Ամէն Անգամ Նոյն Հարցումն Է Մրճահարում Ուղեղս…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Իմ առջեւում է Արցախում իմ առաջին ներկայացումից յետոյ Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանի նուիրած այս գորգը, որին ամէն օր նայելը դառնութեան, յուսահատութեան, անկարողութեան, նուաստացման մի նոր ալեկոծում է աւելացնում իմ երկրի դէպի կործանում գնացող իրականութեանը:

Մի ողջ հանրապետութեան խորհրդանիշ, հպարտօրէն բազմած լեռնային արծուի թեւերում, գլխավերեւում, նոյնքան հպարտօրէն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն գրութիւնն է` սիրով ու նուիրումով, հպարտութեամբ  արցախցի գորգագործի ձեռքով հիւսուած:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն: Ո՞ւր է այն հիմա, 5 տարում ինչպէ՞ս չքացաւ 30 տարի իր խորհրդանիշով ապրող մի ողջ հանրապետութիւն` իր պետական կազմով, իր բնակչութեամբ:

Ամէն անգամ նոյն հարցումն է մրճահարում ուղեղս…

Ինչպէ՞ս, ինչպէ՞ս մեր հազարաւոր զաւակների կեանքերի գնով վաստակուած ու մեր աչքերում, մեր հոգիներում, մեր գորգերի, քարերի, դրօշակների, ցուցանակների, բացիկների վրայ նուիրումով ու հպարտութեամբ դրոշմուած, քանդակուած այս ամէնը յանկարծ հիմնայատակ ոչնչացրինք եւ ոչնչացրինք այնպէս, որ այն յայտարարեցինք մեր թշնամու պատկանելիութիւն` մեր գալիք սերունդներին զրկելով իրենց երկրին տիրանալու իրաւունքի պայքարից: Ինչպէ՞ս կարողացանք…

Այո՛, իմ առջեւ Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետութեան չհերքուող վկայագիր գորգն է, իսկ այն նուիրողը` զուսպ, սակաւախօս, բարձրագոյն կրթութեամբ Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանը, իր վրայ կատարուած մահափորձից մէկ անգամ փրկուած (յիշեցնեմ, որ ոչ թէ թուրքի, այլ «հայ»-ի` Սամուէլ Բաբայեանի կողմից կազմակերպուած, որ դեռ մեր ղեկավարութեան մաս է կազմում) միւս նախագահների եւ բարձրաստիճան  ղեկավարների հետ դաւադրաբար թշնամուն յանձնուած, դեռ Պաքուի բանտերում են, ամբողջովին մոռացութեան մատնուած` մեր ժողովրդի եւ փողոցից իշխանութեան եկած ներկայ յանցագործ վոհմակի կողմից:

Այս ալեկոծումներով հետեւում եմ 66-ամեայ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրեանի ելոյթին Տաւոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ուր պայծառ ժպիտով, երկտակուած իր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնն էր յայտնում յաղթականօրէն նստած Ալիեւին, առ այն, որ անցնող երկու տարում խաղաղութիւն էր բերել իր երկրին, որը հնարաւոր չէր եղել իրենց իրականացնել անցնող 30 տարիների ընթացքում:

Առաջին անգամ ՀՀ երկրի ղեկավարը, հաւանաբար` տարիքի բերումով, անկեղծացել էր, այն էլ Համաշխարհային ֆորումում, որ 30 երկար ու ձիգ  տարիներ հնարաւոր չի եղել Ալիեւը չէր կարողացել գրաւել Արցախը: Կարճամիտ նախագահը չէր էլ մտածում, որ իւրաքանչիւր վերլուծող անձի կամ քաղաքագէտի համար դա ոչ թէ գնահատանքի խօսք էր, այլ` երկկողմանի նուաստացում, աւելի ապտակ` Ալիեւին: Նախագահը շեշտում էր այն փաստը, որ 30 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հայկական հանրապետութիւն էր, որ չէր կարողացել պատերազմով գրաւել, իր երազած Արցախին տիրանալ հպարտ նստած Ալիեւը, մինչեւ որ այդ նոյն ֆորումում հաւաքուած դրսի ուժերի օգնութեամբ իշխանութեան տիրացած ՀՀ  այսօրուայ ղեկավարները, որի անունից շնորհակալութիւն էր յայտնում դեռ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խորհրդական եւ այժմեան նախագահը, խարդախօրէն, դաւաճանութեամբ այն յանձնել էին Ալիեւին, որ Ալիեւը ինքն էլ գիտէր, որ ոչ թէ յաղթելով էր գրաւել Արցախը, այլ ՀՀ  վարձկալ իշխանութիւնը այն նուիրաբերել էր իրեն:

Վստահաբար ֆորումի մասնակիցներից շատերի յիշողութեան մէջ էր դեռ, որ իրենց օգնութեամբ մեր իշխանութիւնը կազմակերպեց Արցախի յանձնումը, գուցէ շատերն էլ նախքան այդ դաւադրութիւնը, որպէս «յօգուտ Հայաստանի» բանակցողներ, Արցախ այցելելիս այս նոյն գորգից նուէր էին ստացել եւ դեռ յիշում էին Արցախի անընկճելիութիւնը: Իսկ այդօր կեղծ «խաղաղութիւն» կերտածները իրար էին մեծարում` մէկը իր «յաղթանակի», միւսը` այդ «յաղթանակածի» ինքնակամ կամակատարը դառնալու համար:

Զարմանալի աշխարհ է, այնպէս չէ:՞

Թէեւ Ալիեւը բոլոր իրաւունքներն ունի ամէնուրեք հպարտ նստելու, իր ձեռք բերածով պարծենալու, որովհետեւ մինչ մեր ղեկավարը քծնանքով ու սողալով էր զբաղուած Տաւոսում, որը մեր երկրի ներկայ իշխանութեան միակ քաղաքականութիւնն է երկրից դուրս, մեծ երկրների յարաբերութիւններում, Ալիեւն այդ միջոցին հասցրել էր բանակցել եւ միլիառների հասնող պայմանագրեր ստորագրել աշխարհի խոշորագոյն առեւտրական կառոյցների հետ:

Նա նոյնիսկ պէտք չունէր մեր թափթփուկ իշխանութեան ներկայացուցչին` իր ենթակային, լսելու, քանի որ ինքն այսօր ղեկավարում է երկու երկիր` մէկը իր երկիրը, միւսը` հետագայ Արեւմտեան Ազրպէյճանը, որը թէեւ դեռ ՀՀ է,  քանի որ խոնարհաբար կատարում է իր բոլոր  հրամանները, որն իրեն յանձնած Արցախը շատ հանգիստ հայաթափելուց, նոյնիսկ վերջին 10  բնակիչներին էլ վտարելուց յետոյ, ՀՀ իշխանութիւնների շնորհակալութեանն է արժանանում, իսկ իր բանտերում պահուող հայ գերիների, այդ թւում` Արցախի իշխանութեան բոլոր ղեկավարների, նրանց տրուած դատավճռի, նրանց արձակման մասին ոչ մէկ խօսք, ոչ մէկ պահանջ, նոյնիսկ` ոչ մէկ յիշեցում:

Որքան յայտնի է, ըստ միջազգայնօրէն ընդունուած օրէնքի, երբ երկրները խաղաղութիւն են յայտարարում, կամ` նոյնիսկ ծածուկ կնքում, առաջին հերթին գերիներին են փոխանակում: Իսկ մեր երկրի նախագահը պարծենում է կնքուած խաղաղութեամբ, երբ միայն 4 քաղաքացի գերիներ է վերադարձրել Ալիեւը, այն էլ` փոխանակելով մահուան դատապարտուած վարձկան 2 սիրիացիների հետ, որոնք մեր երկրի կողմից յանձնուել են Սուրիոյ իշխանութիւններին:

Այո՛, մենք բոլոր պարտաւորուածութիւնն ունենք Ալիեւին շնորհակալութիւն յայտնելու, քանի դեռ կախուածութեան մէջ ենք իրենից, ինչպէս բարձրաձայնում է մեր թափթփուկ տիրակալը, քանի որ էժանագին նաւթ ենք գնում, հացահատիկ, ուժանիւթային համատեղ  պայմանագիր ենք կնքում իր հետ` մոռանալով Արցախի ժողովրդին մութի ու սովի մատնած իրավիճակները:

Մեր երկրի կարեւորագոյն երակը «Թրամփի ուղի» անուան տակ (անուանումն էլ, ըստ թուրքական շողոքորթութեան, Ալիեւի մտքի փայլատակումն էր), մասնատում ենք`   գոհանալով ողորմածաբար մեզ տրուած 26 տոկոսով, զրկուելով նոյնիսկ մեր հողի իրաւունքով այն վերահսկելուն: Աւելի՛ն. Հայաստանը ինքնակամօրէն զիջում է վերահսկողութեան իր իրաւունքը` դառնալով միայն սպասարկու, միջազգային լեզուով` ենթակառոյց:

Ինձ սարսափեցնում է Սիսիանում ծնուած մեր նախագահի անտարբերութիւնը նոյնիսկ իր ծննդավայրի յափշտակման հանդէպ: Մի՞թէ մեր երկիրը այսքան անարժէք է իր համար: Այդ դէպքում` ինչո՞ւ է ստանձնել իր պաշտօնը, չէ՞ որ այն պարտադրում է հոգ տանել իր երկրին ամբողջապէս, ոչ թէ` միայն իր աթոռին:

Ընդունում եմ, որ մեր ժողովուրդը չգիտի, չի գիտակցում, փորձառութիւնը չունի, եւ իրականում հոգն էլ չէ, թէ ի՛նչ է նշանակում երկրիդ տարածքը վերածել միջազգային ենթակառոյցի, բայց ժամանակն է, որ արթնանան եւ խորութեամբ հասկանան  իրավիճակները: Դեռ որքա՞ն կարելի է այսպէս անտարբերութիւն ցուցաբերել երկրի հանդէպ եւ սպասել դրսի օգնութեանը միայն, թէկուզ դա լինի թշնամու կողմից իրեն տրուած:

ՀՀ իշխանութիւնները իրաւունք ունեն ոչ միայն շնորհակալութիւն յայտնելու, այլ` պարծենալու վերջին տարիներին իրենց համատեղ ձեռք բերած «նուաճումներով»: Պարծենալու, որովհետեւ իրենք քայլ առ քայլ հետեւում են Ալիեւի բոլոր հրամաններին, որոնցից հրատապն էլ այս վերջին ամիսներին մեր երկրի անբարոյ ղեկավարի մոլեռանդ հաւատացեալ դառնալն է, որով կիրակի օրերին տարբեր շրջանների եկեղեցիներում բռնի ուժով, կամ հեռախօսային զանգերով հաւաքագրուած տեղի ժողովրդի ուղեկցութեամբ հայոց եկեղեցիների արարողակարգն է խախտում, պղծում ու վարկաբեկում անօրէն իր մուտքերով, աստիճանաբար վարկաբեկելով, ոտնատակ տալով հայի հաւատքը, կերպարանափոխելով այն ամէնը, ինչ հոգեմտաւոր արժէք է ներկայացնում: Բայց գուցէեւ Ալիեւի արեւշատութեան համար է աղօթում, չէ՞ որ նա իրեն շնորհեց այն ամէնը, որից այնպէս ամուր կառչած է ինքը, սկսած` վարչապետի պաշտօնից, մինչեւ Սպիտակ տուն, մինչեւ ամէնուր, որտեղ յայտնւում է Ալիեւը, եւ ում ստուերում պատրաստակամ երկտակուած կանգնում է ինքը: Ի՜նչ փոյթ, որ ինքը Ալիեւի ստուերում է, միայն թէ երեւայ միջազգային հարթակներում:

Այսպիսի «մեծ նուաճումներով», ժողովրդային այսպիսի մոլեռանդ հետեւորդներով մենք մօտենում ենք ընտրութիւններին, որը շատերիս համար սովորական ընտրութիւն չէ, այլ մեր ճակատագրի վերջնական ընտրութիւնն է, որից աշխարհաքաղաքական այս իրարանցման մէջ կախուած է որպէս անկախ երկիր մեր գոյութիւնը: Հարցն այն է` պիտի կարողանա՞նք միասնանալ, բացել կիրակնօրեայ այդ ցնցոտու կոյր հետեւորդների ուղեղները, նրանց կաշառուող էութեան մէջ տեղաւորել երկիր ունենալու, այն պահելու անհրաժեշտութիւնը եւ դուրս նետել այս ցաւագար, ոչ հայ իշխանութեանը, թէ՞ ընդունելով նրանց կաշառքներն ու ահաբեկումները, նրանց տեռորները, շարունակելու ենք մեր յուսահատ երթը:

Զգուշացնեմ նաեւ, որ իրենց իշխանութեան բերած եւ վերընտրածների կողմից անշուշտ հսկայական աշխատանք է տարւում եւ դրամ ներարկւում երկիր` նրանց կրկին ընտրելու համար, ինչպէս անում են աշխարհի իրենց հպատակող շատ երկրներում: Յատկապէս հիմա, երբ մեր տարածաշրջանն այլեւս բացայայտ գործօն է Ռուսաստանի դէմ:

Մեր աչքի առջեւ վառ օրինակ է Սուրիոյ ոչնչացումը: Մեր հարեւան Իրանի դէմ տրուած պատերազմի ահազանգը մեզ պէտք է արթնացնի, զգաստացնի:

Ամէնուրեք իշխանութեան փոփոխում (ռեժիմ չեէյնճ) անուան տակ մասնատւում, ոչնչանում են երկրները, իսկ բնակչութիւնը դառնում է տարագիր, անապատներ բնակեցնող, լուծւում, ձուլւում է այլ ազգերի հետ, կորցնում իր դիմագիծն ու ինքնութիւնը, իր ազգայնութիւնը, որն էլ այսօրուայ նոր աշխարհընկալման  կարգախօսն է:

Վերջին 8 տարիները յատկապէս հաստատեցին, որ ամբողջովին դարձել ենք կախեալ երկիր: Երբ դրսից հրահանգ չկայ, մեր ղեկավարութիւնը թմբկահարութեամբ է զբաղւում: Այսպիսի իրավիճակում, եթէ լուրջ չվերաբերուենք, մինչեւ ընտրութիւններ դեռ շարունակենք այս վոհմակի թմբուկի տակ պարել, ազգովին կործանում ենք գնում: Մենք պաշտպանութեան ոչ մէկ միջոց ունենք, իսկ նրանք, որոնք յոյսերը դրել են Արեւմուտքի եւ Եւրոպայի օգնութեանը, խորհուրդ կը տամ վերանայէք, թէ ինչպէ՛ս «օգնեցին» Ուքրանիային:

Յատկապէս նաեւ կարդացէք այս օրերին ԱՄՆ-ում վերջապէս բացայայտուած, հասարակութեան համար հասանելի դարձած, մեծ աղմուկ հանած Էփստին կոչեցեալի թղթապանակը (ֆայլերը), որն առանց քողարկումի բացայայտում է, թէ ինչպէս մի խումբ անբարոյ, ամենաստորին այլանդակութեամբ ապրող, դրամապաշտ անհատներ համախմբուելով` ստեղծել են միաձոյլ, շահերի բերումով իրար հետ համաձայնեցուած մի ընկերութիւն, որը ղեկավարում է աշխարհը ե՛ւ քաղաքականապէս ե՛ւ տնտեսապէս: Նրանք ամէնուրեք գտնում են ստորին բնաւորութեամբ, ամէն այլանդակութեան ընդունակ, ստախօս, զրպարտիչ, դրամի համար իրենք իրենց վաճառողներին, մեր ներկայ իշխանութեան վոհմակի պէս եւ նրանց օգտագործում են իշխանութիւններ տապալելու, երկրներ ոչնչացնելու, նրանց օգտագործելու` աւելի հարուստ երկրներ կողոպտելու համար:

Որքան էլ զազրելի ու անհաւատալի է հնչում այս ամէնը, սակայն հրատարակուած փաստ է, իսկ անկախ այդ փաստից` մենք արդէն մեր երկրի օրինակով, պոլթընների, ծերակուտականների, Մաքրոն-միշէլների ել ու մուտով գիտենք մեր երկրին պատահածը, ուստի մտածենք, թէ ինչպէ՛ս դիմագրաւենք ներսի եւ դրսի հայակեր վոհմակին, որ ի սպառ չոչնչանանք:

3 փետրուար 2026

Այս գորգը զուտ նուէր գորգ չէ ինձ համար: Սա իմ դարաւոր երկրի, իմ հերոս ժողովրդի վկայագիրն է, նրա երկնաբարձ լեռների կանչը, այդ լեռներում թեւածող եւ իր հողին հսկող արծիւների ուժն է, մեր հողի յաւերժ մասնիկը: