Արցախը դիմադրեց 44 օր․ Ուղիղ չորս տարի առաջ Արցախում պատերազմ էր
2020 թուականի Սեպտեմբերի 27-ի պատերազմը փոխեց ուժերի դասաւորուածութիւնը տարածաշրջանում։ 44 օր տեւած պատերազմը սկիզբն էր Արցախի՝ արդէն իսկ կանխորոշուած, կորստի։ Սակայն Արցախը պայքարում էր, դիմադրում։ Արցախի բանակը փաստացի մենակ էր թուրք-ատրպէյճանական բազմահազարանոց բանակի դէմ, նոր սպառազինութեամբ եւ վարձկաններով զինուած թուրք-ահաբեկիչների դէմ։ Հայաստանը ռազմական դրութիւն յայտարարեց, զօրահաւաք էր, Արցախում՝ ռազմադաշտը թէժ էր։
Յամառ պայքար, դիմադրութիւն, թշնամու անհաւասար ուժերի դէմ, Արցախի բանակը ճեղքուեց, թիկունքից դարպասները բացուած էր․․․ Հադրութը ընկաւ, ապա՝ Շուշին․․․
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով դադարեցուեց ռազմական գործողութիւններն Արցախում, Արցախի զգալի հատուածը բռնազաւթուեց։
Հինգ հազար զոհ, բազմաթիւ անյայտ կորած, գերեվարուած, տեղահանուած ժողովուրդ, 4 տարի անց՝ ատրպէյճանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։
Պատերազմի հետեւանքներն աղէտալի էին հայ ժողովրդի համար:
Հայկական կողմը կորցրեց Արցախի զգալի մասը։ Պայմանագրի ստորագրման գիշերը Ռուսաստանը մօտ 2 հազար խաղաղապահ եւ 470 միաւոր զինամթերք ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողութիւնների դադարեցման մասին պայմանաւորուածութիւնների պահպանման վերահսկողութեան համար ռուսական դիտակէտերը տեղակայուեցին Արցախի եւ Ատրպէյճանի սահմանի, ինչպէս նաեւ Հայաստանն ու Արցախը միացնող Բերձորի միջանցքի երկայնքով:
Տեղահանուած մի շարք արցախցիներ յետ վերադարձան՝ իրենց ապագան կապելով Արցախի հետ։ Սակայն, 2023-ի պատերազմը վկայեց, որ խաղաղապահների ներկայութիւնն անգամ յետ չի պահում Ատրպէյճանին իր բռնազաւթման քաղաքականութիւնից՝ 2023-ին ունեցանք ամբողջական Արցախի հայաթափում, նոր ցեղասպանութիւն եւ գաղթ։
Առայսօր տարբեր գնահատականներ են հնչում 44-օրեայ պատերազմի շուրջ, սակայն դէպքերի ընթացքն, ականատեսների վկայութիւններն ու իրողութիւնները յուշում են, որ ամէն ինչ կանխորոշուած էր, պայմանաւորուած, միայն մեր զինուորների յամառ պայքարի ու հերոսութեան շնորհիւ՝ Արցախը դիմադրեց 44 օր։
Յաւերժ փառք մեր հերոսներին։
Comments are closed.