Պատմութիւնը Կրկնւում Է

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Անքննելի ճշմարտութիւն էր թւում այն բանաձումը, թէ` «Պատմութիւնը չի կրկնւում»: Ոչ հեռաւոր անցեալում անհնար էր երեւակայելը, որ թուրքական հայաջինջ աքցանը կրկին իր մէջ կ՛առնի հայոց հայրենիքը` նորօրեայ սերունդների մօտ արթնացնելով պետականութիւնն ու ինքնիշխանութիւնը կորցնելու զգացողութիւնը: Արցախեան շարժման եւ Հայաստանի անկախացման շրջանում Հայաստանում իշխանութեան եկաւ քաղաքական այն հոսանքը, որը վերաքննութեան հարց դարձրեց Հայոց ցեղասպանութեան պատճառահետեւանքային կապերը` մեղաւորութեան մէկ բաժինը բարդելով ժամանակի իշխող հայ քաղաքական ուժի, ազգային ազատագրական պայքարի, կամաւորական շարժման եւ ներհայկական այլ գործօնների վրայ: Ժամանակակից Թուրքիան ներկայացւում էր միանգամայն փոխուած` եւրոպական արժէքներով եւ ձգտումներով ապրող պետութիւն: Սրանից էլ հետեւութիւն էր արւում վերանայել իրողութիւնների ու հարեւան պետութեան նկատմամբ աւանդական մօտեցումները, պատմական խնդիրներից զատուել եւ նոր, բարիդրացիական, փոխշահաւէտ փոխյարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ` ելնելով այն սկզբունքից, որ չկան մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր:

Տեղի ունեցան կիսահրապարակային կամ չհրապարակուող հանդիպումներ բարձր մակարդակի տարբեր պաշտօնեաների միջեւ, եւ եթէ հաշտութեան հասնելու նորանկախութեան ակունքներում կանգնած ուժի երազանքները չիրականացան, պատճառն այն էր, որ պատմական բնոյթի նախապայմաններից հրաժարուելու հայկական կողմի պատրաստակամութեան դիմաց դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար թուրքական կողմը առաջադրում էր իր յստակ նախապայմանները` հրաժարուել Ցեղասպանութեան հարցից եւ միջազգային ասպարէզում դրա հետապնդումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը (նոյնն է թէ` հայ-թուրքական առկայ սահմանը), հրաժարուել արցախեան պահանջատիրութիւնից: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի պատմութեան վերանայման, վերջինիս առնչուող հասարակական, մշակութային, գիտակրթական, քարոզչական նախաձեռնութիւններից հրաժարման փորձերը, ըստ էութեան, թուրքական նախապայմանների կատարմանն ուղղուած քայլեր էին: Ի հարկէ սրանց թւում օրախնդիրը արցախեան հարցն էր, որի ուղղութեամբ աւելի ու աւելի որոշակիօրէն էր Հայաստանի ղեկավարութիւնը առաջ քաշում «ամէն գնով Ազրպէյճանի հետ խաղաղութեան հասնելու» թեզը: Այն օրերի խորհրդահայ սերունդները, որոնք օժտուած էին մեծ հայրենասիրութեամբ եւ ազգային ոգով, ունէին կրթական բարձր ցենզ եւ արժանապատուութեան զգացում,  չհանդուրժեցին ազգային շարժմանը եւ նպատակներին դաւաճանած իշխանութեան գոյութիւնը: Յաջորդող երկու իշխանութիւնների օրօք շարունակուեցին հայ-թուրքական հաշտութեանն ուղղուած փորձերը, ինչն ակնյայտօրէն Արեւմուտքի ճնշման հետեւանք էր: Այստեղ Արեւմուտքի եւ թուրք-ազրպէյճանական դաշինքի շահերը համընկնում էին մէկ գլխաւոր հարցում` հայ-թուրքազրպէյճանական հաշտութեան եւ սահմանների բացման պարագայում անիմաստ էր դառնում հայ-թուրքական սահմանի վերահսկողութիւնը ռուսական զինուած ուժերի կողմից, իսկ հայկական կղզեակը մնացել էր Անդրկովկասում ռուսական ուժի վերջին խարիսխը: Նախագահ Քոչարեանի օրօք հայ-թուրքական հաշտութեան բանակցութիւնները կրում էին ձեւական բնոյթ, նախագահ Սարգսեանը փորձեց այդ բանակցութիւնները հասցնել հայկական կողմի համար ոչ վնասակար հանգուցալուծման, սակայն զգալով գործընթացի ողջ վտանգաւորութիւնը,  նախաձեռնեց քայլեր, որոնք անիմաստ դարձրեցին բանակցութիւնների շարունակումը: Ի հարկէ այս հարցում մեծ դեր խաղաց ազգային ընդդիմութեան ծաւալած համազգային ընդդիմադիր ալիքը, որից էլ օգտուեց իշխանութիւնը: Արտաքին քաղաքականութեան եւ Արցախի հարցում յարաբերականօրէն բարենպաստ 20 տարիների ընթացքում թուրք-արեւմտեան դաշինքը հայոց ամրացող բերդը ներսից քանդելու ծրագիր իրականացրեց` այստեղ աճեցնելով իր հինգերորդ շարասիւնը: Ոչ պատահականօրէն այդ շարասիւնը գլխաւորեց նա, որ քաղաքականապէս ձեւաւորուել էր ՀՀՇ-ի խանձարուրում եւ ոչ մէկ անգամ հրապարակայնօրէն արտայայտել էր Արցախի հայկականութեան, արցախցիների, հայ ժողովրդի անցեալի, հայ ժողովրդի նախորդող սերունդների նկատմամբ իր արգահատանքն ու մերժողական վերաբերմունքը: Վերջինիս առաջնորդութեամբ այս ուժի իշխանութեան գալու առաջին օրերից դրսեւորուեց քաղաքականութեան արմատական փոփոխութիւնը` վերադարձը ՀՀՇ-ական իշխանութեան որդեգրած հակաարցախ եւ թրքամէտ վարդապետութեանը: Վախի, քաղաքական շփոթի շրջապտոյտում ամբոխի վերածուած զանգուածները ողջ այս ընթացքում սնուցւում են երկու հիմնական եւ կեղծ թեզերով` «այսօրուայ բոլոր պարտութիւնների ու ձախողութիւնների պատճառը նախկիններն են» եւ «մենք խաղաղութիւն ենք բերում, եթէ չլինենք մենք, գալու են նախկինները, ովքեր կը բերեն նոր պատերազմ»:

Իրականում լկտիացած թշնամու նախայարձակ քաղաքականութեան նկատմամբ հայկական կողմի դիմադրութեան ի սպառ բացակայութիւնը աւելի ու աւելի է սրում Ազրպէյճանի նորանոր ռազմական եւ այլ սադրանքների, առաջխաղացումների, հնարաւոր լայնածաւալ բախումների հաւանականութիւնը:

168.am կայքէջի սոյն թուականի ապրիլի 11-ի թողարկման մէջ խօսւում է ամերիկեան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագէտների ուսումնասիրութեան մասին, ըստ որի, Ազրպէյճանը Հայաստանի սահմաններին ռազմական լայնածաւալ գործողութիւնների չի գնայ, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով: «Քանի դեռ բանակցութիւնները կանգ են առել, աւելի հաւանական է, որ Ազրպէյճանը կը դիմի հրադադարի փոքր ծաւալի խախտումների` Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահաւէտ դիրքեր գրաւելու կամ հայ-ազրպէյճանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողութիւններ կատարելու համար», նշուել է զեկոյցում: Այնուհետեւ ասւում է. «Ամէն անգամ, երբ ազրպէյճանական ուժերն առաջընթաց են ունենում, դա բարելաւում է նրանց մարտավարական դիրքերը, նոյնիսկ եթէ տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մեթր է: Այդ խուսանաւումները նաեւ մեծացնում են Ազրպէյճանի կառավարութեան բանակցային հնարաւորութիւնները»: «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշել են, որ այդ ռազմավարութիւնը Ազրպէյճանին թոյլ է տալիս շարունակել ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը` առանց միջազգային հանրութեան կողմից դատապարտուելու, հաւանական է` նաեւ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգների: Ըստ վերլուծաբանների, չնայած` Հայաստանի իշխանութիւնները ջանքեր են գործադրում արտաքին ուժերի միջնորդութեամբ հասնելու գործընթացների եւ յարաբերութիւնների բարելաւման, Երեւանը հազիւ թէ կարողանայ ձեռք բերել մի այնպիսի արտաքին գործընկերութիւն, որը լրջօրէն կը խանգարի Ազրպէյճանին` հասնելու իր նպատակներին:

2020 թուականի խայտառակ պարտութիւնից եւ դրանից յետոյ չդադարող Ազրպէյճանի նուաճողական քաղաքականութեան պայմաններում Հայաստանի իշխանութիւնները ոչինչ չեն ձեռնարկում բանակի հզօրացման, սահմանների ամրապնդման ուղղութեամբ: Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր ստախօսութիւնը աննախադէպ ռազմական ծախսերի, ռազմական սարքերի ձեռքբերումների մասին, բայց ակնառու փաստ է, որ հայկական ռազմական ուժը, մեղմ ասած, գտնւում է հակառակորդի նկատմամբ միանգամայն անպատրաստ վիճակում: Ասուածի ապացոյցը այն նահանջներն ու կորուստներն են, որ մենք ունեցել ենք 2020 թուականից այս կողմ, ինչի մասին խօսում են նաեւ «Ստարտֆոր»-ի վերլուծաբանները: Իր անվերջանալի հռետորաբանութեան ընթացքում երկրի վայ ղեկավարը մեղադրում է բոլորին (նախկին իշխանութիւններից սկսած` մինչեւ ներկայ ընդդիմութիւն, զինուորականութիւն, անվտանգութեան համակարգ, մինչեւ Ռուսաստան եւ այլն), իսկ ինքը եւ երկրի միւս բարձրագոյն պաշտօնեաները խօսում են Ազրպէյճանի յարձակողապաշտութիւնը զսպելու հարցում միմիայն արտաքին ուժերի միջամտութեան, նրանց կողմից Հայաստանի սահմանները պաշտպանելու մասին, եւ երբեք չի ասւում, թէ մենք կ՛ուժեղացնենք մեր բանակը եւ կը կարողանանք ինքներս մեզ պաշտպանել: Այնինչ աշխարհում այդպիսի բան չի եղել եւ չի լինի, երբ որեւէ երկրի իշխանութիւն երկրի անվտանգութիւնն ապահովելու իր թիւ մէկ պարտականութիւնը չկատարի, եւ ուրիշները գան կռուեն նրա փոխարէն: Ի դէպ` այստեղ նաեւ բնականօրէն խնդիր է ծագում, թէ անկախ անցած ընտրութիւնների արդիւնքներից` կարելի՞ է իր անմիջական եւ գլխաւոր պարտականութիւնը չիրականացնող եւ այդ պարտականութեան կատարումը արտաքին ուժերից հայցող իշխանութեանը համարել օրինական: Իսկ եթէ նման իշխանութիւնը համարուի օրինական, այդ պարագայում հարց է դառնում, թէ որքանով կարելի է տուեալ երկիրը համարել ինքնիշխան: Այս ամօթալի ու խայտառակ քաղաքականութեան վկայութիւններից է սոյն թուականի մարտի 13-ին անցկացրած մամուլի ասուլիսում (մարտ ամսուայ «Առաջնորդող»-ում խոստացել էինք անդրադառնալ այս ասուլիսի եւ դրան նախորդող գերմանահայերի հետ հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած արտաքին քաղաքական եւ անվտանգային խնդիրներին) Փաշինեանը մի քանի անգամ կրկնում է, թէ Հայաստանում որեւէ ծրագիր իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկայ, եւ միեւնոյն ժամանակ ասում է, թէ` «Առաջնագծի կահաւորման հետ կապուած կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն, էդ խնդիրները կազմակերպչական են, էդ խնդիրները ինժեներական են…»

եւ այդպէս շարունակ: Այսինքն` այն վիճակը, երբ սահմանների անպաշտպան լինելու պատճառով թշնամին խախտելով մեր պետութեան սահմանները, սպաննելով մեր զինուորներին` գրաւում եւ սեփականում է Հայաստանի տարածքը, ըստ երկրի ղեկավարի,  կազմակերպչական հարցերի հետ է կապուած: Այստեղ էլ բնականօրէն ծնւում է այն հարցը, թէ  երկրի պաշտպանութեանն ուղղուած տարրական միջոցառումների չիրականացումը ինչպէ՛ս պէտք է բացատրել` անկարողութեամբ, թէ ինչ-ինչ պատճառներով այդ խնդիրների լուծումից հրաժարուելով: Նոյնն, ի դէպ, վերաբերում է նաեւ պարտութիւնից յետոյ զանազան պատճառաբանութիւններով բանակը չվերազինելու իրողութեանը: Պատերազմի պատճառով, ինչպէս եւ` առանց պատերազմի, հայկական տարածքների մէկ քառորդը զիջելուց յետոյ Հայաստանի ղեկավարը Արցախի իշխանութիւններին մղում է բանակցելու Ազրպէյճանի հետ` հրաշալի իմանալով, որ նման բանակցութիւններում Արցախը ինքնուրոյն չի կարող ինքնիշխանութեան հարց պաշտպանել:

Փաշինեան, ըստ էութեան, յանձնում է Արցախը` բանակցութիւնների արդիւնքում ամրագրուած Արցախի կարգավիճակի հարցից հրաժարուելով եւ, ի զարմանս նաեւ արտաքին ուժերի, միջազգային հարթակներում քննարկման հարց դարձնելով արցախցիների անվտանգութեան եւ մարդասիրական բնոյթի այլ խնդիրները,  բնականաբար` ազրպէյճանական գերիշխանութեան ներքոյ: Ի հարկէ երեսուն տարուց աւելի անկախ ապրած Արցախի հիմնահարցն այս մակարդակի իջեցնելը նշանակում է առհասարակ թաղել այն, քանի որ անգամ Փաշինեանի համար ակնյայտ է նման պարագայում Արցախի հայաթափման, եթէ ոչ ցեղասպանութեան հեռանկարը:

Վերջին օրերին Փաշինեանը նաեւ յայտարարում է, թէ` «Մենք պատրաստ ենք Հայաստան-Ազրպէյճան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զօրքերը հետ քաշել ապահով հեռաւորութեան վրայ»: Այսինքն սա էլ նշանակում է, որ վայ ղեկավարը պատրաստակամ է յանձնելու բոլոր անքլաւները եւ ի հարկէ ոչ մի բառ չկայ, թէ այդ ամէնի դիմաց հայկական կողմը պէտք է ստանայ ինչ-որ բան:

Նիկոլ Փաշինեանը յաճախ ասում է, որ Ազրպէյճանը չի պահպանում պայմանաւորուածութիւնները, խաղաղութիւն չի ուզում, որ` ինքը չգիտի, թէ մինչեւ ինչքան է Ազրպէյճանի ուզածը: Նաեւ բոլորից լաւ հէնց նա գիտի, որ Ազրպէյճանը խախտում է 2020 թուականին կնքած յայտարարութեան բոլոր կէտերը: Սրանով հանդերձ Փաշինեանը ցանկանում է հաւատացնել հայ ժողովրդին, որ խաղաղութեան պայմանագիր կնքելու դէպքում բոլոր խնդիրները վերջնականապէս կը լուծուեն: Ի դէպ, մի՞թէ 20 թուականի յայտարարութիւնը խաղաղութիւն հաստատելու համար չէր: Փաշինեանը հրաշալի գիտի, որ Ազրպէյճանը ցանկացածը ստանալուց յետոյ շարունակելու է առաջ գալ, ամէն օր Հայաստանի նախայարձակ գործողութիւնների մասին նոր սուտ յօրինելով, բայց քանի որ Հայաստանի ղեկավարի հիմնական խնդիր իր աթոռը պահպանելն է, եւ դրա դիմաց նա պատրաստ է երկրի տարածքների անվերջ զիջումների, ո՞վ չի ցանկանայ օգտուել պատմական այդպիսի հնարաւորութիւնից: Փաշինեանը քայլ-քայլ հրաժարւում է նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցութիւնից, ինչը նշանակում է, որ ոչ հեռաւոր ապագայում Հայաստան-Թուրքիա սահմանները դառնալու են անպաշտպան, կամ դրանք կը հսկեն խորհրդանշական թուով հայ զինուորներ: Ռուսաստանի հետ ռազմական համագործակցութիւնից Հայաստանի հրաժարուելու անհրաժեշտութեան մասին այսօր բացայայտօրէն խօսում են արեւմտեան դիւանագէտները` միաժամանակ բացառելով, որ իրենց ոեւէ մէկ զինուորը կը գայ Հայաստանը պաշտպանելու: Փաշինեանին յուզողն ի հարկէ ոչ թէ Հայաստանի, այլ իր պաշտպանութեան հարցն է: Կատարելով Արեւմուտքի թելադրանքը` նա կը ստանայ վերջինիս լոյալ վերաբերմունքը` ներքին բիրտ ու անօրինական քաղաքականութեան իրականացման հարցում: Աշխարհի անտարբեր աչքի առջեւ ներքին ճնշումներով պաշտպանելով աթոռը, Անդրկովկասից դուրս մղելով Փաշինեան-Ալիեւ-էրտողան դաշինքին խանգարող Ռուսաստանին,  Հայաստանի ղեկավարը կը կարողանայ երկարաձգել իր իշխանութիւնը` վերածուելով թուրք-ազրպէյճանական դաշինքին վաճառուած Հայաստանի մարզպանի: Եւ սա ո՛չ չափազանցութիւն է, ո՛չ հերիւրանք, այլ` մի ծրագիր, որը հէնց այժմ իրականացւում է:

Պատահական չէ, որ 2023 թուականի մարտի 3-ին Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինեանն ասում է. «Իմ կարծիքով հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանի պետութեանը սպառնում ա»: 2022 թ. հեռուստատեսային մի հարցազրոյցի ժամանակ Փաշինեանն ասում էր, թէ դրսում կասկածում են` արդեօ՞ք Հայաստանի պէս երկիրը կարող է անկախ պետութիւն լինել: 2023 թուականի ապրիլին, արդէն` Հայաստանի խորհրդարանում, Փաշինեանն ասում է. «Ոգեւորուած 2020 թուականին տարած յաղթանակով` Ալիեւը ցանկանում է Հայաստանից տարածքներ գրաւել, որքան կարելի է շատ, իսկ եթէ հնարաւոր լինի, նաեւ` ամբողջը»: Կարելի՞ է պատկերացնել որեւէ այլ երկիր, որի ղեկավարը նման արտայայտութիւններ է թոյլ տալիս իրեն եւ այն էլ ոչ թէ համազգային համախմբում առաջ բերելու, պետութեան պաշտպանութեան համար ամենաարտակարգ միջոցառումներին ձեռնամուխ լինելու համար, այլ` որպէս ի գիտութիւն: Այլ խօսքով, հայ ժողովուրդ, իմացի՛ր, որ այսպիսի բան էլ կարող է պատահել:

Ազգային մեծ ողբերգութեան ամսին հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ իրականացուող անհաւասարակշիռ ու արկածախնդրական խաղերը յուշում են, որ նման նոր ողբերգութիւնը մեզնից հեռու չէ, եւ ոչ թէ կործանումն է գալիս, այլ մենք ենք գնում նրան ընդառաջ: Խաղաղութեան այսօրուայ միակողմանի ձգտումները հայութեան տարբեր շրջանակների երազանքն են եղել 1915 թուականին, պետութեան ղեկին տիրացած պոլշեւիկների համար 1920-21 թուականներին, ինչպէս եւ 100 տարի անց` ՀՀՇ-ականների համար: Բոլոր այս ուժերի բարի ցանկութիւններին եւ զիջումներին թուրքական կողմերը պատասխանել են նոր ջարդերով, թալանով ու զաւթողականութեամբ:

Յիշենք, թէ ի՞նչ էր ասել Վեհիպ փաշան հայ պատուիրակներին 1918 թուականին տեղի ունեցած Պաթումիի բանակցութիւնների ժամանակ. «Դուք կը տեսնէք, որ ճակատագիրը կը քաշէ Թուրքիան արեւմուտքէն արեւելք: Մենք հեռացանք Պալքաններէն, կը հեռանանք նաեւ Ափրիկէէն, բայց մենք պէտք է տարածուինք դէպի արեւելք, հոն է մեր արիւնը, մեր կրօնը ու մեր լեզուն: Եւ ասիկա տարերային ձգողութիւն ունի, մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքիստան եւ Ազրպէյճան են: Մենք պէտք է ճամբայ ունենանք դէպի հոն: Եւ դուք` հայերդ, կանգնած էք մեր այդ ճամբուն վրայ:

«Պահանջելով Վանը` դուք կը փակէք մեր ճամբան դէպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզի իջնելու Կուրի հովիտը եւ երթալու Պաքու: Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դէպի Ղազախ ու Գանձակ: Դուք պէտք է մէկ կողմ քաշուիք եւ մեզի ճամբայ տաք: Ահա թէ ո՛ւր է մեր հիմնական վէճը: Մեզի պէտք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարաւորութիւն տան մեր բանակներուն առաջ շարժելու եւ պաշտպանուելու: Մէկ ճամբան Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ կը տանի դէպի Գանձակ, միւսը կ՛երթայ Շարուր-նախիջեւան Զանգեզուրով Կուրի հովիտը: Դուք կարող էք մնալ անոնց մէջտեղը, այսինքն` Նոր-պայազիտի (այժմ` Կամօ) եւ Էջմիածնի շուրջը»:

Չգիտի՞, չի՞ ենթադրում Փաշինեանը, որ բոլորովին տարբեր են մեր եւ թուրքական երկու պետութիւնների պատկերացումները խաղաղութեան մասին: Վստահ եմ, որ դրանք իր եւ իր խմբակիցների համար ակնառու են դառնում հայ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող բանակցութիւնների ժամանակ: Ակնառու է, որ Զանգեզուրի թուրանական միջանցքով Ազրպէյճանից աւելի շահագրգռուած է Թուրքիան, որը որոշ պահից սկսած հրաժարուեց այդ հարցը հրապարակայնօրէն արծարծելուց, որպէսզի չցուցադրի ի շահ փանթուրքիստական ծրագրերի ինքնիշխան երկրի տարածքի նկատմամբ անօրինական յաւակնութիւնները: Կասկած չկայ, սակայն, որ այս եւ ուրիշ հարցեր թուրքերը բանակցութիւնների սեղան են բերում Հայաստանի պարտուողական իշխանութեան ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումների ժամանակ:

Եթէ ՀՀՇ-ի ժամանակներում դեռ կարելի էր տեսական վէճի հարց դարձնել` փոխուե՞լ է Թուրքիան, իր ցեղասպանական յաւակնութիւններով հանդերձ, ապա արդեօ՞ք պատասխանը ակնյայտ չդարձաւ 2020 թուականի պատերազմի ժամանակ: Ակնյայտ չէ՞ր, արդեօք Թուրքիայի առանցքային դերակատարութիւնը արցախահայութեան նկատմամբ ցեղասպանական պատերազմի ծրագրման, ղեկավարման, հակառակորդ ուժի, ռազմական սարքերի ապահովման հարցերում եւ անգամ վերջինիս սահմանափակ զօրամիաւորումների մասնակցութիւնը ռազմական գործողութիւններին: Ակնյայտ չէ՞, որ ողջ այս ընթացքում տարածաշրջանում իրավիճակի փոփոխութեան հարցում Ազրպէյճանի թիկունքում հէնց Թուրքիան է գործում: Մի՞թէ ակնյայտ չէ՞ նաեւ, որ բոլոր հարեւանների հետ, ինչպէս եւ Միջին Ասիայում, Ափրիկէում, Պալքաններում եւ հէնց Ռուսաստանի դէմ վերջին տասնամեակներին Թուրքիան վարում է խիստ յարձակողապաշտ, իրենց իսկ բնորոշմամբ նէօօսմանական քաղաքականութիւն: Յայտնի խօսք է, որ խելօքը սովորում է ուրիշների, իսկ անխելքը սեփական սխալների վրայ: Իսկ ինչ ասել նրանց, որոնք սեփական ողբերգութիւնից անգամ դասեր չեն առնում: Խօսքը Նիկոլի եւ նիկոլականների մասին չէ, նրանք շատ լաւ գիտեն, թէ ի՞նչ են անում: Խօսքը այս իշխանութեանն այսօր յենարան ծառայող հայերի մասին է: Եթէ նրանք կարծում են, թէ պետութիւնը, հողը, կինը, պատիւն ու ինչքը զիջելով` ֆիզիքական ապահովութիւն կը ստանան թուրքից, չարաչար սխալւում են: Թող դարձեալ հայեացք նետեն այսօրուայ, երէկուայ ու հարիւր տարի առաջուայ իրադարձութիւնների վրայ: Դժբախտաբար պատմութիւնը կրկնւում է:

Հ. Գ.

2023 թ. ապրիլի 18-ին, կառավարութեան հաշուետուութիւնը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինեանը կրկին անդրադարձաւ արտաքին խնդիրներին եւ յայտարարեց, որ եթէ արտաքին ուժերը երաշխաւօրեն Հայաստանի համար խորհրդային ժամանակի սահմանները, ինքը պատրաստ է խաղաղութեան պայմանագիր կնքել Ազրպէյճանի հետ: Հայաստանի ղեկավարի ուղերձը ճիշտ ընկալեց Ալիեւը եւ նոյն օրը յայտարարեց, թէ Փաշինեանը պէտք է աւելի յստակօրէն յայտարարի, որ Ղարաբաղի հետ կապուած Հայաստանը որեւէ պահանջ չունի: Մէկ օր լռելուց յետոյ Ռուսաստանից հնչեց, այսպէս ասած, ոչ պաշտօնական արձագանգը: Օգտագործելով լրագրողների հետ շփուելու առիթը Ռուսաստանի նախագահի օգնական Տմիթրի Պեսկովը ասաց հետեւեալը.  «Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարների միջեւ ձեռք բերուած եռակողմ պայմանաւորուածութիւնները (ղարաբաղեան խնդրի եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների) կարգաւորման միակ իրական եւ իրատեսական հիմքն են», «Կարծում ենք, որ այդ բոլոր պայմանաւորուածութիւնների կեանքի կոչումը այլընտրանք չունի եւ անհրաժեշտ է բոլոր կողմերին», «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որ ի վիճակի է նպաստել լարուածութեան թուլացմանն ու ռուս-հայ-ազրպէյճանական եռակողմ համաձայնագրերի կատարմանը»:

Եթէ ասուածը վերծանենք ոչ դիւանագիտական լեզուով, ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը զգուշացնում է, որ իրեն շրջանցելով` երկկողմ կամ որեւէ այլ ձեւաչափով Անդրկովկասի քաղաքական պատկերը փոխելու փորձերը անիմաստ են: Որ` նման պայմանաւորուածութիւնները չեն կարող լինել վերջնական եւ լուծել առկայ խնդիրները:

Մենք գոնէ սրանից պէտք է անենք այն հետեւութիւնը, որ Արցախից հրաժարուելու, Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգելու հաշուին Ռուսաստանին լծակներից զրկելու եւ Անդրկովկասից դուրս մղելու թուրքարեւմտեան ծրագրի իրականացումը, որի համար իշխանութեան է բերուել փաշինեանական գործակալական ցանցը, դատապարտուած է ձախողման: Մեր խնդիրը ի հարկէ ռուսները չեն եւ ոչ էլ` Անդրկովկասի համար գերուժերի մրցակցութիւնը, որը վստահաբար թէժանալու է այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը հարցերը կը լուծի ուքրանական ճակատում: Մեր խնդիրը Հայաստանի եւ Արցախի փրկութիւնն ու հետագայ հզօրացումն են, ինչը հնարաւոր է միայն ազգային շահերով առաջնորդուող իշխանութիւնների ձեւաւորման դէպքում: Այն իշխանութեան, որը առաջնահերթ կը համարի տարածաշրջանում հայկական գործօնի վերականգնումն ու հզօրացումը եւ, Քրիստափոր Միքայէլեանի բանաձեւի համաձայն, օտարների շահի մէջ կը տեսնի ու կը հետապնդի հայոց շահը: Անդրկովկասը նոր պատերազմական օճախի վերածելու փորձերը մեզ համար չեն: Նոր ապրիլի 24 մենք մեր գլխին բերել չենք կարող, այս մէկը, եթէ լինի, կը լինի մեր վերջին փորձութիւնը: Հետեւաբար մեր պայքարը եւս այլընտրանք չունի:

—————————————–

Յղումներ

1.- Ալ.Խատիսեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, Պէյրութ, բ. տպագրութիւն
1968 թ. էջ 86

«ԴՐՕՇԱԿ» թիւ 4 , 2023

Comments are closed.