Արցախի հակամարտութիւնը չի լուծուել. վերադարձ լինելու է

«Հակամարտութիւնը չի լուծուել, այն ունի նոր ձեռքբերուած բաղադրիչներ։ Առաջացել է հրատապ ու կարեւոր նոր խնդիր, որը վերադարձի իրաւունքն է։ Մեր ուղերձն այն է, որ այդ իրաւունքը այնքան արմատական եւ հիմնարար նշանակութիւն ունեցող միջազգային իրաւունքների շարքում է, որ այն վաղ թէ ուշ իրականանալու է, վաղ թէ ուշ վերադարձ տեղի է ունենալու»,- «Արցախ․ չկարգաւորուած հակամարտութիւն, վերադարձի իրաւունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։ Նա մտահոգութիւն յայտնեց՝ ՀՀ վարչախումբն արդէն եօթ տարի մեր ժողովրդին փորձում էր կերակրել այսպէս կոչուած խաղաղութեան ակնկալիքով ու վստահեցրեց․ «Ես խաղաղութիւն չեմ ասում, որովհետեւ դա ակնկալիք է միայն։ Իրական խաղաղութիւնից մենք հեռու ենք, քանի որ դրան չենք էլ մօտեցել»։

Ըստ Արմէն Ռուստամեանի՝ հակամարտութեան հիմքում մեր ինքնութեան հետ Ատրպէյճանի ու Թուրքիայի՝ անհաշտ լինելն է․ «Եթէ դա այդպէս չէ, թող մէկը բացատրի, թէ Ատրպէյճանն ինչո՞ւ չի բաւարարւում նրանով, որ Արցախն արդէն հայաթափուել է։ Վանդալիզմի գործողութիւնները, որ իրականացւում են Արցախում, նպատակ է հետապնդում, որ հայկական հետքը ջնջեն, որ հայեր չեն եղել այստեղ․ հայերը եկուոր են եղել։ Քանի մենք սա չենք հասկացել, չենք հասկանայ, որ այս կոնֆլիկտը չի աւարտուի, քանի Ատրպէյճանը ու Թուրքիան չեն որոշել հաշտ ապրել մեր ինքնութեան հետ։ Քանի դա տեղի չի ունեցել, կոնֆլիկտը Արցախից տեղափոխուել է Հայաստան։ Իրենք հիմա էլ շարունակում են անհաշտ լինել մեր ինքնութեան հետ»։

Արմէն Ռուստամեանը նշեց՝ երբեւէ Արցախի հարցի հետ կապուած Սիւնիքի մասին խօսակցութիւն չի եղել, Զանգեզուրի ճանապարհ, սրա մասին էսքան ժամանակ խօսք չի գնացել․ «Սա առաջացաւ, երբ այսօրուայ իշխանութիւններին թուաց, թե Լաչինի միջանցքը զիջելով՝ կ’ազատուեն Նոյեմբերի 9-ի 9-րդ կէտի պարտաւորութիւնից, որտեղ գրուած է, որ այդ ճանապարհը վերահսկուելու է ռուսական ՖՍԲ-ի կողմից։ Իրենք փորձեցին այնտեղ զիջել, որ դրանից էլ ազատուեն։ Թուրքիան ու Ատրպէյճանն իրենց ծրագրերից չեն հրաժարուել, բանթուրանական ծրագիրը չի չեղարկուել»։

Անդրադառնալով Պաքուում պահուող հայ ռազմագերիներին՝ Արմէն Ռուստամեանը յայտարարեց․ «Այսօր Պաքուում ոչ թէ անձամբ դատուողների նկատմամբ է մեղադրանքը, այլ ըստ էութեան դատւում է արցախահայութիւնը, դատւում է ինքնորոշման իրաւունքը։ Այդ մարդիկ ինքնորոշումը իրացնողներն են։ Աշխարհը պէտք է հասկանայ, որ այնտեղ չի դատւում Բակօ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, այլ դատւում է ինքնորոշման իրաւունք իրացնողը։ Եթէ ինքնորոշման իրաւունքն այլեւս ընդունելի չէ աշխարհի համար, դա ուրիշ բան։ Բայց եթէ այդ իրաւունքն ընդունելի է, սա միայն չպիտի դիտուի Արցախի ղեկավարութեան դատ, այլ ինքնորոշման իրաւունքի դէմ ոտնձգութիւն, եւ ըստ այդմ՝ մենք մեր անելիքները պէտք է իմանանք»։