«Ալիեւից կախեալ Փաշինեանն այլընտրանք չունի, գնալու է զիջումների. դա է իշխանութեան մնալու երաշխիքը». Վահագն Մելիքեան

168TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում «Դիւանագէտների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Մելիքեանը, խօսելով Փաշինեանի վարած քաղաքականութեան մասին, խորհուրդ է տուել այդ քաղաքականութիւնը դիտարկել միայն մէկ հարց լուծելու համատեքստում։

«Փաշինեանը գնալու է զիջումների. այլընտրանք չկայ։ Զիջում ասելով՝ պէտք է նկատի ունենանք, որ ամէն զիջումը փոխկապակցուած է իշխանութեանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանութեան մնալու երաշխիքն է։ Ասել, թէ նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորութիւն է։ Պլանաւորուած եւ ճանապարհային քարտէզով ինքը շարժւում է առաջ։ Ինքը պայմանաւորւում է միայն Ալիեւի հետ, որովհետեւ Փաշինեանի իշխանութիւնը կախուած է Ալիեւից. թելադրողն Ալիեւն է»,- ասել է Մելիքեանը։

Ինչ վերաբերում է Փաշինեանի առաջարկած «Խաղաղութեան խաչմերուկ»-ին, ապա, ըստ Մելիքեանի՝ այդ ծրագրի վրայ աշխարհի տարբեր կեդրոններում ուղղակի ծիծաղում են։

«Փաշինեանը մէկ նպատակ ունի՝ մնալ իշխանութեան՝ տարածք յանձնելո՞ւ, թէ՞ պետականութեան կորստի գնով, իր համար մէկ է։ Իր այդ առաջարկած խաչմերուկը ոչ մի բան է, չկայ դրա տակ դրուած որեւէ հիմնաւորւած թուային վերլուծութիւն։ Եթէ սա համաշխարհային մակարդակի առաջարկ լինէր, ապա համաշխարհային լուրջ խաղացողները եւ այն մայրաքաղաքները, որոնք այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, կեանքի կը կոչէին այդ «Խաղաղութեան խաչմերուկ»-ը։ Այսինքն՝ սա նշանակում է, որ քուլիսայինը Սիւնիքն է։ Շան գլուխը թաղուած է այնտեղ, որ այս «Խաղաղութեան խաչմերուկ»-ի ետեւում աշխարհաքաղաքական բախում է. այստեղ բախւում են Արեւմուտքն ու Ռուսաստանը, Իրանի գործօնն է մեծ, դրա համար որեւէ մէկը դա չի ուզում վերցնել եւ կեանքի կոչել այն։ Հետեւաբար՝ իր այդ առաջարկածն ընդամէնը ներքին սպառման խնդիր ունի»,- ընդգծել է Վահագն Մելիքեանը։

 

Comments are closed.