Փաստաթղթի փոխարէն Փաշինեանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպուած ինչ որ բառակոյտ. Արթուր Խաչատրեան
- (0)

Դէ ինչ, փիղը երկնեց եւ մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինեանը հրապարակեց «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Հրապարակած փաստաթղթերը թոյլ են տալիս մի քանի եզրակացութեան գալ։ Ի հարկէ, աւելի խորը վերլուծութիւնը եւ այլ աղբիւրների հետ համեմատութիւնը լրացուցիչ բացայայտումների կարող է բերել, բայց հիմա առաջնորդուենք «առաջին մօտարկմամբ»։
1.- Փակ աչքերով ընտրէք կարգաւորման ցանկացած տարբերակ (փաստաթուղթ), որը Փաշինեանը հրապարակել է։ Ցանկացած կարգաւորումը շատ աւելի հայանպաստ կը լինէր, քան այն ինչի առաջ մեզ կանգնացրեց Փաշինեանը․․․
2.- Նոյնիսկ այն ինչ հրապարակուել է ապացուցում է, որ Փաշինեանի պնդումները, թէ Արցախի կարգաւորումը միջազգային հանրութիւնը դիտարկում էր բացառապէս Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում կեղծ են։ Ծանօթացէք 2006-2019 թթ․ ներկայացուած առաջարկներին։ 2011 թուականին Կազանում ամբողջական փաստաթուղթ էր ներկայացուել։ Ատրպէյճանի կողմից Կազանի տապալումից յետոյ Արցախի ժողովրդի ազատ եւ ոչնչով չսահմանափակուած ինքնորոշման իրաւունքն առկայ է «Լաւրովի պլանի» բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Հրապարակած փաստաթղթերը հերքում են Փաշինեանի այլ պնդումներ նոյնպէս, օրինակ՝ միջանկեալ կարգավիճակի առաջարկի զեղջման վերաբերեալ իր յայտարարութիւնները։
3.- Փաթեթը թերի է։ Կարող եմ ներկայացնել 90-ականներին ներկայացուած եւս մի քանի առաջարկ` Ժելեզնովոդսկից սկսած մինչեւ ռուս-ֆիննական համանախագահութեան կողմից 97-ի Ապրիլին ներկայացուած համապարփակ առաջարկութիւնը։ Եթէ աւելի խորն ուսումնասիրելու ցանկութիւն լինի, կարող եմ տրամադրել նաեւ դեռեւս 1988-ին ներկայացուած Սախարով-Ստարովոյտովայի կարգաւորման առաջարկը։
4.- ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իմաստն ու նպատակը լրիւ այլ են, քան ներկայացնում էր պոստ-պատերազմեան Փաշինեանը։ ՄԱԿ-ն այդ բանաձեւերով չի ամրագրել, որ Արցախեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում։ ՄԱԿ ԱԽ առնուազն 874 (1993) եւ 884 (1993) բանաձեւերը կարգաւորման ընդհանուր փաթեթի մի մասն են։ Դրանցով ամրագրւում էր կարգաւորման այն տարբերակը, որն առաջարկուել էր ԵԱՀԽ կողմից։ Նշեմ, որ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իննեակը փաթեթային կարգաւորման առաջարկ էր ներկայացրել, որը ներառում էր թէ՛ Լեռնային Ղարաբաղի ապագայ իրաւական կարգավիճակի որոշումը Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, թէ՛ պատերազմի հետեւանքների վերացումը, ներառեալ Արցախի յարակից շրջաններից Լեռնային Ղարաբաղի զինուած ուժերի, իսկ Մարտակերտի շրջանից ատրպէյճանական ուժերի դուրսբերումը։ Ի դէպ նշեմ, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւ ենթադրւում էր նաեւ «Լաւրովի պլանով», որոնց տարբեր աշխատանքային տարբերակներ կողմերին ներկայացուել էր 2014-2019 թուականներին։
5.- Կազիմիրովի գրքից կարգաւորման առաջարկների արտատպումն ուղղակի ծաղր են։ Ով որ Արցախեան բանակցութիւններով հետաքրքրուած էր, այդ առաջարկների հետ վաղուց էր ծանօթ։ Ի դէպ, աչքեր ունեցողը կը տեսնի, որ Փաշինեանը հրապարակաւ թհուր էր ներկայացրել «ընդհանուր պետութեան» ամբողջ տրամաբանութիւնը։
6.- Կասկածում եմ, որ իշխանութիւնները խղճի խայթ են զգացել, կամ գիտակցել են, որ սուտն էլ չափ ու սահման պէտք է ունենայ, բայց Փաշինեանը չի հրապարակել 1999 թուականի ԵԱՀԿ Սթանպուլի հռչակագիրը եւ կրկին պնդել, թէ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները ճանաչելով Հայաստանի իշխանութիւններն Արցախը ճանաչել են Ատրպէյճանի կազմում։ Երեւի այդ հռչակագրի մասին ուղղակի մոռացել են։ Ամէն դէպքում, վնաս չի տայ, եթէ եւս մէկ անգամ էլ պնդեմ, որ Սթանպուլում Հայաստանն Արցախն Ատրպէյճանի մաս չի ճանաչել։
7.- Քի Վեսթ․․․․ Որեւէ փաստաթուղթ հրապարակուած չէ։ Փաստաթղթի փոխարէն Փաշինեանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպուած ինչ որ բառակոյտ, որն, ըստ նրա, իրեն փոխանցել էին 2008 թուականին Լեւոն Տէր-Պետրոսեանի նախընտրական շտապից։ Հետաքրքիր է, եթէ փաստաթուղթը չունեն, ինչպէ՞ս էին դրա բովանդակութեան մասին դատողութիւններ անում։ Եթէ դատողութիւններ էին անում, ուրեմն ունեն կամ կարդացել են։ Եթէ 2018-ին այդ փաստաթուղթը ԱԳՆ-ից «անհետացել էր», ինչու ամերիկացիներից, ռուսներից ու ֆրանսացիներից (ում հետ «առանձնաշնորհեալ» յարաբերութիւններ ունենք) մի օրինակ չէին խնդրել։ Համարեա 8 տարի է իշխանութիւն են։ Եթէ Թրամփն իր WhatsApp-ի համարը Փաշինեանին տուել էր, մի քանի էջն ի՞նչ է, որ քսերոքս չանէր ու չտար։ Պարոնայք, կա՛մ փաստաթուղթը հրապարակէք, կա՛մ խոստովանէք, որ ժողովրդի աչքերին Երեւանի թոզն էք այսքան ժամանակ փչել։
Յ․Գ․ Իսկ եթէ ուզում էք շատ փաստաթղթերի հետ ծանօթանալ, կարդացէք իմ հեղինակած «Արցախեան բանակցութիւններ» երկհատորեակը։
Արթուր Խաչատրեան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր