Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Horizon Weekly Newspaper

Յունուարի 23-ին «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը հանդէս եկաւ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ակնյայտ է, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնները այդպէս էլ չեն ընկալում աշխարհաքաղաքական զարգացումները, ադեկվատ չեն ներկայ իրավիճակին, այլ տրամագծօրէն հակառակ վարքագիծ են իրականացնում, աշխարհը հիմա շարժւում է ազգային շահերը առաւելագոյնս պաշտպանելու մօտեցումով, Հայաստանի օրուայ իշխանութիւնը գնում է ազգային շահերը զիջելու, յանձնելու մօտեցումով, կեղծ յայտարարութիւններ անելով, թէ գնում է խաղաղութեան», յայտարարեց Արծուիկ Մինասեանը՝ անդրադառնալով Նոյեմբերի 9-ի պայմանաւորուածութիւնների մասով ՌԴ-ի յիշատակմանը։
Ըստ Մինասեանի՝ աշխարհում ընթանում է ազգային շահերն առաւելագոյնս պաշտպանելու մօտեցում, սակայն ՀՀ իշխանութիւններն առաջնորդւում են դրանք զիջելու, յանձնելու մօտեցմամբ՝ «կեղծ տիտղոսային յայտարարութիւն անելով, թէ գնում են խաղաղութեան։

Պատգամաւորի խօսքով, իրականում այդ խաղաղութեան տակ թաքնուած են ամենամեծ հնարաւոր յանձնումները։

«Այն, ինչ անում է այսօրուայ իշխանութիւնը, թէ՛ Նոյեմբերի 9-ի պարտաւորութիւնների կամ իրաւունքների իրացման անկարողութեան դրսեւորմամբ, թէ՛ եւրոպական հատուածի հետ յարաբերութիւնների շրջանակներում, թէ՛ ձեւական կեղծ յայտարարութիւն անելով, մի նպատակ է հետապնդում՝ առաւելագոյնս պահպանեն իրենց իշխանութիւնն ու նեղ խմբային անվտանգութիւնը», ասաց նա։

Արծուիկ Մինասեանը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցութեան օրակարգը համարում է «կեղծ եւ արկածախնդրային»։

Նրա խօսքով՝ իշխանութիւններն արհեստական օրակարգ առաջ տանելու փոխարէն պէտք է իրականացնեն այն նախագծերն ու նախաձեռնութիւնները, որոնք ամրագրուած են 2017 թ. ստորագրուած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդլայնուած եւ համապարփակ գործընկերութեան համաձայնագրով։ Չէ՞ որ այս փաստաթղթի իրականացումը նախատեսում է լայնածաւալ աշխատանք, ինչպէս նաեւ բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Աւելին, փաստաթուղթը Հայաստանը չի դնում աշխարհաքաղաքական ընտրութեան առջեւ։ «Սակայն դրա փոխարէն իշխանութիւնները մտցրել են թեմա, որը ներկայ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում չափազանց վտանգաւոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ։ Դա կարող է պառակտում առաջացնել հայ հասարակութեան մէջ, բացել լարուածութեան եւ առճակատման նոր օճախներ», նշեց Մինասեանը։

Պատգամաւորի կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ իրաւական անհեթեթութիւն։ Չէ՞ որ խորհրդարանի օրակարգում ընդգրկուած փաստաթուղթն ամէն ինչ է, բայց ոչ օրէնք։ «Այս ձեւով փաստաթուղթը չի համապատասխանում օրէնքով սահմանուած որեւէ չափանիշի։ Սա լաւագոյն դէպքում յայտարարութիւն է», ընդգծեց պատգամաւորը։

Ընդդիմադիր դաշտում փոխադարձ ցեխարձակումները լաւ բանի չեն բերում Արծուիկ Մինասեանը՝ անդրադառնալով ի պաշտպանութիւն Ռոպերթ Քոչարեանի՝ Սերժ Սարգսեանի դէմ ուղղուած Անդրանիկ Թեւանեանի յայտարարութիւններին։

«Աւելին՝ ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ էլ տեղը, որ փորձենք մէկը միւսին մեղադրանքներ ներկայացնել, եւ եթէ եղել են տարբեր ժամանակներում թերութիւններ ու սխալներ․․․ հիմա, երբ հայրենիքը կործանող քաղաքական ուժի հեռացման առաջնահերթութիւնն է դրուած, բոլորս պէտք է լծուենք այս կարեւոր խնդրի լուծմանը։ Այդ խնդիրը պահանջում է նաեւ բոլոր ընդդիմադիր ուժերի կոնկրետ արժէքների շուրջ համաձայնութիւնը՝ պետութիւն, հայրենիք, մեր ազգային արժանապատուութիւն, համահայական համախմբում եւ դրա համատեքստում նաեւ առանց որեւէ անձնական կեդրոնացուածութեան համախմբուել այս գաղափարն իրականացնելու հարցի շուրջ», ասաց նա։

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել համախմբուած եւ միասնական պայքարին։

Մանրամասները՝ տեսանիւթում.