Պէտք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում
Արցախն իր անկախութիւնը ձեռք է բերել ինքնորոշման իրաւունքի հիման վրայ եւ ՀՀ ստորագրած որեւէ փաստաթուղթ չի կարող արցախահայութեանը զրկել այդ իրաւունքից։ «Փաստինֆո»ի հետ զրոյցում այդ մասին ասաց Արցախի Խորհրդարանի պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրաւական առումով չի կարող խանգարել, որ արցախահայութիւնն իրացնի ինքնորոշման իրաւունքը։ Ի հարկէ, եթէ, այսպես կոչուած, «խաղաղութեան պայմանագիր» ստորագրուի՝ առանց Արցախի հետ կապուած վերապահման, ապա հետագայում հնարաւոր է դա պատրուակ դառնայ ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպէս ՌԴ-ն է ասել, թէ ՀՀ իշխանութիւնը ճանաչել է Արցախն Ատրպէյճանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպէս էլ այդ պայմանագիրը կարող են պատրուակ դարձնել, եթէ չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանայ, բայց կրկնում եմ՝ դա իրաւական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշուել էր իր տարածքի վրայ եւ ոչ թէ Ատրպէյճանի կամ այլ պետութեան», ասաց Բալայեանը եւ համոզմունք յայտնեց, որ որեւէ «խաղաղութեան պայմանագիր» չի ստորագրուելու, քանի որ Պաքուի ախորժակը բաւականին մեծ է եւ այն չի սահմանափակուել Արցախով, այլ ուզում է զաւթել ամբողջ Հայաստանը։
Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամաւորն ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ պատմութեան ընթացքում եղել են բազմաթիւ դէպքեր, որ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքուելուց որոշ ժամանակ անց խախտուել են․
«Ի հարկէ, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կը բխի, բայց որեւէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացուի կամ տարածքների փոփոխութիւն լինի։ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողութիւն սկսի ԽՍՀՄ դէմ։ Այնպէս որ, եթէ անգամ նման պայմանագիր կնքուի ՀՀ եւ Ատրպէյճանի միջեւ, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Անընդհատ քաղաքական իրավիճակն աշխարհում փոփոխւում է, ու մենք պէտք է չդադարենք պաշտպանել, տէր կանգնել մեր իրաւունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պէտք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում», նշեց Բալայեանը։
Comments are closed.