Ականազերծումը ներդրում է խաղաղութեան մէջ. Հարցարզրոյց Ամերիկայի Հայ Դատի Գրասենեակի Գործադիր Տնօրէն Արամ Համբարեանի Հետ

Horizon Weekly Newspaper

«Եթէ Արցախի Ականազերծման Ծրագիրը Չեղարկուի՝ Կը Վճարենք Մարդկային Կեանքերով. Մենք Դա Թոյլ Չենք Տայ»

«Միակ ուժը, որը շահագրգռուած է Արցախի մարդասիրական օգնութեան դադարեցմամբ, Բաքուն է: ԱՄՆ կառավարութիւնը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դէմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացեալ Նահանգների գլոբալ առաջանահերթութիւններից մէկը: Պարզ տրամաբանութիւն է. եթէ ընդհանուր բանաձեւից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ օգնութիւնը կը շարունակուի, քանի որ այն շատ ուժեղ աջակցութիւն ունի Կոնգրէսում»:

Վերջին օրերին հայկական մամուլում շատ է քննարկւում այն տեղեկութիւնը, որ ԱՄՆ կառավարութիւնը որոշել է դադարեցնել Արցախի տարածքում իրականացուող ականազերծման աշխատանքների ֆինանսաւորումը: Իրականում այս տեղեկութիւնը վերապահումներով կարելի է նորութիւն անուանել, քանի որ այս որոշման մասին Ամերիկայի Հայ Դատի Գրասենեակը, հայ փորձագէտները ահազանգել են դեռեւս նախորդ տարուայ ամրանը: Այժմ խօսքն, ըստ երեւոյթին, աւելի պաշտօնական բնոյթի տեղեկութեան մասին է: Բայց այժմ էլ պէտք է ընդգծել, որ որոշումը դեռեւս վերջնական չէ: Այս մասին յայտարարել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Առաջին Լրատուական»ի խնդրանքով նա պատասխանել է թեմային առնչուող մի շարք կարեւոր հարցերի:

Խօսքը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան` USAID-ի կողմից ֆինանսաւորուող եւ երկար տարիներ «The HALO Trust» կազմակերպութեան կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացուող մարդասիրական ականազերծման ծրագրի մասին է, որի շրջանակներում բազմաթիւ մարդկանց կեանքեր են փրկուել: Հարկ է նկատել, որ Միացեալ Նահանգները Հայաստանի Հանրապետութիւնից յետոյ աշխարհում միակ պետութիւնն է, որն ուղիղ ֆինանսական օգնութիւն է յատկացնում Արցախին, եւ այս առումով ամերիկեան ֆինանսաւորման դադարեցումն, ի հարկէ, լաւ լուր չէ, եթէ հաշուի առնենք, որ ըստ Արցախի արտգործնախարարութեան մեկնաբանութեան՝ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռեւս աւարտուած չեն, եւ պահպանւում են բնակչութեան համար ականներով պայմանաւորուած վտանգները:

Թրամփի վարչակազմի այս որոշումը տարատեսակ ենթադրութիւնների ու սպեկուլեացիաների (գուշակութիւններ-Խմբ.) առիթ դարձաւ՝ հարցին տալով նաեւ քաղաքական երանգներ: Ամերիկացի հեղինակաւոր վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղութեան Քարնեկի հիմնադրամի «Ռուսաստան եւ Եւրասիայ» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) դեռ նախորդ տարուայ Օգոստոսին «Առաջին Լրատուական»-ի հարցազրոյցում առաջ էր քաշել այն վարկածը, որ Արցախի ֆինանսական աջակցութեան կասեցումը Թրամփի պատասխանն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Սիրիա մարդասիրական առաքելութիւն ուղարկելու որոշմանը: Նա ընգծել էր, թէ Հայաստանը ռուսական առաքելութեան շրջանակներում Սիրիա է ուղարկել ԱՄՆի կողմից եւ «ամերիկացի հարկատուների փողերով մարզուած» ականազերծողներին:

Եղել են նաեւ պաշտօնական մեկնաբանութիւններ: Կոնգրէսականների հարցումներին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մերի Թէյլորն ու USAID-ի տնօրէնի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում նշել են, որ 2017 թուականից ի վեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան շրջանում ականներից որեւէ զոհ չի եղել, եւ այժմ քննարկւում է օժանդակութեան նոր հնարաւորութիւն, մասնաւորապէս՝ բնակչութեան նախապատրաստումը խաղաղութեան:

Աւելի վաղ՝ Մարտի 11-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ նամակով դիմել էին Արտաքին յատկացումների հարցերով ենթայանձնաժողովի ղեկավարութեանը՝ կոչ անելով 2021 թ. բիւջէում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ Արցախում ականազերծման եւ ռէաբիլիտացիոն (վերականգնման-Խմբ.) աշխատանքների շարունակականութիւնն ապահովելու, ինչպէս նաեւ Հայաստանին յատկացուող օգնութիւնն ընդլայնելու համար: Արցախի համար ամերիկացի կոնգրէսականները 1.5 մլն. դոլար են խնդրում լիազօր մարմիններից:

Իսկ Արամ Համբարեանն ասել է, որ Արցախի ականազերծման ծրագրին վերաբերող որոշումը դեռեւս վերջնական չէ. «Վերջնական որոշումը կը կայացուի իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր ճիւղերի փոխգործակցութեան արդիւնքում: Վերջնական որոշումն ի յայտ կը գայ առաջիկայ շաբաթներին, ամիսների ընթացքում, երբ սկսուի 2021թ. «Օտարերկրեայ Պետութիւններին Օգնութեան» տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»:

Թեմայի շուրջ «Առաջին Լրատուական»ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».-  Պարոն Համբարեան, այս թեմայի առնչութեամբ մեզ առաջին հերթին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու՞ Միացեալ Նահանգների կառավարութիւնը որոշեց դադարեցնել Արցախի օգնութեան ծրագիրը: Որ՞ն է պատճառը:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Վերջին երկու տասնամեակների ընթացքում՝ թէ՛ Քլինթօնի, թէ՛ Բուշի, թէ՛ Օբամայի հիմա էլ՝ Թրամփի օրօք, Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը միշտ էլ ընդդիմացել է Արցախին ամերիկեան օգնութիւն տրամադրելու ծրագրին: Այս ծրագիրը սկսուել է 1998 թուականին եւ դրա նպատակը մարդասիրական օգնութիւնն էր, օրինակ՝ նիւթական օգնութիւն առողջապահական ոլորտին, մաքուր ջրի խնդրի լուծում, իսկ արդէն այսօր՝ ականազերծման աշխատանքներ: Իշխանութեան գործադիր ճիւղը միշտ էլ ընդդիմացել է այս ծրագրին, եւ Կոնգրէսն է, որ սկսել է այն ու ապահովել դրա շարունակականութիւնը աւելի քան 20 տարի: Այս իմաստով սա նոր զարգացում չէ:
Նորութիւնն այն է, որ Թրամփի օրօք գործադիր ճիւղի յարձակումը, ճնշումները ծրագրի վրայ աւելի ծանր են, քան նախորդ վարչակազմերի օրօք: Եւ բոլոր պատճառները տանում են դէպի Բաքու, Արցախի մարդասիրական օգնութիւնը կանգնեցնելը Բաքուի քաղաքական առաջնահերթութիւնն է: Տարիներ շարունակ ԱՄՆ կառավարութիւնը դիմակայել է Ադրբեջանի ճնշումներին՝ ընդդէմ այս մարդասիրական ծրագրի օգուտների ու նաեւ խաղաղութեան մէջ արուող այն ներդրումների, որոնք բխում են այդ ծրագրից:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Նկատի ունէք՝ սրա պատճառը կարող է Ադրբեջանի կառավարութեան ճնշումը՞ լինել:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Ես նկատի ունեմ, որ միակ ուժը, որը շահագրգռուած է Արցախի մարդասիրական օգնութեան դադարեցմամբ, Բաքուն է: Միացեալ Նահանգների կառավարութիւնը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դէմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացեալ Նահանգների գլոբալ առաջանահերթութիւններից մէկը: Պարզ տրամաբանութիւն է. եթէ ընդհանուր բանաձեւից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի շահը՝ օգնութիւնը կը շարունակուի, քանի որ այն շատ ուժեղ աջակցութիւն ունի Կոնգրէսում: Յիշէք, որ 2017ին եւ 2019ին երկու օրէնսդրական ուղղում է անցկացուել, նախորդ տարի Ներակայացուցիչների պալատի եւ Սենատի (Ծերակոյտ- Խմբ.) 100 անդամներ իրենց աջակցութիւնն են յայտնել Արցախի ականազերծման ծրագրին USAID-ին ուղղուած նամակում, իսկ այս ամիս նամակով հանդէս եկաւ 70ից աւելի կոնգրէսական՝ կոչ անելով շարունակել ծրագիրը: Այնպէս որ, ծրագիրը շատ մեծ աջակցութիւն ունի, եւ միակ դիմադրութիւնը Բաքուի կողմից է: Թրամփի վարչակազմը կարող էր գտնել այդ մի քանի միլիոն դոլարը, եթէ խնդիրը զուտ փողը լինէր: Բայց սա փողի խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Քարնեկի հիմնադրամի փորձագէտ Փոլ Սթրոնսկին նոյնպէս քաղաքական դրդապատճառներ է նշում՝ ասելով, թէ Թրամփի այս որոշումը կապուած է Սիրիա հայկական հումանիտար առաքելութիւն ուղարկելու որոշման հետ:

 ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Կան նաեւ այլ վարկածներ՝ կապուած Իրանի հետ, կապուած Ադրբեջանի հետ եւ դրանք կարող են ճշմարիտ լինել: Բայց այն, ինչ հաստատ ճիշտ չէ, Թրամփի պաշտօնական բացատրութիւնն է, թէ պատճառը բիւջէտային կամ վարչական փոփոխութիւններն են, եւ այդ գումարը պիտի յատկացուի այլ առաջնահերթութիւնների: Եթէ պատճառը ձեր ասածն է կամ մէկ այլ վարկած, ապա Թրամփի վարչակազմը պէտք է բացատրի իր որոշման պատճառները եւ ոչ թէ ձեւացնի, թէ սա պարզապէս բիւջէտային խնդիր է: Դա լուրջ չէ: Գումարը, որի մասին խօսում ենք, այնքան փոքր է, որ այդ բացատրութիւնը չի կարող համոզիչ լինել:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Իսկ ունե՞նք արդեօք իրական շանսեր փրկելու Արցախի ականազերծման ծրագիրը կոնգրէսականների աջակցութեան միջոցով կամ այլ ճանապարհներով:

 ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Մենք անելու ենք ամէն ինչ այս ծրագիրը փրկելու համար: Սա կեանքեր փրկող ծրագիր է, սա ներդրում է խաղաղութեան մէջ եւ եթէ այն չեղարկուի՝ մենք կը վճարենք խաղաղ բնակիչների՝ գիւղացիների եւ երեխաների կեանքերով: Մենք դա թոյլ չենք տայ:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Դուք ասել էք, որ որոշումը դեռ վերջնական չէ: Այսինքն՝ դուք հաւատում էք, որ կարելի է ինչ-որ բան փոխել:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ դուք ծանօթ էք մեր համակարգին. Կոնգրէսն ընդունում է ֆինանսական յատկացումների օրինագիծը, յետոյ նախագահը հաստատում է այն: Այս գործընթացում կողմերից իւրաքանչիւրը մեծ իշխանութիւն եւ ուժ ունի եւ միաժամանակ՝ կողմերից ոչ ոք 100 տոկոսանոց իշխանութիւն չունի: Գործադիր իշխանութիւնը շատ յստակ ցոյց է տուել իր դիրքորոշումը եւ հիմա պարտաւոր է նոյն յստակութեամբ բացատրութիւն տալ: Սա բաւական բարդ պրոցես (գործընթաց-Խմբ.) է, որը դեռ չի աւարտուել: Հարկաւոր է մի շատ կարեւոր բան հասկանալ՝ գործադիր իշխանութիւնը միշտ էլ դէմ է եղել օգնութեան ծրագրին եւ եթէ նրանք կարողանային սպանել այն, ապա դա կ’անէին 20 տարի առաջ: Նրանք միշտ էլ դէմ են եղել: Սա բաւական ծանր յարձակում է, բայց նրանք նախկինում էլ են դէմ եղել, սա նորութիւն չէ:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Եթէ ականազերծման ֆինանսաւորումը դադարեցուի՝ պէ՞տք է արդեօք ակնկալենք մարդասիրական այլ ծրագրեր Միացեալ Նահանգների կողմից:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Դա այն կարեւոր հարցերից է, որը մենք այժմ քննարկում ենք, բայց այս պահին մեր գլխաւոր նպատակը Արցախը ականներից ազատելն է:

Leave a Comment

You must be logged in to post a comment.