խաղաղութեան խաչմերուկ»ների մասին: Հանրութեանը փորձում են համոզել, որ թշնամական երկրների հետ սահմանները բացելու դէպքում մեր տարածաշրջանում անպայման խաղաղութիւն է հաստատուելու, իսկ Հայաստանի տնտեսութիւնը ներկայից եռապատիկ աւելի բարձր թռիչք է կատարելու:
Անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների՝ Հայաստանին սպասուող «խաղաղութեան» մասին յայտարարութիւններին՝ Քրիստինէ Վարդանեանը վստահ տեսակէտ յայտնեց, որ ներկայ իշխանութիւններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրոյն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղութեան խաչմերուկ»ի գործարկման դէպքում, ըստ ընդդիմադիր պատգամաւորի, իշխանութիւնն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետեւողականօրէն իրականացուող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջեւ:
«Մարդը, ով չի կարողանում սեփական երկրի քաղաքում արձան (Նեմեսիս.- Ն. Ս.) տեղադրել: Թուրքիան փաստացի միջամտում է մեր ներքին գործերին: Մարդը, ում օրօք օկուպացւում է երկրի ռազմավարական ճանապարհներից մէկը՝ Գորիս-Կապան ճանապարհը, ով 3 տարում 3 պատերազմ է բերել ու պարտուել: Ում միակ «ձեռքբերումը» պատմութեան մէջ այն է, որ ինքն Արցախը յանձնող միակ ղեկավարն է, կարո՞ղ է Մերձաւոր Արեւելքի պէս տարածաշրջանում խաղաղութեան օր էլ չէ, ամիս էլ չէ՝ «դարաշրջան» բացել: Մենք՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» խօսքից հասել ենք Հայաստանի գիւղեր յանձնելուն: Իսկ այս իշխանութիւնը ո՞ր մի խոստումն է, որ տուել ու կատարել է: Ո՛չ մի: Ու դեռ խօսում ենք «խաղաղութեան դարաշրջանի» մասի՞ն: Դա նշանակում է ձեռք առնել մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն իսկապէս ուզում է խաղաղութիւն, բայց դա չի կարող գերեզման լինել մեզ համար», ասաց Քրիստինէ Վարդանեանը՝ յաւելելով, որ խաղաղութեան համար պէտք է հզօրացնել բանակն ու կարողանալ պաշտպանուել:
Այս համատեքստում, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը նաեւ շեշտեց, որ թուրք-ատրպէյճանական տանդեմի պահանջած գիւղերը գտնւում են Իրանի ու Վրաստանի հետ ունեցած կարեւորագոյն միջպետական ճանապարհների հատուածում: Սա, ըստ Վարդանեանի, նշանակում է, որ գիւղերը յանձնելով՝ Հայաստանն «ապաշրջափակում» անուան տակ ամբողջութեամբ յայտնուելու է լիակատար շրջափակման մէջ:
«Որպէսզի մարդիկ լաւ պատկերացնեն, պէտք է գիտակցեն, որ այդ դէպքում իրենք Վրաստան են գնալու ատրպէյճանցիների կողմից վերահսկուող ճանապարհով: Իսկ Նիկոլ Փաշինեանը, ինչպէս տեսանք, պատրաստ է յանձնել այդ գիւղերը, ինչի մասին յայտարարել է՝ ճանաչելով Ատրպէյճանի «տարածքային ամբողջականութիւնը»», ասաց Վարդանեանը:
Իսկ Հայաստանում ատրպէյճանցիների վերաբնակեցման մասին յայտարարութիւնները, ընդդիմադիր պատգամաւորի գնահատմամբ, բոլորովին էլ վերացական չեն ու արւում են յստակ նպատակով:
«Այսօր սոցցանցերում արդէն կոչեր կան, որպէսզի մարդիկ մտնեն ու Երեւանում տներ նշեն՝ որպէս իրենց տներ, որտեղ իրենք կամ իրենց նախնիները ժամանակին ապրել են: Այսինքն, մենք խօսում ենք Կոնդում, Օպերայի յարակից տարածքում, Հայաստանի միւս մարզերում ատրպէյճանցիների ո՛չ միայն ապրելու, այլեւ ամէն ատրպէյճանցու համար Ատրպէյճանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Իսկ տնտեսական ինտերվենցիայի առումով Թուրքիան կարող է այնպէս անել, որ Հայաստանում բնակուող գիւղացին պարզապէս դադարի լոլիկ մշակել», ասաց Քրիստինէ Վարդանեանը:
Վարդանեանն անդրադարձաւ նաեւ «Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի» հրապարակմանը՝ Հայաստանի ուղղութեամբ Ատրպէյճանի հնարաւոր յարձակման հաւանականութեան «կարմիր»` ամենաբարձր նախազգուշացում յայտարարելու մասին: Նա յիշեցրեց, որ այդ կառոյցը նախկինում մի քանի անգամ հանդէս է եկել նմանատիպ նախազգուշացնող յայտարարութիւններով՝ Արցախի ուղղութեամբ ատրպէյճանական ագրեսիայից առաջ:
«Հիմա բոլորը տեսնում են, որ կայ լուրջ սպառնալիք՝ բացի Փաշինեանից ու ՀՀ իշխանութիւններից: Իսկ մեզ այս պայմաններում, փաստօրէն, առաջարկում են «սպիտակ դրօշ» բարձրացնել ու յանձնուել թշնամուն», համոզմունք յայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:
Նազելի Ստեփանեան
168.am
Comments are closed.