«Այսպէս կոչուած՝ խաղաղութեան պայմանագիրը Նոյեմբերի 9-ի անձնատուողական փաստաթղթի տրամաբանական շարունակութիւնն է». Վարուժան Գեղամեան

«Հարց է ծագում. եթէ գործ ունէք թշնամական երկու պետութիւնների հետ, ինչո՞ւ են նրանք այդքան շտապում իրենց պայմաններով այդ փաստաթուղթը ստորագրել։ Պատճառն այն է, որ դա նրանց տալու է նոր առաւելութիւններ, նոր հնարաւորութիւններ, իսկ որ իրենք Հայաստանի եւ Արցախի նկատմամբ պահանջներ ունեն, ակնյայտ է, ընդ որում՝ դրանք խաղաղ համակեցութեանը չեն ուղղուած, ընդհակառակը՝ ՀՀ-ի նոր տարածքների զաւթում, իսկ հնարաւորութեան դէպքում՝ ընդհանրապէս հայկական քաղաքական գործօնի վերացում, այսինքն՝ հայկական պետութեան վերացում»

Թրքագէտ Վարուժան Գեղամեանը վստահ է՝ անկախութիւնից յետոյ՝ անցնող բոլոր տարիներին, Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախի Հանրապետութիւնում կարելի է ասել՝ ներքաղաքական իրավիճակ չկայ, այսինքն՝ ներսում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց ուղղակիօրէն կապուած է կամ շարունակութիւնն է Հայաստանի արտաքին քաղաքականութեան։ Այն իրադարձութիւնները, որքն տեղի են ունենում, արտաքին քաղաքականութեան արդիւնք են, այսօր առաւել եւս, այդպես է. Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները, ցաւօք, թելադրուած են արտաքին միջավայրի կողմից, մինչդեռ ճիշդ հակառակը պէտք է լինէր։

«Եթէ պատկերաւոր փորձենք ասել՝ ինչ է այսօր կատարւում, կարելի է այսպէս նկարագրել. Հայաստանում եւ Արցախում ակտիւ տեմպերով սիրիականացում է տեղի ունենում։ Հայաստանը շարունակում է կորցնել սուպիեկտայնութիւնը՝ որպէս առանձին քաղաքական միաւոր։ Ասում եմ «շարունակում է կորցնել», քանի որ մենք որոշ հարցերում նախորդ տարիներից կուտակած ռեսուրսների հաշուին կարողանում ենք որոշակիօրէն այդ սուպիեկտայնութիւնն ապահովել, բայց նաեւ շարունակում ենք մաշել այդ ռեսուրսը, որն ինչ-որ պահի դադարելու է գոյութիւն ունենալ», «Հորիզոն»ի հետ զրոյցում նշում է թուրքագէտը։

Նա ընդգծում է՝ մեր սահմանները շատ խոցելի վիճակում են, եւ շատ դէպքերում կարելի է արդէն արձանագրել՝ փաստացի, այս սահմանները պահւում են ոչ այն բանի շնորհիւ, որ Հայաստանն իր ռեսուրսներն է ուղղում սահմանների պաշտպանութեանը, այլ կայ որոշակի աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւն, որն այս պահին դեռեւս թոյլ չի տալիս, որ այդ սահմանները խախտուեն։ Ըստ թուրքագէտի՝ հիմա կայ Հայաստանի տը ֆակտօ իշխանութիւն, որն ունի այնպիսի քատրային կազմ եւ  քաղաքական պատկերացումներ, հմտութիւններ, որոնք որեւէ կերպ չեն բխում ՀՀ եւ հայութեան շահերից։

2020 թուականի կապիտուլիացիայից յետոյ Հայաստանը ստացել է շատ երկար՝ մի քանի հարիւր քիլոմեթր յաւելեալ ռազմաճակատի գիծ, որն անհրաժեշտ է ոչ միայն ամրացնել տեխնիկական, ինժեներական տեսանկիւնից, այլեւ դրա պահպանութեան համար հարկ է ունենալ անվտանգային բոլորովին նոր համակարգ, որը ենթադրում է ամբողջ պետութեան անցումը ռազմականութեան ռելսերի վրայ։ Թուրքագէտը յիշեցնում է՝ ռազմականացումը պէտք չէ դիտարկել որպէս բացասական երեւույթ. այն պահին աշխարհում գլխաւոր միտումներից մէկն է։ Աւելին, կան երկրներ, որոնք յայտարարում են, որ դա հակասում է իրենց էութեանը, ռազմականացուած են։ Օրինակ՝ Շուետիայի Թագաւորութիւնն արդէն մի քանի տարի է, անցել է պարտադիր զինծառայութեան, երկրում շարունակաբար կառուցում են նոր ռազմաբազաներ երկրի ամբողջ տնտեսութիւնը, պետական համակարգը դրւում է ռազմական տրամաբանութեան շղթայում եւս։

Մերձաւոր Արեւելքում, որտեղ նաեւ Հայաստանն է գտնւում, պետութիւններն անդադար  պատրաստւում են պատերազմի եւ ամրացնում անվտանգային համակարգը, իսկ արդեօ՞ք Հայաստանն անում է այդ քայլերը։ Թուրքագէտը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանութիւնները յայտարարում են, թէ ամրացնում են անվտանգային համակարգը. դրա հիմնական ցուցիչն էլ ֆինանսական թուեր ցոյց տալն է, իսկ այդ թուերը ցոյց տալը եւ իրականում գործ անելը կարող են չհամընկնել։ Օրինակ՝ նախորդ տարի 300 միլիառ դրամից աւելի գումար է նախատեսուած եղել պաշտպանական ոլորտի զարգացման համար, բայց պարզւում է՝ դրանից ծախսուել է միայն 170 միլիառը։

«Բացի այդ՝ անվտանգային համակարգը չի ենթադրում միայն ֆինանսական բաշխումներ իրականացնել, այլ ենթադրում է համալիր բարդ միջոցառումներ, որը ներառում է պետութեան կենսագործունէութեան բոլոր ոլորտները՝ կրթական համակարգից մինչեւ բուն անվտանգային։ Բայց, փոխարէնը մենք ունենք զրոյցներ այն մասին, որ բանակը պէտք է կրճատել ու համալրել միայն պայմանագրային զինծառայողներով, իսկ դա մեր անվտանգային որեւէ խնդիր չի լուծելու։ Անցում կատարել պարտադիր զինծառայութիւնից դէպի պայմանագրային զինծառայութիւն եւ անունը դնել «փրոֆեսիոնալ բանակ»… սա ուղղակի քարոզչական հնարք է, որ հասարակութիւնը մտածի՝ դա լաւ բան է, մինչդեռ հասարակութեան մեծ մասը տեղեակ չէ, որ դրա անուան տակ կրճատւում է բանակը։

Երկրորդ՝ բանակային բաւական կուռ համակարգը, որը ցոյց էր տուել իր արդիւնաւէտութիւնը, վերացւում է, ոչ թէ փոխարինւում է աւելի լաւով, իսկ աւելի լաւ դառնալու տեղ շատ կայ։ Այնուամենայնիւ, ոչ թէ աւելի լաւ համակարգ է ներդրւում, այլ կիսատ, ոչ լիարժէք մշակուած՝  գործի գիտակ մարդկանց բացակայութեամբ մշակուած, ինչ-որ առանձին նախաձեռնութիւններ, որոնք ուղղակի փոփուլիստական են, ոչ թէ ուղղուած են նրան, որ անվտանգային համակարգն ուժեղացուի», նշում է թուրքագէտը։

Նա ընդգծում է՝ 2020-ի Նոյեմբերից յետոյ ՀՀ անվտանգային համակարգի գործելու արդիւնաւէտ ձեւերից մէկը ենթադրում էր հասարակութեան ամբողջական ներգրաւում պաշտպանութեան ոլորտում, ընդ որում՝ ոչ թէ բանակի փոխարէն, այլ բանակին համալրելով, եւ ողջ պետական ինստիտուտների աշխատանքը դրան պէտք է ուղղուած լինէր, պետական լուրջ համակարգում պիտի լինէր, իսկ դա տեղի չունեցաւ, ընդ որում, հասարակութիւնը դէմ չէր լինի դրան, քանի որ հասարակութեան մէջ  էլ կայ անվտանգութիւնը բարձրացնելու պահանջ։

«Այդտեղ եւս մէկ անգամ տեսնում ենք, որ տը ֆակտօ իշխանութիւնները պարզապէս նպատակ չունեն անվտանգային համակարգը բարձրանելու, այլ ուղղակի տպաւորութիւն են ստեղծում, թէ այդ ուղղութեամբ աշխատանքներ են իրականացնում», ասում է թուրքագէտը։

Թուրքագէտն անդրադառնում է նաեւ այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագրին» եւ վարչապետ Փաշինեանի յայտարարած «խաղաղութեան շրջանակային պայմանագրին»՝ նշելով՝ այն Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթի 2-րդ տրամաբանական շարունակութիւնն է։ Այդ փաստաթղթի ստորագրման պարագայում հնարաւոր է լինեն ձեւակերպումներ, որոնք առաջին հայեացքից կարող են ոչ վտանգավոր թուալ, բայց այդ փաստաթղթի ողջ տրամաբանութիւնը՝ նոյնիսկ կնքման ժամկէտը, ձեւը, միջոցը, ամողջութեամբ հակահայկական են։ Ակնյայտ է մի պարզ բան. այդ խաղաղութեան պայմանագիրն Ատրպէյճանը եւ Թուրքիան օրէցօր աւելի շատ են պահանջում եւ իրե՛նք են պարտադրում Հայաստանին, որ դա ստորագրուի։

«Հարց է ծագում. եթէ գործ ունէք թշնամական երկու պետութիւնների հետ, ինչո՞ւ են նրանք այդքան շտապում իրենց պայմաններով այդ փաստաթուղթը ստորագրել։ Պատճառն այն է, որ դա նրանց տալու է նոր առաւելութիւններ, նոր հնարաւորութիւններ, իսկ որ իրենք Հայաստանի եւ Արցախի նկատմամբ պահանջներ ունեն, ակնյայտ է, ընդ որում՝ դրանք խաղաղ համակեցութեանը չեն ուղղուած, ընդհակառակը՝ ՀՀ-ի նոր տարածքների զաւթում, իսկ հնարաւորութեան դէպքում՝ ընդհանրապէս հայկական քաղաքական գործօնի վերացում, այսինքն՝ հայկական պետութեան վերացում», նշում է Վարուժան Գեղամեանը։

Թուրքագէտը շեշտում է՝ հարկ է ուշադրութիւն դարձնել այն փաստին, որ Թուրքիայի եւ Ատրպէյճանի բարձրաստիճան ղեկավարներն, այդ թուում՝ ամենաբարձր դիրք զբաղեցնող պաշտօնեաները՝ նախագահները, պարբերաբար՝ 10 օրը մէկ յաճախութեամբ, ՀՀ քաղաքացիներին յիշեցնում են՝ իրենց նպատակը ոչ թէ ՀՀ-ի հետ համատեղ կեցութիւնն է Հարաւային Կովկասում, այլ ընդհակառակը՝ նուաճել այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, եւ ինչպէս իրենք են մեկնաբանում, իրենց բառերով ու պատկերացումներով «դրանք ատրպէյճանական են», հետեւաբար այստեղ որեւէ համակեցութեան մասին որեւէ խօսք չկայ, ուստի ուժի սպառնալիքով ստորագրուած այս խաղաղութեան պայմանագիրը կը լինի ոչ լեկալ, ոչ օրինական։

Նա փաստում է՝ այդ պայմանագրի ստորագրումը բխում է բացառապէս Ատրպէյճանի եւ Թուրքիայի շահերից, այն ամբողջութեամբ հակահայկական է։ Մենք խնդիր ենք ունենում ոչ միայն Արցախի՝ չօկուպացուած 25 տոկոսի մասով, այլեւ ՀՀ տարածքային ամբողջականութեան մասով։ Եթէ ՀՀ-ն ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ նշւում է՝ սահմանների համար հիմք է ծառայում Կարսի 1921 թուականի պայմանագիրը, ապա յաջորդ պահին Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմի ՀՀ առջեւ դրուելու է պահանջ, օրինակ՝ Վայոց Ձորի, Սիւնիքի, Արարատի մարզերի մի շարք բնակավայրերի՝ Ատրպէյճանին տալու հարցը, որովհետեւ ըստ Կարսի պայմանագրի՝ այդ տարածքները 1921-ին պէտք է յանձնէին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեանը, որն Ատրպէյճանի կազմում է։ Բայց, այդ տարածքները չեն յանձնուել, քանի որ ժամանակին Խորհրդային Հայաստանի ղեկավարութիւնը պայքարել է, դրանք չի փոխանցել։

Բարդ չէ պատկերացնելը՝ այսպէս կոչուած՝ խաղաղութեան պայմանագրի՝ այդ կապիտուլիացիոն թղթի ստորագրումից անմիջապէս յետոյ այդ պահանջն, օրինակ, դրուելու է, եւ այդպիսի պահանջները բազմաթիւ են։ Թուրքագէտն ասում է՝ այդ փաստաթղթերն ուղղուած են նրան, որ յաջորդ թուղթը շատ աւելի վատ պայմաններով լինի, հետեւաբար մեզ ոչ թէ պէտք է պատրաստուել ոչ թէ խաղաղութեան պայմանագրի ստորագրման, այլ ազգային ուժերը, եթէ լինէին, ոչ թէ դա պիտի անէին, այլ ընդհակառակը, երկրի անվտանգային համակարգն ուժեղացնէին այն աստիճան, որ այժմ հնարաւորինս բացառէին ուժի կիրառումը, աւելին՝ հնարաւորութիւններ ստեղծէին, որ Հայաստանը կարողանար ետ բերել թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի գրաւեալ տարածքները։

«Դա միակ ձեւը կը լինէր նորից բերելու այն ուժային հաւասարակշռութիւնը, որը թոյլ չէր տայ Ատրպէյճանին ու Թուրքիային, օրինակ, ՀՀ Ջերմուկ քաղաքը կամ Գեղարքունիքի, Սիւնիքի մարզերի տասնեակ բնակավայրեր ուղիղ կրակի տակ պահել ու հայաթափել առնուազն կանանց եւ երեխաներին։ Այս իրավիճակն առաջացել է այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն հրաժարել է կատարել իր գլխաւոր անվտանգային գործառոյթը, այն է՝ ՀՀ տարածքների պաշտպանութիւնը՝ լինի սահմաններին, թէ սահմաններից անդին», եզրափակում է թուրքագէտը։

Իրանական եւ ռուսական գործօնի մասին խօսելով՝ թուրքագէտն ասում է՝ ՀՀ-ն եւ Հարաւային Կովկասն ընդհանրապէս թէ՛ տարածաշրջանային, թէ՛ համաշխարհային գերտէրութիւնների ուշադրութեան կենտրոնում են. դրանք աշխարհագրական դիրքի բերումով ռազմավարական նշանակութիւն ունեն, հետեւաբար այստեղ տեղի ունեցող գործընթացներին ուշի ուշով հետեւում են, այլեւ մասնակցում որոշ պրոցեսների։

Հիմնական երեք երկրները, որոնք տարածաշրջանային գոործընթացներին անմիջական մասնակցութիւն ունեն, Թուրքիայի Հանրապետութիւնն է, Ռուսաստանի Դաշնութիւնը, Իրանի Իսլամական հանրապետութիւնը։ Երեք պետութիւններն էլ փորձում են Հարաւային Կովկասում իրենց անվտանգութեան ու ազդեցութեան գօտին ոչ միայն ամուր պահել, այլեւ ընդլայնել։ Այս հարցում համաշխարհային դերակատարները եւս փորձում են մասնակցութիւն ունենալու՝ այս կամ այն դէպքում օժանդակելով այս երեք երկրներից որեւէ մէկին։

Արեւմուտք-Ռուսաստան եւ Արեւմուտք-Իրան հակամարտութիւնը հաշուի առնելով կարող ենք արձանագրել, որ հարաւային Կովկասում կոլեկտիւ Արեւմուտքի՝ մասնաւորապէս Ամերիկայի Միացեալ Նահանգների Եւրամիութեան որոշ երկրների, Մեծ Բրիտանիայի շահերը համընկնում են Թուրքիայի հետ, որը փորձում է տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին եւ թոյլ չտալ, որ տարածաշրջանում գործօն լինի Իրանը։

«Հետեւաբար, ինչ վերաբերում է հայ-թուրքական եւ հայ-ատրպէյճանական հակամարտութիւններին, ապա այս հարցերում Ատրպէյճանի ու Թուրքիայի գործողութիւնները փաստացի աջակցութիւն եւ սատարում են ստանում Արեւմուտքից, եւ այս իրավիճակը դրսեւորւում է ամենատարբեր ձեւաչափերով՝ սկսած նրանից, որ Եւրամիութիւնը եւ ԱՄՆ-ն ՀՀ-ի տը ֆակտօ իշխանութեանը ստիպում են, որ շատ արագ ստորագրի ատրպէյճանական ու թուրքական պահանջներով ստեղծուած այսպէս կոչուած՝ խաղաղութեան պայմանագիրը, ապա տարածաշրջանից հեռացնեն Ռուսաստանին։

Ռուսաստանի՝ այս տարածաշրջանից հեռացումը ենթադրում է թուրքական ազդեցութեան ուժեղացում, իսկ թէ ինչ կը լինի դրանից յետոյ, կարծում եմ՝ հայերը բաւական լաւ պատկերացնում են։ Իսկ Արեւմուտքին դա խոշոր հաշուով չի հետաքրքրում, ինչպէս որ մենք տեսել ենք 1915-ին կամ մեր ժողովրդի համար բախտորոշ այլ իրավիճակներում, երբ ապաւինել ենք այն յայտարարութիւններին կամ բանաւոր երաշխիքներին, որոնք տրուել են», պատմական փաստերի համադրումով իրավիճակը ներկայացնում է թուրքագէտը։

Այս պահին Թուրքիայի եւ Ատրպէյճանի դէմ պայքարում ՀՀ-ի փաստացի շահակիցներն են Ռուսաստանը, Իրանն են եւ որոշ այլ երկրներ։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան փորձում է տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին ու Իրանին, ապա վերացնել հայկական գործօնը, ստացւում է՝ դա չի բխում Ռուսաստանի ու Իրանի շահերից այն պարզ պատճառով, որ այս տարածաշրջանը դառնալու է թուրքական ազդեցութեան գօտի, հետեւաբար իրենց շահերից է բխում, որ այստեղ լինի Հայաստան, որի պայքարն անդադար լինելու է Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան փորձում է Հայաստանը վերացնել։ Ուրեմն՝ հնարաւոր է աջակցել Հայաստանի պայքարին՝ դրանով թոյլ չտալով, որ Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում մեծանայ։

«Հետեւաբար, մենք տեսնում ենք թէ՛ իրանական, թէ՛ ռուսական կողմի տարբեր ձեւաչափերով փորձը՝ կասեցնել Թուրքիայի ու Ատրպէյճանի առաջընթացը Հարաւային Կովկասում», ասում է թուրքագէտը՝ յիշեցնելով՝ շահակիցների շահերը ոչ բոլոր հարցերում են համընկնում եւ միշտ չէ, որ նրանք այդ համընկնող շահերի համար պատրաստ են այնքան ռեսուրս տրամադրել, որը հնարաւորութիւն կը տայ այդ շահը լիարժէք սպասարկելու։  Այսինքն՝ չի կարելի ապաւինել միայն շահակիցների առկայութեանը, քանի որ դա ճանապարհ է, որը տանում է դէպի կործանում ու կորուստ, եւ եթէ Հայաստանն ունենայ ազգային իշխանութիւն, որը կամք կը ցուցաբերի, կ’ունենայ փրոֆեսիոնալիզմ, հնարաւոր կը լինի սեփական ուժերի շնորհիւ, շահակիցների առկայութեամբ եւ նրանց յետոյ դիւանագիտական հմուտ համագործակցութեամբ  կանգնեցնել այս գահավիժումը։

Յասմիկ Բալէյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.