«Վերականգնո՞ւմ», Թէ Վերաձեւում. Ադրբեջանի Մշակութային Քաղաքականութեան Դիմակը». «Գեղարդ» Գիտավերլուծական Հիմնարկի Արձագանգը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկի արձագանգեց 24 Սեպտեմբերին Պաքուի մէջ հնչած յայտարարութիւններուն, ըստ որոնց, Ատրպէյճան «կը վերականգնէ» Շուշիի հայկական եկեղեցիները: «Գեղարդ»ի հրապարակած արձագանգ-յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Բաքւում կրկին խօսում են ադրբեջանական բազմամշակութայնութեան եւ հանդուրժողականութեան մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին: Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանութիւններն ընդունում են, որ Արցախում կան դեռեւս «չաղուանականացրած» հայկական կառոյցներ:

«Սեպտեմբերի 24ին Բաքւում անցկացուել է Ադրբեջանում կրօնական դաւանանքների յիշատակի օրուայ 5ամեակին նուիրուած հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Ալլահշուքիւր Փաշազադէն: Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրօնամշակութային ժառանգութիւնը մերժող յայտարարութիւններով:  

«Պետութիւնը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքուի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ եւ հայկական եկեղեցիները: Սա ադրբեջանցի ժողովրդի եւ պետութեան բազմամշակութային քաղաքականութիւնն է, ինչպէս նաեւ՝ բարոյական գերազանցութիւնը», համաժողովին ասել է Փաշազադէն:

«Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Փաշազադէին հարկ է յիշեցնել 1990ական թուականներին կամ դրանից յետոյ կառուցուած հայկական եկեղեցիների, հասարակական նշանակութեան շէնքերի, կանգնեցուած խաչքարերի ու յուշարձանների, նաեւ՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգուած ոչնչացրել է 2020 թուականի պատերազմից սկսած: Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարեայ հետքն Արցախում, իսկ «աղուանական» անուան տակ բռնաիւրացնում է միջնադարեան կառոյցները:

«Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ եւ հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը: Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» եւ հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտութիւն է առաջացել:

«Ուղղափառ» հռչակուածը Կանաչ ժամ անունով յայտնի Յովհաննէս Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրաւելու ժամանակ ամբողջութեամբ անվնաս էր եւ Ադրբեջանի կողմից հիմնովին աւերուել է կարճ ժամանակ անց: Հայկական հռչակուածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թուականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցուել է հեռահար հրթիռներով: Վնասուած եկեղեցին տեւական ժամանակ ծածկուած է շինարարական ցանցով եւ յայտնի չէ, թէ ինչ աղաւաղումների է ենթարկուել:   

«Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգուած ոչնչացնել հայկական մշակութային ժառանգութիւնը, փաստագրուած է թէ՛ արբանեակային լուսանկարներով, թէ՛ միջազգային իրաւապաշտպան կառոյցների զեկոյցներով: 2025 թուականի Օգոստոսի 29ին ԱՄՆ Միջազգային կրօնական ազատութիւնների յանձնաժողովը հրապարակել է նոր զեկոյց՝ մէկ անգամ եւս արձանագրելով, որ հայկական ժառանգութիւնը ոչնչացման վտանգի տակ է, եւ ԱՄՆ կառավարութեանը խորհուրդ է տուել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ եւ շրջակայ տարածքներ՝ ստուգելու եւ փաստագրելու կրօնական ու մշակութային ժառանգութիւնը:

«Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը նման է թուրքական իշխանութիւնների քաղաքականութեանը? վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարիւրաւոր եկեղեցիներ արդէն քանդուել կամ վերածուել էին մզկիթների:

«Հայկական ճարտարապետութիւնն առանձնանում է իր ինքնատիպութեամբ, պատմական արմատներով ու գեղարուեստական արժէքներով: Եթէ նոյնիսկ «վերականգնում» անուան տակ Ադրբեջանը յայտարարի, թէ վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարուի հերթական անգամ «աշխարհի աչքին թօզ փչելու» համար:

«Մի՞թէ սա է Փաշազադէի նշած «բարոյական գերազանցութիւնը»: