Արցախեան Շարժումը անցեալում աւարտուած իրողութիւն չէ. Արցախի թեմ
- (0)

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի յայտարարութիւնը
Սիրելի՛ հաւատաւոր զաւակներ։
37 տարի առաջ՝ Փետրուարին, սկիզբ դրուեց հայոց նորագոյն պատմութեան փառայեղ էջերից մէկին՝ Արցախեան շարժմանը։
Ժողովրդական կամքի եւ տոկունութեան, պայքարի ոգու եւ անձնուիրումի բացառիկ դրսեւորում էր Արցախեան շարժումը։ Յիրաւի, հերոսական էր Խորհրդային պետութեան ամբողջատիրական համակարգում, այն պետութեան, որը, անտեսելով արցախահայութեան կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականօրէն ստեղծուած ատրպէյճանական պետութեան կազմում, իր ձայնը բարձրացնել եւ ազգովին զինուորագրուել՝ յանուն բաղձալի ազատութեան, արդարութեան եւ Մայր Հայրենիքին վերամիաւորուելու երազանքի իրականացման։ Արդիւնքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականութեան ստեղծումը եւ մաքառումների գնով դրա պահպանումն ու զօրացումը։
Արցախեան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախութեան ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակութեան, նաեւ իր կարեւոր տեղն ունի հայի հոգեւոր արժէքների հարթութիւնում։ «Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի յաջողութեանը շատ քչերն էին աշխարհում հաւատում, եւ որը պատանի Դաւիթի եւ հսկայ Գողիաթի պայքար էր յիշեցնում, հայութեան՝ Աստծոյ հանդէպ խորը հաւատքի եւ այդ հաւատքից բխած արդարութեան ծարաւի արտայայտումն է։ Հենց այս իրադարձութիւնները խթան հանդիսացան, որ 1989 թուականին Վազգէն Ա. հայոց երջանկայիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։
Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգեւորի ու ազգայինի անկումի, պարտութեան, Արցախի տարածքային կորստի ու հայութեան բռնագաղթի դառնութիւնը։ Միեւնոյն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգեւոր ու ազգային վերազարթօնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհութեան զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։
Հաւաքական զոհողութեան պատրաստակամութիւնը եւ այդ զոհողութեան պտուղներին հաւատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացաւ Արցախի անկախութեան ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հաւաքական խնդիրների լուծումը պէտք է մեր ներսում փնտռենք։ Մեր ժողովուրդն արդէն ապացուցել է, որ ունակ է քաջագործութեան յղացքի, եւ այսօրեական դժուարութիւնները չպէտք է կոտրեն մեր մէջ ամենակարեւորը՝ հաւատն Աստծոյ արդարութեան զօրութեան ու մեր ուժերի հանդէպ։ Եղէք վստահ, որ Տիրոջ օգնութիւնը չի ուշանայ, ինչպէս չուշացաւ սրանից տասնամեակներ առաջ, եթէ մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միաւորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչեւ քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչեւ զինուորական, մշակից մինչեւ մտաւորական։ Հոգեւոր արժէքների շուրջ միաւորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, եւ է այսօր, եւ լինելու է վաղը։
Այսօր մեզ մնում է ապրել եւ գործել դէպի Արցախ հաւաքական վերդարձի հաւատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղօթելու, որ գալիքն աւետաբեր լինի, եւ որ Քրիստոսով յաղթական վերադարձ ունենանք հայրենեաց երկիր։ Եւ չպէտք է մոռանալ, որ թշնամական գերութեան մէջ են գտնւում Արցախի պետական այրերը՝ անկախութեան խորհուրդն իրենց մէջ կրող անձերը, եւ որ այդ նոյն սպասումով բոլորս պարտաւոր ենք ջանալ նրանց ազատութեան եւ վերադարձի համար։
Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց եւս Արցախեան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցութեան մէջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տուող մղիչ ուժ, որպէսզի մենք՝ որպէս սերունդ, արժանի լինենք կրկին փարուելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբութիւններին ու հայրերի աւանդեալ արժէքներին։