Գառնիկ Դանիէլեան. «Ադրբեջանը ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը»
Այն հատուածներում, որտեղ սահմանագծում եւ սահմանազատում է իրականացուել, Ադրբեջանը ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը.
«Սիւնիք կատարած մեր եռօրեայ այցի ընթացքում արձանագրել ենք բազմաթիւ խնդիրներ, որոնց հակիրճ անդրադարձ կը կատարեմ։
Դեռեւս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակւում են կամ պարզապէս բացակայում են պետական հաստատութիւնները՝ Առաջին ատեանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտէի մասնաճիւղը, Կադաստրի կոմիտէի ստորաբաժանումը, նոտարական գրասենեակը, հիւանդանոցը, դիահերձարանը։
Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատութիւնների բացակայութիւնը լրջագոյն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կեանքում։
Պէտք է արձանագրել նաեւ, որ Սիւնիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերութիւնները հարկատուների հաշուին տարուայ մէջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակութեան ճանապարհներ բազմաթիւ տեղերում մնում են դժուարանցանելի տարուայ բոլոր եղանակներին:
Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգութեան խնդիրը։
Այն հատուածներում, որտեղ, այսպէս կոչուած՝ սահմանագծում եւ սահմանազատում է իրականացւել, թշնամին ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։
Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատուածներում այս գործընթացը իրականացնելու դէպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նոյն վիճակում են յայտնւելու ՀՀ միւս մարզերն ու բնակավայրերը։
Այս ամէնի արդիւնքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են յայտնուել Ներքին Հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։
Գիւղերի պատշգամբներից դիտարկուում են թշնամու դրօշակները։ Բազում հայկական գերեզմաններ յայտնուել են ադրբեջանցիների վերահսկողութեան ներքոյ։
Ներքին Հանդ, Դաւիթ Բէկ գիւղերում առաջնային է նաեւ անասնապահութեան խնդիրը. արօտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, եւ անասնապահութիւնը դարձել է անհնար։
Չնայած բազմաթիւ խնդիրներին, կուզեմ խօսել նաեւ դրականի՝ սիւնեցու աննկուն ոգու մասին։
Ես տեսայ խիզախ, անկոտրուն եւ մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիւ մենք յաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու յաղթելու ենք այս պայքարում»,- գրել է նա։
Comments are closed.