Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսեան

Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնութեանը։ Սատարում եմ Միքայէլ Սրբազանին:

Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կոչն ու յայտարարութիւնը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզօր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասնզի սթափուելու եւ արթնանալու ժամն է եկել: Բաւական է ստորադասուած ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է․ այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի թեմի նախկին առաջնորդ, Յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

«Ինչո՞ւ չենք պահանջում, որ թշնամին դուրս գայ Հայոց գրաւեալ տարածքներից, ինչո՞ւ չենք պահանջում մեր Արծուաշէնը, ինչո՞ւ չենք պահանջում մեր գերիների ու Արցախի իշխանաւորների ազատագրումը։ Ինչո՞ւ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Յանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Յանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրութիւնը։ Ե՞րբ պիտի դասեր քաղենք պատմութիւնից՝ ում հաւատալ իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացուած ապրի հայ «հպարտ» քաղաքացին։ Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանութեան պարտութիւնները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բաւ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով յանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Աւելի լաւ է պատուով մեռնել քան յաւէտ ստորադաս ու վիրաւորական ստրկութեան մէջ ապրել:

Ժամն է վերականգնելու մեր արժանապատուութիւնը ու արիական ոգին։ Իսկական պահն է ստեղծելու նուիրեալ ու փրօ հայկական իշխանութիւն, որը կը դառնայ մեր պետութեան ու ժողովրդի տէրն ու տիրականը։ Այո, պատմութեան ընթացքում յաճախ է եղել, որ մեր Մայր Եկեղեցին ստիպուած է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դէպի փրկութեան ափերը։ Ես հաւատում եմ Հայոց ներուժին ու նրա գիտակցութեանը։

Աստուած օրհնեալ պահի Հայոց Ազգն ու Բանակը, մեր Պետութիւնն ու Մայր Եկեղեցին»։

Comments are closed.