Արցախն, անկասկած, վաղուց արժանի էր անկախութեան․ Վիկտոր Նադէին-Ռաեւսկի

 

Yerkir.am-ի զուցակիցն է ՌԴ փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու, ՌԳԱ Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի միջազգային-քաղաքական հիմնախնդիրների աւագ գիտաշխատող, Վ. Արծրունու անուան Սեւծով-Կասպեան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն Վիկտոր Նադէին-Ռաեւսկին, որը Երեւանում է՝ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու։

– Ինչպէ՞ս էք գնահատում Կարսի ու Մոսկուայի պայմանագրերը եւ ինչպիսի՞ հետեւանքներ նրանք ունեն այսօր։

– Այդ պայմանագրերը կնքուած են ոչ լեգիտիմ կողմերի միջեւ՝ այն ժամանակուայ միջազգային իրաւական համակարգով․ եթէ Խորհրդային Ռուսաստանն իր տեղն արդէն հաստատել էր, ապա Թուրքիան ընդամէնը այդ ճանապարհին էր։ Մեծ հաշւով՝ ո՞վ էր ներկայացնում Թուրքիան․ Օսմանեան կայսրութիւնը դեռ լուծարուած չէր, բայց այնտեղ արդէն կար նաեւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութիւնը, որը միջազգային իրաւական ճանաչում եւ լեգիտիմութիւն չունէր։ Այնպէս որ, այն ժամանակուայ եւ այսօրուայ միջազգային իրաւունքի տեսանկիւնից այդ փաստաթղթերի լեգիտիմութիւնը ծայրայեղ կասկածելի է։ Սա՝ առաջինը։

Երկրորդը՝ այո, դրանք պայմանագրեր են սահմանների մասին, ենթակայ չեն չեղարկման, այդպիսին է միջազգային իրաւական պրակտիկան, դա էր ասում ՌԴ արտաքին գործերի նախարարութիւնը։ Չնայած դրան, սահմանների հարցն էական է. այո, իհարկէ, կարելի է զբաղուել չեղարկումով, բայց այդ դէպքում օդում կախուած է մնում սահմանների հարցը, այդ դէպքում կարելի է դրանցով անցնել ու դառնալ թէկուզ ոտքով, թէկուզ աւտոբուսով, թէկուզ տանկով։ Այս պատճառով էլ այդպիսի լրջագոյն որոշումներ ընդունելիս՝ պէտք է ամէն ինչ ծանրութեթեւ անել, դա հեշտ հարց չէ։ Իհարկէ, դա հայերի, վրացիների եւ միւսների որոշելիքն է, քանի որ հարցը ընդամէնը բոլոր 3 հանրապետութիւններին չի առնչւում, բայց, ցանկացած դէպքում դա հեշտ որոշում ու քննարկում չի լինելու։

– Կարելի՞ է հաւատալ Թուրքիային՝ տարածաշրջանում իր խաղաղութեան քաղաքականութեան հարցում։

– Առայժմ Թուրքիան ոչ մէկին չի կարողացել ապացուցել, որ ի վիճակի է մինչեւ վերջ կատարելու իր պարտաւորութիւնները, թէեւ, մեծ հաշւով, Ռուսաստանի հանդէպ նա դրանք կատարում է, բայց, բնականաբար եթէ թուրքական պարտաւորութիւնները ամրապնդուեն երաշխիքներով Ռուսաստանի, գուցէ նաեւ միջազգային գործընթացի այլ մասնակիցների կողմից, ապա այդ դէպքում հէնց այդպիսի վերահսկողութեան տակ կարելի կը լինի յոյս դնել այս կամ այն պայմանագրի կամ համաձայնագրի վրայ։ Բայց սա էլ հեշտ հարց չէ։

– Թուրքիան կարո՞ղ է խաղաղապահ առաքելութիւն իրականացնել։

– Ոչ իհարկէ, դա միանշանակ է, Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողմից, եւ հէնց այդ պատճառով խաղաղապահ լինելուն նա «չի ձգում»՝ ինչպէս ժողովուրդն է ասում։

– Իսկ «Զանգեզուրեան միջանցք» առաջարկը ինչպէ՞ս էք գնահատում։

– Դրան համաձայնել կարելի է, բայց դրա դիմաց պէտք է Ադրբեջանը միջանցք տրամադրի, որը Հայաստանը կը կապի Ռուսաստանին, միայն այդ դէպքում հնարաւոր կը լինէր լրջօրէն խօսել այդ հարցի մասին՝ համապատասխան վերահսկողութեամբ, անվտանգութեան ապահովմամբ եւ այլն, այլ կերպ դա կը լինի ոչ կենսունակ, չի կարելի զիջումներ պահանջել միայն մէկ կողմից եւ հրաժարուել սեփական զիջումներից։

– Արցախի հարցի լուծումն ինչպէ՞ս էք պատկերացնում։

– Արցախի հարցը պէտք է լուծուէր դեռ 30 տարի առաջ, ինչո՞ւ Հայաստանը դեռ այն ժամանակ չճանաչեց Արցախի անկախութիւնը, դժուար է ասել, մնացած հարցերը կը լուծէր Արցախի ժողովուրդը՝ լինել Հայաստանի հե՞տ, թէ՞ անկախ, բայց դա հայկական իշխանութիւնների բացթողումն էր։

– Իսկ այսօ՞ր։

– Այսօր շատ աւելի բարդ է իրավիճակը եւ պէտք է այն հակակշռել նաեւ ռազմական հնարաւորութիւններ հետ, դա հեշտ հարց չէ։ Արցախը, անկասկած, վաղուց արժանի էր անկախութեան, բայց դա ճանաչուած չէ, ցաւօք։

Աննա Բալեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.