Սիրիայի նոր իշխանութիւնները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնեայ համայնքների հետ. Զարմիկ Պօղիկեան
Սիրայում տեղի ունեցած «իշխանափոխութիւնից» 7 օր անց, երէկ՝ Դեկտեմբերի 15-ին, տեւական դադարից յետոյ, առաջին անգամ ղօղանջել են Սիրիայում գտնուող հայկական եկեղեցիների զանգերը: Սիրիայում կեանքը դանդաղ ու փոքր քայլերով վերականգնւում է. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանը: Նա նկատեց՝ թէեւ Սիրիայում դեռեւս անորոշութիւնը շարունակւում է, բայց այնուամենայնիւ մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կեանքին:
«Այսօրուանից դպրոցներում դասընթացները վերականգնուել են: Կապուեցի հայկական դպրոցների ղեկավարների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է իրենց մօտ, նորմա՞լ են ընթանում դասերը: Ինձ տեղեկացրին, որ վարժարաններում բացականեր գրեթէ չեն եղել, դասերն առանց խնդիրների են անցել, ուսուցիչները կամ մնացած աշխատողները, առանց բացառութիւնների, աշխատանքի են ներկայացել», ասաց Պօղիկեանը:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագրի խօսքով՝ Սիրիայի նոր իշխանութիւնները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների հետ: Իշխանութիւնները եկեղեցականներին յորդորում են՝ շարունակել եկեղեցական կեանքը, աղօթքներն ու պատարագներն այնպէս, ինչպէս նախկինում:
«Երէկ մեր բոլոր եկեղեցիները բացուեցին, արարողութիւններ տեղի ունեցան: Իշխանութիւնները դրական են տրամադրուած քրիստոնեաների դէմ, քաղաքում էլ տօնածառ դնելուն դրական են վերաբերւում: Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց կեանքին վերադառնալ, որովհետեւ անցումային իրավիճակը շարունակւում է, իսկ մենք պիտի փորձենք հանդարտօրէն անցնել այս ճանապարհը»:
Պօղիկեանը նաեւ տեղեկացրեց, որ Սիրիայում այս պահին տնտեսական տագնապը շարունակւում է: Չանայած տատանուող ու անորոշ դրութեանը, շատ մարդիկ շարունակում են տանը մնալ, աշխատատեղիներից շատերը դեռեւս չեն վերաբացուել:
«Այնուամենայնիւ, մինչեւ հիմա, քաղաքում կարգ ու կանոն չի հաստատուել: Տնտեսական կեաքնի անիւը դեռեւս իր ընթացքով չի շարժւում: Հալէպում սուղ պայմաններ են: Հիմա մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անել»:
Բացի այդ, Պօղիկեանն ընդգծեց՝ նոր իշխանութիւնները յորդորում են՝ ասելով՝ իրար օգնելով, ձեռք ձեռքի տուած, պիտի անցնենք այս բարդ իրավիճակի միջով, որպէսզի երկիրը դուրս գայ ծանր վիճակից:
«Հայ համայնքը պատրաստ է օգնութեան ձեռք մեկնել երկրի իշխանութիւններին: Խնդրել են, որ իրենց անվտանգութեան երաշխիքներ տրամադրուեն: Այս իմաստով երաշխիքներ տրամադրուել են: Հայ համայնքն էլ իր հերթին պիտի օգնութեան ձեռք մեկնի, որպէսզի կարգաւորուի կեաքնը», շեշտեց նա:
Հալէպի փողոցներում զինեալներ այլեւս չկան. հաստատեց Պօղիկեանը: Իսկ թէ որքանո՞վ են մարդիկ ցանկանում թէկուզ որոշ ժամանակով տեղափոխել մայր հայրենիք՝ Հայաստան, Պօղիկեանը տեղեկութիւն չունի: Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք ցանկանում են դուրս գալ Սիրիայից, բայց թէ քանի՞ հոգի՝ ինքը չգիտի:
Սիլվի Մուրատեան
Comments are closed.