Արթուր Խաչատրեան. Ժողովուրդին անգամ մը եւս մոլորեցնելը չի ստացուի
- (0)

Ստորեւ կը ներկայցնենլ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի Ազգային ժողովի մէջ հնչած ելոյթը՝ կառավարութեան 2021-2026 թուականներու ծրագրի 2025–ի կատարողականի քննարկման ժամանակ։
«Սիրելի հայրենակիցներ,
Կառավարութիւնն այս տարի էլ օրիգինալ չգտնուեց, որեւէ կերպ իրեն նեղութիւն չտուեց բացատրելու, թէ վերջիվերջոյ ի՞նչ ծրագիր է իրականացրել, որովհետեւ այս գրքոյկի ու այս գրքոյկի միջեւ որեւէ կապ չկայ։ Սակայն, Նիկոլ Փաշինեանը վերջապէս խոստովանեց, որ որեւէ կապ չկայ իրենց նախընտրական խոստումների ու կառավարութեան ծրագրի միջեւ։ Այսինքն, խոստացել են մի բան, բայց արել են մի այլ բան։ Կոպիտ ասած՝ խաբել են։ Իսկ ո՞վ է այս խաբեութեան մեղաւորը։ Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ ժողովուրդը։ Բառացի մէջբերում եմ․ «Եկէք ի վերջոյ խոստովանենք, որ 2021 թուականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսեւդոդաշնակցական ծրագիր, եւ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մօտ։ Ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել եւ մեզ պարտադրել է ուրիշ օրակարգ»։ Ներեցէք, դա ինչպէ՞ս, էդ ո՞նց։ Այդ նոր օրակարգն ինչպէ՞ս, ու՞մ կողմից եւ ե՞րբ ձեւաւորուեց ու ձեւակերպուեց, ու յանձնարարուեց, որ սա դնէք մի կողմ ու…ու անէք ի՞նչ։ Որովհետեւ, սա էլ սրա հետ ոչ մի առնչութիւն չունի։
Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպէս տուել են 5 տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ դրանք չի կատարել ու չի կատարել…. որովհետեւ դուք չէք ուզել, այլ բան էք ուզել, դուք էք մեղաւոր բոլոր ձախողումների ու չիրականացուած խոստումների համար։ Այս ամէնից յետոյ, իմ մեղաւոր ժողովուրդ, էլի՞ էք պատրաստւում քուէարկել Նիկոլ Փաշինեանի օգտին։ Վստահ եմ, որ ոչ։
Սիրելի հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինեանն ու իր քաղաքական թիմն այսօր Հայաստանում ու նրա շուրջ ստեղծուած իրավիճակը համարում են խա-ղա-ղու-թիւն։ Դրա միակ հիմնաւորումն այն է, որ սահմաններին զոհեր չունենք։ Հարիւրամեայ պատերազմի օրերին էլ անգլիացիներն ու ֆրանսացիներն ամէն օր չէին կռւում։ Պատերազմի ժամանակ էլ կան «հանդարտ» տարիներ, երբ չկան մարտական գործողութիւններ։ Պատերազմն աւարտւում է, երբ հանգուցալուծւում է պատերազմը ծնած խնդիրը։
Սիրելի հայրենակիցներ,
պէտք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղութիւն չի, որպէսզի ձգտենք իրական խաղաղութեան։ Խաղաղութեան, որը կ’ապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանութիւնը, խաղաղութեան, որը կը վերացնի ցեղասպանութեան հետեւանքները, աւելի պարզ՝ կ’ապահովի էթնիկ զտման ենթարկուած արցախցիների հաւաքական ու անվտանգ վերադարձի իրաւունքի ապահովումը։ Սիրելի հայրենակիցներ, մենք դէմ ենք ոչ թէ խաղաղութեանը, ինչպէս փորձում է ներկայացնել իշխանութիւնների գեբելսեան քարոզչութիւնը, այլ դէմ ենք Նիկոլ Փաշինեանին ու նրա վարած քաղաքականութեանը հենց այն պատճառով, որ նա ունակ չէ խաղաղութիւն հաստատել․․․
Սակայն, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմն այս խախուտ հրադադարը համարում են խաղաղութիւն ու դեռ փորձում են բացատրել, թէ ինչպէս եկան այս «խաղաղութեան»։ Նա ինքն իրեն հարց է տալիս, թէ ի՞նչ գնով «խաղաղութիւն» հաստատուեց։ Ու պատասխանում է. «Զոհերի ու զոհողութիւնների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով»։ Պարոն Փաշինեան, Մովսէսը չէք, Դուք ժողովրդին դէպի աւետեաց երկիր չառաջնորդեցիք, Դուք ժողովրդին տարաք դէպի դժոխք, Դուք կործանեցիք Արցախի Հանրապետութիւնը, Դուք կործանեցիք Հայաստանի 3-րդ Հանրապետութիւնը, Դուք հազարաւոր ընտանիքների դժբախտացրեցիք։ Դուք Իւան Սուսանինն էք, այն տարբերութեամբ, որ Ձեր զոհը ոչ թէ զաւթիչներն էին, այլ սեփական ժողովուրդը։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի դէմ «անյայտ» երկրի կողմից վարուող հիբրիդային պատերազմի դէմ բողոքող Նիկոլ Փաշինեանը այս տարուայ մարտի 11-ին Եւրախորհրդարանում յայտարարում է․ «1991 թուականին Հայաստանն ու Ատրպէյճանը անկախացել են այն նոյն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրուեց Խորհրդային Միութեան գոյութեան աւարտը։» Բայց հիմա ես չեմ ուզում անդրադառնալ Նիկոլ Փաշինեանի պատմական գիտելիքներին կամ պատմական ճշմարտութիւնները հերքելու, պատմութիւնն աղճատելու նրա սովորութեանը։ Ես ուզում եմ խօսել Նիկոլ Փաշինեանի քաղաքական հաւատամքի, արժէքային համակարգի մասին։ Նիկոլ Փաշինեանը փաստօրէն յայտարարում է, որ Հայաստանն անկախութիւն ստացաւ, երբ ստորագրեց Ալմա Աթայի հռչակագիրը՝ հռչակելով, որ միանում է Ռուսաստանի նախաձեռնութեամբ ստեղծուած Անկախ Պետութիւնների Համագործակցութեանը։ Այսինքն, եթէ Հայաստանը Լիտուայի նման չմիանար ԱՊՀ-ին՝ անկախ չէ՞ր լինի, կամ եթէ Վրաստանի նման դուրս գայ ԱՊՀ-ից՝ կը կորցնէ՞ր իր անկախութիւնը։ Եւ ահա մի մարդ, ով համոզուած է, որ Հայաստանն անկախացաւ ոչ թէ ազգային ազատագրական պայքարի, ոչ թէ հանրաքուէի միջոցով ինքնորոշման իրաւունքի իրացման արդիւնքում, այլ միայն ու միայն ԱՊՀ-ին միանալու արդիւնքում մեզ այս ամպիոնից սովորեցնում է, թէ ինչ է անկախութիւնը, ինչ է պետականութիւնը։ Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կայ․․․
Նիկոլ Փաշինեանը երկու օր առաջ, այս ամպիոնից դարձեալ հանրութեանը վախեցրեց, թէ եթէ ընդդիմութիւնը գայ իշխանութեան կը լինի պատերազմ։ Ու գիտէ՞ք ինչպէս դա հիմնաւորեց։ Այ եթէ ուզենաք վերաբանակցել, կը լինի պատերազմ։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինեանի, միջազգային յարաբերութիւններում չեն կարող լինել փոխզիջումային լուծումներ, լուծումներ, որոնք հակամարտութեան բոլոր կողմերին բաւարարեն։ Հենց հակամարտութեան կողմերից մէկն անհամաձայնութիւն յայտնի, կը լինի պատերազմ։ Միայն մէկ դէպքում է անհամաձայնութիւնը բերում պատերազմին։ Դա անվերապահ կապիտուլիացիայի պահանջն է։ ՔՊ-ն երկիրը կանգնացրել է կապիտուլիացիայի պահանջի առաջ եւ դա ներկայացնում է որպէս խաղաղութիւն։
Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն ընտրութիւններում որպէս յաղթաթուղթ է օգտագործելու։ «Ես չլինեմ, չի լինի Հայաստանը»։ Ճիշտ նոյն մօտեցումն է, ինչ 2018-ին. «Ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենայ»։ Ու մենք դառնում ենք Նիկոլ Փաշինեանի գերին։ Նիկոլ Փաշինեանը չլինի, Ալիեւը կռիւ կը սկսի։ Ու դեռ զայրանում են, որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինեանն Ալիեւի սրտի վարչապետն է․․․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իր ելոյթում Նիկոլ Փաշինեանը նշեց, թէ TRIPP նախագծի իրագործումը, Հայաստանը վերջնականօրէն դուրս կը բերի շուրջ 34-ամեայ շրջափակումից։ Ինչպէս օգոստոսի 9-ից սկսած եմ ասել, հիմա էլ եմ ասում․ որպէսզի Հայաստանն ապաշրջափակուի պէտք է գործեն Սադարակ – Երասխ, Իջեւան – Ղազախ, Գիւմրի – Կարս երկաթուղիները։ Այլապէս՝ ատրպէյճանցիները կը ստանան միջանցք, իսկ Հայաստանը, որպէս «փոխադարձ առաւելութիւն», ընդամէնը սահմանափակ տրանզիտի հնարաւորութիւն։
Նիկոլ Փաշինեանը սա հրաշալի է հասկանում եւ դրա համար է ուռճացնում Ատրպէյճանից գնուած եւ Վրաստանով Հայաստան ներմուծուած մի բաժակ բենզինի նշանակութիւնը։ Աւելին, նա մի քանի անգամ պնդել է, թէ Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները ոչ միայն արտաքին ճակատի վրայ են խաղաղութիւն բերել, այլեւ բարելաւել են մեր ներքին կեանքը, օգնել լուծել տարիներով կուտակուած, բայց լուծում չստացած խնդիրները։ Փաշինեանը երկու օր առաջ յայտարարեց, թէ իբր ատրպէյճանական նաւթամթերքի ներկրումն ի վերջոյ այն վերջին գործօնն էր, որի արդիւնքում իշխանութիւններն աւարտեցին նաւթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան։ Նոյն ընկերութիւնները, նոյն մասնաբաժինները շուկայում… բա էլ ի՞նչ մենաշնորհներ։ Հորմուզի նեղուցը փակուեց առաւելագոյնը մէկ ամիս առաջ, «ատրպէյճանական» բենզինի վերջին խմբաքանակն, ըստ հրապարակուած տեղեկութիւնների, Հայաստան է մտել յունուարի 8-ին։ 1000 տոննա AI 92, 1800 տոննա AI 95 եւ 1000 տոննա դիզ վառելիք։ Հօ՞ այնքան էժան բենզին չէին բերել, որ մինչեւ հիմա սպառւում է ու սպառւում, բայց դեռ չի սպառուել վերջացել։ Սա ի՞նչ հեքիաթներ են։ Հայաստանի բենզինի տարեկան պահանջը մօտ 200,000 տոննա է։ Ներմուծուած բենզինը, նախորդ տարուայ դեկտեմբերն էլ հաշուած, կրկնում եմ, մի բաժակ ջուր է ընդհանուրի հետ համեմատած։ Այնպէս որ հա՜յ մոնոպոլիա, հա՜յ մաֆիա, հա՜յ մարդ, հա՜յ աշխարհ, հա՜յ հեռախօս..․ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանն ուռճացնում բենզինի եւ ընդհանրապէս ատրպէյճանական գործօնի նշանակութիւնը ներքին կեանքի բարելաւման հարցում։ Չեմ բացառում, որ վաղն ասեն․ «Ատրպէյճանցիներն օգնեցին յաղթելու հայկական ու միջազգային մաֆիային, ատրպէյճանցի ոստիկաններն էլ կարող են օգնել պայքարել Հայաստանում կատարուող յանցագործութիւնների դէմ»։ Ու մի գուցէ Հայաստանում տեսնենք ատրպէյճանցի ոստիկանների։ Ճիշդ է, չեն ասել ումից, բայց ասել են, որ Ատրպէյճանն է Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը, այնպէս որ չզարմանաք, որ վաղն էլ ասեն, թէ Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու համար մեր երկրում պէտք է ատրպէյճանցի զինուորներ տեղակայուեն․․․
Չի լինելու։ 2018-ին մարդկանց մոլորեցրեցիք, 2021-ին մոլորեցրեցիք, 2026-ին էլ չի ստացուի․․․