Փաստեր` Ատրպէյճանի կողմից Արցախը տոտալ շրջափակման ենթարկելու վերաբերեալ
Ատրպէյճանի էթնիկ զտումները կենսագործւում են. Թաթոյեան հիմնադրամ
Ատրպէյճանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարուայԴեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղէտը տարւում է արդէն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրուած են աշխարհից:
Յունուարի 9-ից Ատրպէյճանն ամբողջութեամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, եւ այն առ այսօր չի վերականգնուել:
Մարտի 21-ից Ատրպէյճանն ամբողջութեամբ դադարեցրել է Հայաստանից դէպի Արցախ կազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:
Յունիսի 15-ից դադարեցուած են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ եւ այլն) մատակարարումները:
Յունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջոցով իրականացւում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:
Յուլիսի 8-ի կէսօրին տեղեկութիւն տարածուեց, որ կազի մատակարարումն Արցախ վերականգնուել է, սակայն Յուլիսի 9-ի կէսօրից կազի մատակարարումը կրկին դադարեցուեց:
Ընդ որում, այս ամբողջ քաղաքականութիւնը կատարւում է մտադրուած` մարդկանց մէջ անորոշութիւն ու տագնապ տարածելու համար:
Անգամ նուազագոյն կենսական կարիքների` հիւանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքաւորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:
Այս կերպ ատրպէյճանական իշխանութիւնն Արցախի 120,000 բնակիչներին մտադրուած ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողութիւն կեանքի եւ առողջութեան համար, յուսահատութիւն:
Սա էլ ատրպէյճանական իշխանութեան շարունակուող հայատեաց ու թշնամանքի յանցաւոր քաղաքականութեան բնական դրսեւորում է, նրանց իրական մտադրութիւններից բխող քայլեր:
Թաթոյեան հիմնադրամ
Comments are closed.