Քարինտակի ճակատամարտը Արցախեան ազատամարտի յաղթանակի նախանշանն էր
28 տարի առաջ` 26 յունուար 1992-ին տեղի ունեցաւ Քարինտակի հերոսամարտը: Քարինտակի հերոսամարտը շրջադարձային դարձաւ հայկական կողմին պարտադրուած պատերազմին հոլովոյթին մէջ եւ հիմք հանդիսացաւ նոր յաղթանակներու համար: Ստորեւ յօդուածը կը նկարագրէ պատմական այդ ճակատամարտը։
Թռչում են տարիները, եւ ահա, մարդու հաւատը չի գալիս, որ արդէն 26 տարի է անցել Քարինտակի ճակատամարտից:
Քարը կամ ապառաժը Շուշին է, որի անառիկութեան մասին շքեղ պատկերաւորութեամբ գրել է Լէոն: Այդ անառիկ ամրոցի արեւմտեան ապառաժի տակ հայաբնակ Քարինտակն էր, որը Շուշիի շրջանի եզակի նմուշներից էր, որտեղ հայերը մնացել են իրենց համախումբ ամբողջութեամբ:
Քարինտակը Շուշին անջատում էր ատրպեճանական զաւթեալ միւս բնակավայրերից: Գիւղը վերցնելուց յետոյ Ստեփանակերտի վրայ ճնշումն աւելի կ՛ուժեղանար: Թուրքերը Քարինտակը հաւանաբար դիտում էին իբրեւ համեղ պատառ, սակայն այն սուր ոսկոր դարձաւ եւ մնաց թուրքի կոկորդում:
Հայ-թուրք հակամարտութեան սրացմանը զուգընթաց աւելի պարզ էր դառնում, որ Շուշիի եւ Քարինտակի բախումը լինելու է անխուսափելի: 91-ի սկզբից սկսած` Քարինտակի վրա թուրքերի յարձակումներն ու ռմբահարումները եղել են արագացող պարբերութեամբ: Քարինտակցիները ոչ միայն չեն սսկուել թշնամու դիրքի եւ ռազմուժի ճնշող գերակշռութիւնից, այլեւ իրենք էին վտանգ ստեղծում Լաչին-Շուշի անխաթար երթեւեկութեան համար։
Քարինտակը հոգեբանօրէն նախապատրաստուած էր ամէն մի ոտնձգութեան: Գիւղի ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարը ԼՂՀ ԳԽ պատգամաւոր, Արցախում մեծ հեղինակութիւն եւ յարգանք վայելող Վաղարշակ Առուշանեանն էր:
Դեռեւս 90-91 թուականներին գիւղում նրա գլխաւորութեամբ ստեղծուել էր ընդյատակեայ կորիզ: Դաշնակցական այդ խումբը աստիճանաբար մեծանում եւ դառնում է ջոկատ:
Քարինտակցիները գործում էին Շուշիին տիրելու խելամիտ ծրագրի համակարգում: 91-ի Հոկտեմբերից Քարինտակի եւ Շոշի ջոկատներին հրահանգ է տրւում՝ թուրքերին հանել Քարինտակից հիւսիս-արեւմուտք ուղղութեան մէկ քիլոմեթրի վրա գտնուող Նաբիլար գյուղից, այնուհետեւ պայթեցնել Շուշիի ջրմուղը եւ բարձրավոլթ ելեկտրաաշտարակը, որպէսզի Շուշիին ջրազուրկ անեն եւ հոսանքից զրկեն: Սկզբից պայթեցնում են ջրմուղը: Մէկ օր յետոյ հրահանգ է գալիս 48 ժամուայ ընթացքում հանել Նաբիլար գիւղը: Թուրքերը, մի քանի զոհ տալով, փախչում են գիւղից: Աշտարակը պիտի պայթեցնէին Յունուարի 25-ին, սակայն մի օրով յետաձգում են:
Գիւղի ջոկատում մեծ կռուի պահին կար 40 հոգի, նաեւ՝ Երեւանից կամաւոր մարտիկներ, որոնց հաղորդած բարոյահոգեբանական աջակցութիւնը շատ մեծ էր: Նրանց մէջ առանձնակի տպաւորութիւն էր թողնում Կարէն Առուշանեանը՝ Վաղարշակի երեւանաբնակ եղբօր որդին, որը չորս դուստրերի հայր էր: Թէեւ ընդամէնը 27 տարեկան էր, սակայն ունէր պայքարի մեծ կենսագրութիւն եւ յուսալի մարտիկ էր ըստ ամենայնի: Մեծ հեղինակութիւն էին վայելում նաեւ Կարէնի ընկերները` Նորայր Մանասերեանը, Անուշաւան Յարութիւնեանը։
Թուրքերը հայերի վրայ վերջին անգամ ժայռաբեկորներ եւ վառուող անուադողեր թափեցին 1992 թուականի Յունուարին: Սակայն այլեւս մանկական խաղ թուացող այդ գործողութիւնը կատարում էին հայերի ուշադրութիւնը վտանգի հիմնական ուղղութիւնից շեղելու համար: Իսկ այդ վտանգը ոչ միայն անմիջապէս Շուշիից էր, այլեւ գիւղի հիւսիս-արեւմտեան կողմից` Կարմիր Քերծի տակ դարան մտած Նաբիլար գիւղի ճանապարհից: Հենց այդ ճանապարհով 1992-ի Յունուարի 26-ի լոյս գիշերը թուրք զօրքը օղակի մէջ առաւ Քարինտակը: Թուրքերի նպատակը պարզ էր, բայց հեռահար:
Ամբողջ գիշեր թուրքերը զէնքի բոլոր տեսակներով կրակ էին տեղում գիւղի վրայ: Այդ օրուայ յարձակման ժամանակ գիւղի 5 պահակակէտերից իւրաքանչիւրում կար 20-25 մարդ: Առաւօտեան քարինտակցիները գիւղը շրջապատուած տեսան: Երեք գումարտակ էր նետուած գիւղի վրայ, 4-րդը յետոյ բերեցին:
Գիւղի պաշտպանները 92 հոգի էին: Հրամանատարը ազատագրական պայքարի նուիրեալ Վաղարշակ Առուշանեանն էր, տեղակալը` Արթուր Առաքելեանը: Ով կարողացաւ` հասաւ պահակակէտերը: Թուրքերը ռմբահարում էին հրանօթներով, գնդակոծում էին տարբեր զէնքերից: Ամէն ինչ կարծես խառնուել էր իրար: Հրամանատարը կապւում է շրջակայ հայոց բնակավայրերի` Շոշի, Քարաշէնի, Սղնախի հետ: Օգնութիւնը բաւական ուշանում է: Զինամթերքն սպառուելու պահին դուրս են գալիս մերձամարտի եւ սպանուած թուրքերից հաւաքում զէնք ու զինամթերք:
Սկզբնական շրջանում առաջին պահադիրքի՝ Խաչին սըռի վրայ է ճնշումը լինում ուժեղ, այնուհետեւ` երկրորդ պահադիրքի, որտեղ թուրքերը շատ մեծ թուով են յարձակւում: Այստեղ առանձնակի եւ վտանգաւոր խրամատում կռուող Կարէն Առուշանեանը ծանր վիրաւորւում է եւ մահանում։ Պահադիրքերից փամփուշտ ու զինամթերք են խնդրում: Երկար դիմադրութիւնից յետոյ Երրորդ պահադիրքը այլեւս չի դիմանում, եւ նահանջում են:
Օգնութեան եկողները Կապին քերծի մօտ ընկնում են ծուղակի մէջ: Թուրքերն արկահարման տակ էին պահում Քարինտակ մտնող այն ճանապարհը, որտեղից օգնութիւն էր սպասւում: Պահն իրօք օրհասական էր:
Պահեստում մնացել էր ընդամէնը 3 արկղ փամփուշտ: Արկղը շալակած մարտիկներից մէկն անցնում է մի քանի 100 մեթր, որ այն հասցնի դիրք, սակայն սպանւում է: Վաղարշակն ստիպուած ինքն է գնում, եւ չանցած 100 մեթր՝ ինքն էլ է զոհւում դարանակալ թուրքի գնդակից: Ստեփանակերտից եկող շրջանցիկ ճանապարհի վրայ թուրքերին յաջողւում է խփել մեր մեքենաներից մէկը, եւ 3 հոգի զոհւում են: Ի վերջոյ, հասնում է Ասկոլկա Աշոտի վաշտը:
Այդ ընթացքում երեխաներին եւ կանանց ուղարկում են դէպի Աւետարանոց գիւղը: Բարեբախտաբար, այդ պահին թանձր մառախուղ է պատում, եւ դուրս եկողները հեռանում են աննկատ: Փաստօրէն, բնակչութիւնը ազատւում է ոչնչանալու վտանգից: Մերոնք յանձնում են առաջին պահակակէտը: Երկրորդ պահադիրքի վրայ զոհւում է նաեւ Անուշաւան Յարութիւնեանը:
Այնուհետեւ թուրքերը 3-րդ պահակադիրքի մօտ իրենք են ընկնում ծուղակը, եւ 14 թուրք է սպանւում: Ընդ որում, այդ պահակադիրքը թուրքերն առանձին են շրջափակում, բայց յաջողութիւն չեն ունենում: 3-րդ պահադիրքի վրայ այլեւս յարձակում չի լինում, եւ իրենք են այս անգամ օգնութեան գնում 2-րդ պահակէտին:
Կռիւը վերջանում է հայերի յաղթանակով: Սակայն ընդհանուր տրամադրութիւնն ընկնում է՝ կորուստները մեծ էին, իսկ երեքը` Վաղարշակ Առուշանեանը, Ալեոշա Վարդանեանը եւ Հենրիխ Ամիրջանեանը, հրամանատարներ էին: Մեր զոհերից մի քանիսը հիւանդանոցում են մահանում, մի քանիսը` հիւանդանոցի ճանապարհին` հրասայլի հրանօթի հարուածից: Այդ օրը գիւղի պաշտպաններն օգտագործեցին իրենց ունեցած 24 հազար փամփուշտները եւ թուրքերից վերցրածները:
Քարինտակի ճակատամարտը իւրայատուկ տեղ ունի Արցախեան պատերազմի պատմութեան մէջ: Այդ հերոսամարտը յիշեցնում է մեր պատմական աւանդական ճակատագիրը` թշնամին մեծաքանակ, իսկ հայերը` փոքրաթիւ եւ աննկուն: Այդ ճակատամարտն ի յայտ բերեց հայոց ռազմական հանճարի մեծազօրութիւնը: Քարինտակը վերջնական յաղթանակի նախանշանն էր: Այդ ճակատամարտն աւարտուեց երեկոյեան, երբ հասան օգնական ուժերը: Գիւղի մօտակայքում քարինտակցիները հաշուել են թուրքերի 136 դիակ: Թէ որքան են նրանք կարողացել տեղափոխել` յայտնի չէ: Երբ թուրքերին առաջարկեցին գալ եւ հաւաքել դիակները, նրանք հրաժարուեցին՝ ասելով, թէ իրենց դիակներ պէտք չեն: Դրանք մէկ ամիս մնացին անթաղ, եւ գիւղացիները ստիպուած դիերը հողին յանձնեցին: Իսկ մեր զոհերի ընդհանուր թիւը 21 էր:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ