Ատրպէյճանի կեղծիքներին հակադարձող չկայ. ICOMOS Հայաստանի գործադիր տնօրէն Գագիկ Գիւրջեան
Ատրպէյճանը շարունակում է ոչնչացնել իր կողմից ամբողջովին բռնագրաւուած Արցախի Հանրապետութեան պատմամշակութային յուշարձանները։ Արցախը բռնագրաւելուց յետոյ Ատրպէյճանը սկսեց հայկական յուշարձանները ներկայացնել՝ որպէս աղուանական կամ ալպանական։
Վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» լրատուամիջոցը, հետեւելով ատրպէյճանական քարոզչութեանը, յօդուած էր հրապարակել, որտեղ նշւում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ատրպէյճանը՝ որպէս ալպանական եկեղեցու ծննդավայր:
Յօդուածը վերնագրուած է «Դէպի քրիստոնէութեան աղբիւրները՝ Ատրպէյճանի Ալպանական առաքելական եկեղեցու հետքերով։ Ճամբորդութիւն Կովկասի հին Ալպանիայում»։
168.am-ի հետ զրոյցում ԻԿՕՄՈՍ (ICOMOS – The International Council on Monuments and Sites) Հայաստանի (Յուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտէի) գործադիր տնօրէն Գագիկ Գիւրջեանն ասաց, որ այս թեմայի վերաբերեալ վերջերս քննարկում են անցկացրել եւ մէկ անգամ եւս համոզուել են, որ այդ ամէնն Ատրպէյճանի ակտիւ աշխատանքի արդիւնքն է։
«Այսինքն՝ կարելի է այսօրուայ աշխարհում ակտիւօրէն կեղծ նիւթեր հրատարակել, ամէն ինչ անել, յատկապէս, երբ տեսնում են, որ իրենց ընդդիմացող ու հակադարձող չկայ։
Ինքս բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ Հայաստանը պատմամշակութային ժառանգութեան ոլորտում չունի պետական արդիւնաւէտ կառավարման մարմին։ Սա ԿԳՄՍ նախարարութեան համակարգում է, եւ այս կառուցուածքով նա ուղղակի չի կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ անկախ մարմին՝ ոչ միայն յուշարձանների պարագայում, այլեւ նիւթական եւ ոչ նիւթական ժառանգութեան ոլորտի պահպանութեան համար։ Այդ մարմինը պէտք է օժտուած լինի համապատասխան լծակներով, կահաւորուած լինի համապատասխան սարքաւորումներով, նաեւ համապատասխան մասնագէտներով», նշեց Գագիկ Գիւրջեանը։
Մեր զրուցակցի խօսքով՝ այսօր այս ոլորտում Հայաստանն ունի նաեւ մասնագէտների պատրաստման խնդիր։ Հետեւաբար՝ անհրաժեշտ է պատրաստել մասնագէտներ, այդ թւում՝ տեսաբաններ, որոնք կը կարողանան ընդդիմանալ, հակադարձել կեղծ հրապարակումներին ու պնդումներին։
Ի հարկէ, կան հասարակական կազմակերպութիւններ, որոնք այսօր միմեանցից անկախ գործում են, սակայն, Գագիկ Գիւրջեանի կարծիքով՝ այդ կազմակերպութիւնները մէկ թիրախի համար չեն աշխատում։
«Տուեալ ոլորտի հասարակական կազմակերպութիւնները պէտք է խփէին մէկ թիրախի, որպէսզի արդիւնքը տեսանելի լինէր, ոչ թէ աշխատէին տարբեր թիրախների ուղղութեամբ։ Ուստի, եթէ վերը նշած մարմինը ստեղծուի, ապա այս աշխատանքները կը կարողանայ համակարգել։
Մենք դրսում էլ ունենք հասարակական կազմակերպութիւններ, որոնք նկարահանումներ են անում տիեզերքից, նիւթեր ձեռք բերում, հակադարձումներ անում, յօդուածներ տպագրում, բայց դրանք չեն համակարգւում, ինչի անհրաժեշտութիւնը կայ՝ յատկապէս հիմա։
Եւ այդ ամէնը պէտք է արուի պաշտօնական կառավարման համակարգով, պէտք է լինի մարմին, որը նաեւ Կառավարութեանը կը ստիպի, որպէսզի համապատասխան արձագանգներ տայ։ Հիմա, քանի որ այդ հակադարձումները չկան, ով ինչ ցանկանում՝ այն էլ անում է։ Ցաւով եմ ասում, որ ոլորտում համակարգուած աշխատանքը բացակայում է», եզրափակեց Գագիկ Գիւրջեանը։
Comments are closed.