«Չհաւատա՛ք նրան, ով Ղարաբաղի հարցով «եթէ»-ներ է օգտագործում». Հրանդ Մարգարեան

Սիսիանի մէջ կայացած ՀՅԴ քարոզարշաւի ընթացքին Ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը: Ան անդրադարձաւ այն փաստին, որ ներկայ իշխանութեան ներկայացուցիչներէն շատեր խուսափած են զինուորական ծառայութենէ:

«Ասում են` հիւանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես յարգում եմ բոլոր` հիւանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինուորական ծառայութիւն, բայց եթէ մի կազմակերպութեան ամբողջ ղեկավար կազմը հիւանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ըսաւ Հրանդ Մարգարեանը:

Անդրադառնալով Արցախի կարևոր դերին` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը շեշտեց, որ Արցախով սկսաւ 28 տարուան մաքառումի պատմութիւնը: «Արցախեան ազատամարտի ֆոնին ինչքան մարդ է եկել իշխանութեան և հեռացել: Ինչքան մարդ է եկել իշխանութեան և գալուց յետոյ հիմնականում ունեցել մէկ նպատակ` ձերբազատուել Ղարաբաղի հարցից: Ընդունում եմ` մեր մէջ չկայ մի հայ, որ չուզենայ, որ Ղարաբաղը մերը լինի: Չկա՛յ այդպիսի բան: Բայց ով ինչ գին է պատրաստ վճարել, որ Ղարաբաղը մերը լինի: Դա է ամենահիմնական հարցը: Ի՞նչ ես պատրաստ անել, որ Ղարաբաղը մնայ հայկական, մնայ մերը: Սրա մէջ է ամբողջ հարցի գաղտնիքը: Ոչ թէ այն, որ մի մասը լաւ հայ է, մի մասն էլ` վատ: Ո՛չ, մտածողութեան, աշխարհայեացքի, մտածելակերպի հարց է: Այսօր մէկ այլ առիթով ասել ենք` ով Ղարաբաղի հարցով պարզ և յստակ չի խօսում, պարզ և յստակ չի ասում` ո՞րն է Ղարաբաղը, ի՞նչ հարցով ենք պատրաստ բանակցել, ինչի՞ համար ենք պատրաստ բանակցել, եթէ ինչ-որ խուճուճ բառեր է օգտագործում, «եթէ»-ներ է օգտագործում, չհաւատա՛ք նրան, որովհետև Ղարաբաղի հարցը լուծուած է, մենք այն մեծ զոհերի գնով ենք ձեռք բերել: Այդ նոյն Ղարաբաղի համար հենց այս քառօրեայ պատերազմին տուեցինք թանկագին զոհեր: Եւ պարզ է` Ղարաբաղն ինքնորոշուած է, անկախ է, հայկական է, Ղարաբաղը Սահմանադրութեամբ ճշդել է իր սահմանները, այդ սահմաններով է, որ հայկական է: Այդ սահմաններով է, որ մերն է, ու վե՛րջ»,-շեշտեց Հրանդ Մարգարեանը` նշելով, որ ՀՅԴ-ն բանակցելու ոչինչ չունի այն անձին հետ, որ չ՚ընդունիր այս փաստը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.