Ամէն օր հարազատ Մաճկալաշէնն են յիշում․ կը վերադառնա՞ն երբեւէ․․․
Արցախից բռնի տեղահանուելուց յետոյ Շահէն Ավանէսեանը բնակութիւն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գիւղում։ Մարտունու շրջանի Մաճկալաշէն գիւղից է տեղահանուել նրա բազմազաւակ ընտանիքը։ 5 անչափահաս երեխաների հետ ապրում են գիւղի ամենավերջին տանը, որը երկսենեականոց փայտէ տնակ է՝ զուրկ բոլոր կոմունալ յարմարութիւններից։
Երբ մտանք նրանց կացարանը, մեր առջեւ ծանր տեսարան բացուեց։ Փայտէ տնակում, որտեղ հաստատուել էր Ավանէսեանների 7 հոգանոց ընտանիքը, անշուք եւ աղքատիկ վիճակ էր։ Մի սենեակը խոհանոցի դեր էր կատարում, իսկ միւսը ծառայում էր որպէս ե՛ւ ննջասենեակ, ե՛ւ հիւրասենեակ։ Այնուհանդերձ ընտանիքի անդամները ուրախ ու ժպտերես դիմաւորեցին մեզ։
– Սեպտեմբերի 19-ի գիշերն ենք հեռացել գիւղից։ Մեզ հետ վերցրել ենք ընդամէնը մեր փաստաթղթերը եւ մի քանի հագուստ։ Ոտքով հասել ենք Սօս գիւղ, որտեղից կազմակերպուել է բնակչութեան տարհանումը դէպի Կոլխոզաշէն համայնքը, ու այդտեղ մնացել ենք մէկ շաբաթ։ Սեպտեմբերի 25-ին բեռնատար աւտոմեքենայով Կոլխոզաշէնից հասել ենք Ստեփանակերտ եւ վերջին աւտոպուսներով, Սեպտեմբերի 31-ին ճանապարհուել դէպի Հայաստան։ Գորիսից մեզ ուղարկել են Տաշիր, ասելով, որ այնտեղ անվճար բնակարաններ կը տրամադրեն արցախցիներին ու այդպես էլ յայտնուել ենք այստեղ,- պատմում է բազմազաւակ հայրը։
Մինչ մենք զրուցում էինք նրանց տարտ ու ցաւերից, մանկահասակ երեխաներն իրենց չարաճճիութիւններն էին անում։ Ցաւալիօրէն ծանր էր տեսնել, թէ Արցախում տուն ու տեղ թողած մարդիկ ինչպիսի խեղճուկ վիճակում են յայտնուել, ու դեռ ապագան էլ անորոշ է։
– Լսել ենք, որ բնակարանային աջակցութեան ծրագիր է գործում։ Մտադիր ենք օգտուել այդ ծրագրից, ՀՀ քաղաքացիութիւն ստանալ եւ տուն ձեռք բերել այս գիւղում։ Ի հարկէ, կ’աշխատենք աւելի մեծ ու յարմարաւէտ տուն գնել։ Ամբողջ կեանքում գիւղում եմ ապրել, զբաղուել հողագործութեամբ ու ցանկացած աշխատանքով, որ կերակրեմ ընտանիքիս։ Կը շարունակեմ այստեղ ապրել ու փորձել աշխատանք գտնել, թէեւ այս հարցը շատ դժուար է։
Գիւղապետարանի կողմից օգտագործուած մահճակալ ու փոքրիկ սառնարան ենք ստացել, սակայն գոյքի պակաս շատ ունենք։ Կարիք ունենք պահարանների, սեղան ու աթոռների, հեռուստացոյցի։ Բաղնիք չունենալու պատճառով շատ ենք նեղւում, երբ ամէն անգամ դրա համար հասնում ենք Տաշիր՝ կնոջս ծնողների տունը,- խօսքը շարունակում է ընտանիքի գլխաւորը։
Մեր աչքից չէր վրիպում, որ երեխաներն ու կինը հագուստի, կօշիկի պակաս եւս ունեն։ Երեխաներն անընդհատ մօր ականջին ինչ որ բան էին շշնջում, իսկ մայրը՝ լռեցնում էր նրանց։ Յետոյ պարզուեց, որ ընդամէնը խաղալիքներ էր նրանց ուզածը․ բոլոր երեխաների նման նրանք եւս ունեն ուրախ ու անհոգ մանկութեան իրաւունք։ Երեխաներից մէկը՝ հեծանիւ, միւսները՝ ինքնագլոր ու գնդակ էին ուզում, իսկ մեծ աղջիկը՝ երազում էր հեռախօս ունենալ, թէկուզ լաւ են հասկանում, որ այդ երազանքները շուտ չեն կարող իրականանալ։
Ավանէսեանները սկսել են փոքրիկ տնտեսութիւն ստեղծել։ Ձեռք են բերել խոզեր ու հաւեր եւ մտածում են տնտեսութիւնը բազմացնելու մասին։ Ամէն օր հարազատ Մաճկալաշէնն են յիշում, իրենց հանդ ու ձորերը․ կը վերադառնա՞ն երբեւէ․․․
Օրուայ վերջում, շրջելով գիւղում՝ լսեցինք, որ Լեռնահովտում հաստատուած արցախցի ընտանիքներից ամենաանապահովը Ավանէսեանների բազմանդամ ընտանիքն է։
Կարինէ Բախշիեան
Comments are closed.