Այս թրքաբարոյ իշխանութիւններին պէտք է տուն ուղարկել, այլապէս կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյեան

ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիյեանը։
-Բրիւսէլում երեկ կայացաւ Փաշինեան-Միշէլ-Ալիև հանդիպումը։ Հանդիպումից յետոյ Եւրոպական խորհրդի նախագահը յայտարարութիւն տարածեց, որում առկայ կէտերը խոր մտահոգութիւն են առաջացրել քաղաքական և հասարակական շրջանակներում։
 
Ձեզ համար որո՞նք են երեկուայ հանդիպումից յետոյ հնչած յայտարարութեան ամենամտահոգիչ կէտերը։
-Բոլոր կէտերն էլ մտահոգող էին։ Մենք, որ ասում ենք Նիկոլ Փաշինեանը և իր խմբակը եկել են իշխանութեան՝ Հայաստանը մաս-մաս վաճառելու, Արցախի դատից հրաժարուելու, մարդիկ ասում էին՝ էդ ի՞նչ էք ասում։ Հիմա նոյնը Շառլ Միշէլը կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղ էլ չի օգտագործում։ Ալիևն ասում է Լեռնային Ղարաբաղ չկայ՝ կայ Ղարաբաղի ռեգիոն, Շառլ Միշէլը խօսում է Ղարաբաղի ռեգիոնի հայ բնակչութեան անվտանգութեան մասին։ Այսինքն՝ այս մարդիկ հրաժարուել են կարգավիճակից։ Նիկոլը Փաշինեանը և իր վարչախումբը հրաժարւում են Արցախի քաղաքական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելուց։ Դրանից բացի, նոյնը վերաբերում է Սիւնիքի մեր ճանապարհներին, այսինքն՝ Շառլ Միշէլը փաստօրէն աւելի դիւանագիտական ձևով ձևակերպում է Ալիևի ասածները։ Եւ Հայաստանի թրքաբարոյ իշխանութիւնները՝ ի դէմ Նիկոլ Փաշինեանի և իր խմբակի, սպասարկում են Ալիևի և Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Մարդիկ պէտք է իլիւզիաներից կտրուեն՝ կատարւում է այն, ինչի համար իրենց բերել են իշխանութեան։
 
-Այս դէպքում հնարաւո՞ր է ազդել այս գործընթացների վրայ, միջազգային կոնսենսուս կայ՞ այդ հարցում։
-Չկայ միջազգային կոնսենսուս այս հարցի վերաբերեալ։ Կայ միջազգային կոնսենսուս` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ե՛ւ Եւրոպացիների, և՛ ամերիկացիների համար միևնոյն է՝ դա կը լինի Հայաստանի ոչնչացման կամ Հայաստանի տարածքների հաշուին, իրենց համար դա երկրորդական է։ Աշխարհաքաղաքական մեծ խաղ է կատարւում, Նիկոլ Փաշինեանն ու իր խմբակը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելով՝ հետապնդում են նաև այդ նպատակը։
 
-Ինչպէ՞ս էք գնահատում խորհրդարանական ընդդիմութեան գործողութիւնները։ Արդեօք խաղաղ հաւաքների օրակարգը համապատասխանու՞մ է տեղի ունեցող գործընթացներին։
-Խաղաղ անհնազանդութեան ակցիաները համապատասխանում են առայժմ այս օրակարգին, պարզապէս պէտք է աւելի շատ մարդ հաւաքուի և այս թրքաբարոյ իշխանութիւններին ուղարկեն տուն։ Այլապէս մենք կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։
-Իսկ մինչև անհրաժեշտ քանակի մարդ հաւաքուելը վտանգ չկայ՞, որ ամէն ինչ արդէն աւարտին կը հասցուի։
 
-Նիկոլ Փաշինեանը ինչպէս Հայաստանում իշխանութիւն չունի, այնպէս էլ ժողովրդի մանդատը չունի։ Նիկոլ Փաշինեանը անգամ ընտրութիւնների ժամանակ, երբ ասում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ խաբել է այդ նոյն ժողովրդին, իր նախընտրական ծրագրում ինքը մանդատ չունէր Արցախը յանձնելու, ինքը խօսել էր Արցախի քաղաքական կարգավիճակի մասին ։ Հիմա ինչպէս իր բոլոր խոստումները, հերթական անգամ խաբում է ժողովրդին, մանիպուլացնում է և դա նոյն տեմպով շարունակում է։
 
-Այս պարագայում Արցախի բնակչութիւնը կամ Արցախի իշխանութիւններն ի՞նչ կարող են անել։
-Այստեղ, դժբախտաբար իհարկէ, արցախցին անելու բան ունի։ Ե՛ւ արցախցին, և՛ Արցախի իշխանութիւնները իրենց կեցուածքն արդէն ասել են՝ յայտնի յայտարարութիւնը բոլոր քաղաքական ուժերի, որոնք Նիկոլ Փաշինեանի քաղաքականութիւնը բանակցային գործընթացում հռչակել էին որպէս աղէտալի։ Եւ այս հարցում , որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, թէ՛ Արցախի իշխանութիւնների, թէ՛ Արցախի ժողովրդի միջև մեծ կոնսենսուս գոյութիւն ունի, նրանք միակարծիք են։ Եւ այդ իմաստով մենք մեր խօսքն ասել ենք ու յուսամ՝ շարունակելու ենք ասել։ Բայց, հաշուի առնելով, որ Արցախը միջազգային իրաւունքի սուբյէկտ չէ, իսկ Նիկոլ Փաշինեանը չի կատարում 1992 թուականի յունիսի Հայաստանի գերագոյն Խորհրդի որոշումը՝ գործող որոշումը, որը բացառում է, որ Հայաստանը ստորագրի փաստաթղթերի տակ, որը կ’ենթադրի Արցախի՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմում յայտնուելը, այստեղ և՛ օրէնքն է խախտում Նիկոլ Փաշինեանը, և՛ Գերագոյն Խորհրդի որոշումն է խախտում, և՛ արցախահայութեան պահանջն է անտեսում։ Նոյնը վերաբերում է նաև Սիւնիքին, Գեղարքունիքին և այլն, և այլն։ Այսինքն՝ այս մարդը ազգակործան պատուհաս է և բերուել է իշխանութեան՝ այս դաւադիր պլանը իրագործելու համար, բայց դա իրեն չի յաջողուի, ո՛չ Հայաստանի, ոչ՛ Արցախի և ո՛չ էլ Սփիւռքի ժողովուրդը դա իրեն թոյլ չի տայ։
 
-Այսինքն՝ Դուք հաւատու՞մ էք, որ իշխանափոխութիւն լինելու է։
-Իշխանափոխութիւն լինելու է. իշխանափոխութեան չլինելը նշանակում է Հայաստանի և Արցախի կործանում։
Հայկա Ալոյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.