«Արցախը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխւում է ինտենսիւ թերապիայի բաժանմունք»․ ԱԳ նախարար

Նոր պատերազմի հաւանականութիւնն Արցախում այս փուլում աննշան է, այժմ հանրապետութիւնը ծանր վիճակում է՝ «վերակենդանացման բաժանմունքից տեղափոխւում է ինտենսիւ թերապիայի բաժանմունք»: Այս մասին յայտարարել է Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը յունուարի 19-ին կազմակերպուած մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսով Բաբայեանն ամփոփել է իր ղեկավարած գերատեսչութեան 2021 թ.-ի գործունեութիւնը:

Համանախագահների Արցախ չայցելելու մասին

Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ համանախագահները չեն կարողանում Արցախ այցելել, քանի որ Ադրբեջանը փորձում է տարբեր խոչընդոտներ ստեղծել:

Բաբայեանի փոխանցմամբ՝ համանախագահների վերջին այցն Արցախ եղել է 2019 թ.-ի աւարտին.

Դաւիթ Բաբայեանն ընդգծել է, որ կայ մշտական կապ համանախագահների հետ, ինչպէս նաև կարևորել Արցախի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Իգոր Խովաևի [ՌԴ ներկայացուցիչ] հետ:

Ստեփանակերտում յոյս ունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Արցախ շատ չի ուշանայ: Բաբայեանն ասում է՝ համանախագահները ևս շահագրգռուած են ու պարբերաբար խօսում են սպասուող այցի մասին:

 

Նոր պատերազմի հաւանականութեան մասին

Դաւիթ Բաբայեանի համոզմամբ՝ այս փուլում Արցախում նոր պատերազմի հաւանականութիւնն աննշան է, թէև միշտ կայ ռազմական գործողութիւնների վերսկսման տեսական հնարաւորութիւն.

«Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձութիւնները և ՀԱՊԿ-ի արձագանքը։ Հայաստանի վրայ յարձակման դէպքում արձագանք կը լինի առնուազն ռուսական կողմից, յատկապէս եթէ միանայ Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրայ յարձակման հնարաւորութեանը, ապա խաղաղութիւնն ու կայունութիւնը պահպանւում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրայ յարձակումն ինքնաբերաբար յարձակում կը նշանակի ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրայ։ Դա այլ տեսակի պատերազմ կը լինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի և Հայաստանի միջև»,- ընդգծել է Բաբայեանը:

Արցախի արտգործնախարարի կարծիքով՝ Բաքւում ևս այս ամէնը հասկանում են: Սա է պատճառը, որ նախարարը նոր՝ լայնամասշտաբ պատերազմը քիչ հաւանական է համարում:

 

Արցախի միջազգային ճանաչման մասին

ԱԳ նախարար Բաբայեանի խօսքով` Արցախի հիմնական առաջնահերթութիւնը եղել և մնում է միջազգային ճանաչումը, առանցքային նշանակութիւն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնութեան պահպանումը:

Նախարարի համոզմամբ՝ 44-օրեայ պատերազմից յետոյ սուբյեկտայնութեան պահպանման համար համապատասխան ռազմավարութիւն է պէտք:

 

Արւածի ու 2022 թ.-ի անելիքների մասին

Բաբայեանի խօսքով՝ նախորդ տարի իր ղեկավարած գերատեսչութիւնն ակտիւ աշխատանք է տարել, յատկապէս՝ միջազգային հանրութեանն Արցախի տեսակէտները հասանելի դարձնելու ուղղութեամբ։ ԱԳՆ-ն 20 փաստաթուղթ է ներկայացրել ԵԱՀԿ, 15 փաստաթուղթ՝ ՄԱԿ և 4 փաստաթուղթ ՝ Եւրոպայի խորհուրդ:

Արտգործնախարարութիւնը յատուկ ուշադրութիւն է դարձրել Ադրբեջանի վարած քաղաքականութեանն ու Բաքուից ստացուող յայտարարութիւններին:

Նախարարի բնորոշմամբ՝ 2021 թ.-ը պատերազմից ապաքինուելու ժամանակահատուած էր.

 

«Արցախը դեռևս գտնւում է բաւականին ծանր վիճակում՝ որպէս վիրաւոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխւում ենք ինտենսիւ թերապիայի բաժանմունք: Անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժուար է լինելու ակնկալել յաջողութիւններ»:

Արցախի նպատակներն այս տարի էլ անփոփոխ են՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորում, բարեկամ երկրների հետ երկկողմ յարաբերութիւնների զարգացում, Հայաստանի և Սփիւռքի հետ կապերի ամրապնդում։

 

jam-news.net

Leave a Comment

You must be logged in to post a comment.