Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութիւնը

Horizon Weekly Newspaper

Սիրելի´ հայրենակիցներ

1988 թ. Փետրուարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրուեց մի պայքարի հիմնաքար, որը դարձաւ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սեւեռակէտը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների արտահերթ նստաշրջանը, արտայայտելով հայ ժողովրդի միասնական կամքը եւ առաջնորդուելով ԽՍՀՄ սահմանադրութեան համապատասխան դրոյթներով, որոշում ընդունեց դիմել Ատրպէյճանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ատրպէյճանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մէջ ընդգրկելու խնդրանքով:

ԼՂԻՄ հայ բնակչութեան սահմանադրական պահանջներին Ատրպէյճանը հակադրեց բիրտ ուժի եւ բռնութիւնների քաղաքականութիւնը, որը 35 տարուց աւել դարձաւ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործելաոճը: Դրա բարձրակէտը 2023 թ. Սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցաւօք, աշխարհի լուռ համաձայնութեամբ Ատրպէյճանը նոր ցեղասպանութիւն իրականացնելու սպառնալիքով բռնագրաւեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետութեան ողջ տարածքը:

Պատմական ու ազգային այս մեծ ողբերգութեան արդիւնքում 150 հազար արցախցիներ ստիպուած էին տեղահանուել իրենց բնակավայրերից եւ ապաստան գտնել Հայաստանի Հանրապետութիւնում՝ հայրենիք վերադառնալու փափաքով եւ ազգային արժանապատուութիւնը վերականգնելու յոյով ու վճռականութեամբ:

Բայց հայի վերընձիւղուելու կամքն ու վճռականութիւնը երբեք թոյլ չի տուել յուսահատուել:

Փետրուարեան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականութեան, ազատութեան ու անկախութեան համար թափած արիւնն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժուարութիւնների առջեւ:

Մենք՝ որպէս Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ եւ արժանապատիւ վերադառնալու Արցախի Հանրապետութեան ժողովրդի իրաւունքը ոչ միայն օրինական է, այլեւ ամբողջովին տեղաւորւում է հիմնուած միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:

Չնայած տեսանելի եւ անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսուած իրաւունքի վերականգնումը պէտք է դառնայ ներկայ սերնդի գործունէութեան առանցքը:

Այսօր, յիշելով 1988-ի Փետրուարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարութեան, ճշմարտութեան ճանապարհով ընթանալու եւ պատմական յիշողութիւնը պահպանելու մեր անօտարելի իրաւունքը:
Արցախի Հանրապետութեան ազգային ժողով