Բռնագրաւուած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին՝ Այլափոխուած Եւ Պղծուած

Monument Watch-ը յայտարարութիւն մը հրապարակելով՝ ահազանգեց, որ բռնագրաւուած Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցին այլափոխուած եւ պղծուած է: Ստորեւ՝ արեւելահայերէնի թարգմանուած վերոնշեալ յայտարարութիւնը.

«2024 թուականի Հոկտեմբերի 7ից ադրբեջանական լրատուամիջոցներով եւ սոցիալական (ընկերային) ցանցերով տարածուեցին տեսանիւթեր` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնուած» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19րդ դարի եկեղեցու գմբէթը այլափոխուած է. հայկական եկեղեցին շինարարական անթոյլատրելի միջամտութեամբ եւ աւերումներով դարձել է այլ կառոյց` իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի:

«Նշենք, որ եկեղեցու հարաւային շքամուտքի վերնամասում տեղադրուած վիմագրում նշուած էր, որ տաճարը կառուցուել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակութիւններով. շինարարութիւնը սկսուել է 1868 եւ աւարտուել` 1887 թուականին: Եկեղեցու վերաբերեալ պատմական փաստերին առաւել մանրամասն կարող էք ծանօթանալ այս յօդուածում.

«Ուղիղ 4 տարի առաջ`44օրեայ պատերազմի ընթացքում, Հոկտեմբերի 8ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտաւորեալ թիրախաւորուեց` խախտելով զինուած բախումների դէպքում մշակութային արժէքները չթիրախաւորելու Հաագայի (Լա Հէյի) եւ Ժնեւի սկզբունքները: Բնականաբար, այս հարուածը ապագայում ունէր հէնց եկեղեցին կեղծ վերականգնումների քօղի տակ այլափոխելու նպատակ: Եկեղեցու վրայ անօրինական հարուածի վերաբերեալ մանրամասն կարող էք կարդալ յիշեալ Ա. Տիգրանեանի «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախաւորման դէպքի քննութիւն. պատերազմի ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային սկզբունքների դիտանկիւնից» յօդուածում. 

«Եւ փաստօրէն, հարուածից ուղիղ 4 տարի անց, Ադրբեջանը ներկայացրեց եկեղեցու պղծման, այլափոխման հերթական գործողութեան արդիւնքները:

«Պատերազմից յետոյ Ադրբեջանը յայտարարել էր, որ եկեղեցին բերուելու է իր «պատմական տեսքին», որից յետոյ ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մէկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնուող պատկերաքանդակը: Արեւմտեան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման` համապատասխան արձանագրութեամբ, որը նոյնպէս մաքրուել էր: Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի աւերել տաճարի մշակութային կարեւորութիւնը ներկայացնող մանրամասները, արձանագրութիւններն ու այլ տարրեր:

«Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առաւել մանրամասն կարող էք կարդալ յիշեալ 3 յօդուածներում. «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները», 15 Մայիս, 2021. «Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց Սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը». «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ:

«Մեր արձագանգը «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ԵՈՒՆԵՍԿՕի կողմից 1994 թուականին ընդունուած Նարայի փաստաթղթի իսկութեան սկզբունքը: Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի պահպանութիւն հասկացութիւնը ենթադրում է մշակութային ժառանգութեան ընկալման, դրա պատմութեան եւ նշանակութեան գիտակցման, ժառանգութեան հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղուած գործընթացների ամբողջութիւն: Այս դէպքում ժառանգութիւնը հասկանալու մարդկանց կարողութիւնը, ի թիւս այլ հանգամանքների, կախուած է նաեւ ժառանգութեան վերաբերեալ արժանահաւատ եւ ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատուական աղբիւրների իմացութիւնն ու ճիշդ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկութեան եւ հաւաստիութեան բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի` մշակութային ժառանգութեան տեսակը, առանձնայատկութիւնները, նշանակութիւնը եւ պատմութիւնը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատուական վստահելի փաստեր: Ըստ այսմ` իսկութեան ընկալումը հիմնարար դերակատարութիւն է ձեռք բերում մշակութային ժառանգութեան պահպանութեանն առնչուող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգութեան` հակամարտութիւններում յայտնուելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարեւորում է մշակութային արժէքների լեգիտիմութեան (օրինականութեան) ճանաչման խնդիրը:

«Բացի այդ, 2015 թ. Մայիսի 22ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական յանձնաժողովի ընդունած 2057րդ բանաձեւում խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգութիւնն է յայտնում, որ մշակոյթի, ինքնութեան եւ «ուրիշի» կանխամտածուած ոչնչացումը դարձել է արդի հակամարտութիւնների առանցքային բաղադրիչը: Եւրախորհրդարանը յորդորում է պետութիւններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգութեան իսկութիւնը եւ վերականգնման ու վերակառուցման գործընթացում յարգել պատմութեան բոլոր շերտերը` պահպանելով ժառանգութեան բնականութիւնն ու իրական բնոյթը (կէտ 4.4.6):

«2022 թ. Մարտի 10ին Եւրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունուած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման մասին» (N 2582) բանաձեւը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգութեան օբյեկտներում (այստեղ՝ կառոյցներու մէջ) ցանկացած միջամտութիւն` պահպանելու ժառանգութեան իսկութեան սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»:

Comments are closed.