Բողոքի ցոյց եւ երթ՝ Ատրպէյճանում հայ գերիների վերադարձի պահանջով
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպութեամբ այսօր ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի առջեւ տեղի ունեցաւ բողոքի ցոյց:
Ցոյցի մասնակիցները պահանջում էին Նոյեմբերի 11-ից 22-ը Պաքուում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան հեղինակաւոր համաժողովից՝ COP29-ից առաջ ճնշում գործադրել պաշտօնական Պաքուի վրայ՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Կլիմայական պաշտպանութիւնն անհնար է առանց մարդու իրաւունքների պաշտպանութեան»․ մասնակիցների ձեռքին այս գրութեամբ տարբեր լեզուներով պաստառներ կային: Առջեւից տանում էին մեծ ցուցապաստառ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկարներով։
«Ատրպէյճանը մէկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ տեղահանութեան ենթարկելով արցախահայութեանը։ Բռնազաւթուած տարածքներում Ատրպէյճանն առ այսօր շարունակում է մշակութային ցեղասպանութիւն իրականացնել՝ ջնջելով հայկական հետքն Արցախից։ Առ այսօր Պաքուում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, որոնց թուում են քաղաքացիական անձինք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։ Կլիմայական արդարութիւնը չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ատրպէյճանին՝ մաքրելու ցեղասպանի իր արիւնոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատուիրակները ճնշում գործադրեն պաշտօնական Պաքուի վրայ՝ ազատ արձակելու Պաքուում ապօրինաբար պահուող հայ գերիներին», յայտարարուեց ՄԱԿ-ի գրասենեակի մօտ:
«Ատրպէյճան ագրեսոր», «Ատրպէյճան օկուպա՛նտ», «Ատրպէյճան ցեղասպա՛ն». վանկարկում էին ցոյցի մասնակիցները:
Նրանք ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտայայտող նամակ, որից յետոյ երթով շարժուեցին դէպի ՀՀ արտաքին գործերի նախարարութիւն, ՀՀ-ում Ֆրանսայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ:
Դեսպանատների առջեւ ելոյթներ ունեցան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ եւ այլ քաղաքական գործիչներ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութիւն պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ յստակ է. «Յաջորդ շաբաթ Պաքուում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, եւ դրան մասնակցող միջազգային կազմակերպութիւններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ատրպէյճանի վրայ, հայ ռազմագերիներին եւ այլ պատանդառուած անձանց ազատ արձակելու նպատակով»:
Իշխան Սաղաթէլեանը յիշեցրեց, որ այսօր Ատրպէյճանում է գտնւում 2 տասնեակից աւելի ռազմագերի, Ատրպէյճանը շարունակում է իր թշնամութիւնը ՀՀ նկատմամբ, մէկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանութիւն, էթնիկ զտում: Այդ հարցերը միջազգային կազմակերպութիւնների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջեւ բարձրացնում ենք նաեւ մեր ժողովրդի տեսակէտը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով:
Comments are closed.