Ատրպէյճանի հետ բանակցութիւնների առարկայ փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտուող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է

Երեք տարի է Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ատրպէյճանի հետ բանակցում է խաղաղութեան պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարեւոր սկզբունքների հիման վրայ, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.

1) Ատրպէյճանը պէտք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականութիւնը 29.800 ք/քլմ,

2) տարածաշրջանի կոմունիկացիաները պէտք է բացուեն` չսահմանափակելով երկրների սուվերենութիւնը եւ իրաւազօրութիւնը,

3) պէտք է ձեւաւորուեն պայմանագրի իրագործումը երաշխաւորող միջազգային մեխանիզմներ։

Ի պատասխան` Ալիեւը երէկ յստակ յայտարարել է.

1) Ատրպէյճանի զօրքերը որեւէ յետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ Նոյեմբերի 9-ից յետոյ,

2) միջանցք պէտք է լինի, այն պէտք է անցնի Մեղրիով եւ Ատրպէյճանից Ատրպէյճան մարդիկ եւ բեռները պէտք է անցնեն առանց ստուգման,

3) Ատրպէյճանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։

Աւելին` Ալիեւը նաեւ յայտարարել է, որ դէմ է 1970 թ. քարտէզների հիմքով դելիմիտացիա սկսելուն եւ պահանջում է ՀՀ տարածքում գտնուող 8 գիւղերը։

Փաստացի սա Պաքուի բռնապետի պաշտօնական հրապարակային պատասխանն է մեր պետութեան կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինեանին։

Սա Պաքուի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետութիւնը փրկենք։

Սա Պաքուի բռնապետի պատասխանն է միջազգային հանրութեանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղութեան» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։

Իրականում գործընթացի այս փուլում Ատրպէյճանը ցանկանում է․

ա) լիգիտիմացնել եւ անշրջելի դարձնել իր մինչեւ օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազաւթման եւ ՀՀ տարածքների բռնագրաւման մասով,

բ) որեւէ պարտաւորութիւն չստանձնելով` չսահմանափակել իր հետագայ գործողութիւնները։

Այս պարագայում Ատրպէյճանի հետ «խաղաղութիւն» բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է․

1․ պաշտօնապես ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մէջ է գտնուել Ատրպէյճանի հետ,

2․ լեգիտիմացնել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ Ատրպէյճանի ձեռքբերումները,

3․ ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան հնարաւորութիւնները։

Փաստն այն է, որ Ատրպէյճանի հետ բանակցութիւնների առարկայ փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտուող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակութեանը ներկայացւում է իբրեւ խաղաղութեան պայմանագիր:

Ստեղծուած իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրաւէրները յաղթահարելու, իրական խաղաղութեան հասնելու մի ճանապարհ կայ՝ ազատուել այս ոչ հայկական կառավարութիւնից, ձեւաւորել ազգային իշխանութիւն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետութիւն, որն ի վիճակի կը լինի յաղթահարել ներքին եւ արտաքին մարտահրաւէրները:

Իշխան Սաղաթէլեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Comments are closed.