Աշխարհը չի նկատում թոյլ եւ տկար պետութիւններին, այլ միայն խղճում է եւ անտեսում

Հայաստանում գտնուելու օրերին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը հարցազրոյց է տուել Երկիր Մետիա հեռուստաալիքի «Երկրի հիւրասրահը» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած օրախնդիր մի շարք հարցերի տարածաշրջանում ստեղծուած իրավիճակին եւ ներքաղաքական օրակարգերին:

Խօսելով ամէն գնով Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու ՀՀ իշխանութիւնների բուռն ձգտումների մասին՝ Յակոբ Տէր Խաչատուրեանը նշել է, որ Հայաստանն այս պահին աճապարանքի մէջ է, փոքրիկ ձեռքբերումներով խաղաղութեան հասնելու կողմնակից է, պատրաստ է խեղճացած իրավիճակում բանակցային գործընթացի մաս կազմել, մինչդեռ միջազգային փորձը ցոյց է տալիս, որ դա մեզ լաւ տեղ հասցնել չի կարող: «Պարտուածի հոգեբանութեամբ եւ շարունակական միակողմանի զիջումներով, բնական է թշնամուն միշտ կարելի է գոհացնել, բայց ես վստահ եմ, որ Ատրպէյճանը պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղութեան դաշնագրի ստորագրման, որովհետեւ իրենք ուզում են առաւելագոյնը կորզել եւ դա ուզում են անել մինչեւ Ատրպէյճանում տեղի ունենալիք COP-29»-ը: Իսկ ինչ վերաբերում է COP-29-ին, մենք դրա հետ կապուած նախաձեռնել ենք պայքար ողջ աշխարհում, եւ պէտք է ասել, որ նկատելի յաջողութիւններ կան արձանագրուած: Մենք Ատրպէյճանին որոշակի մտահոգութիւններ ենք պատճառել արդէն, որովհետեւ մի շարք պետութիւններում մեր, եւ ոչ միայն մեր, աշխատանքների արդիւնքում այն տպաւորութիւնները կան, որ այնքան էլ նպատակայարմար չէր այդ բռնատիրական երկրում նման մասշտապի եւ բովանդակութեամբ համաժողով կազմակերպելը», նշել է Յակոբ Տէր Խաչատուրեանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերջին փորձերին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ չնայած ՀՀ իշխանութիւնների պնդումներին, թէ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, դրանք կան, եւ դրանց մասին թուրքական կողմը խօսում է բացայայտ: «Ինչպէս եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նախորդ գործընթացներում, պարզուելու է, որ Թուրքիան իր բոլոր քայլերում առաջնորդուելու է բացառապէս Ատրպէյճանի շահերով», ասել է Յակոբ Տէր Խաչատուրեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում.

 

 

 

Comments are closed.