Չլուսացած Օրեր Եւ Անորոշ Սպասում. Արցախցիները` Գորիսի Հաւաքակայանում
ՄԻԼԵՆԱ ԽԱՉԻԿԵԱՆ
Երեւանից Գորիս ձգուող ճանապարհը արտասովոր լուռ է, յատկապէս մեզ` լրագրողներիս համար, որ միշտ գիտեն` ի՛նչ թեմայով «աղմկել»: Հիմա այդ աղմուկը միայն մի անուն ունի` արցախցի, ու մի հասցէ` Արցախ, բայց արդէն բառերը չունեն իմաստ, արդէն բառերը չեն բաւարարում:
Հասկանալի լռութիւնը խախտում են պաշտօնական աղբիւրներից մերթընդմերթ եկող անհասկանալի լուրերը, ու մէկ էլ Սարգիսի` մեր նկարիչի, շարականները` ամէն յաջորդ լուրին աւելի սիրտ մաշող.
– Տէ՛ր, ողորմեա՜, Տէ՛ր, ողորմեա՜…- երգում է նա մի բան, որ Գորիսում դեռ շատ պիտի կրկնէինք:
Իսկ Գորիսում հաւաքակայանն է, ուր գալիս են իրենց բնօրրանից Հայաստան տեղահանուած եւ Կոռնիձորում հաշուառուած արցախցիները: Գալիս են անվերջ, անընդմէջ, գալիս են յանկարծակի սկսուած ձեան պէս, որի փաթիլները իջնում են արագօրէն, նստում հողին ու բարձրանում հազիւհազ:
Հիմա այդ փաթիլներն իջնում են մեր սրտերին, իջնում են ու քար դառնում, իջնում են ու ծանրանում ընդմիշտ:
Գորիսի հաւաքակայանում ասեղ գցելու տեղ չկայ, անկեղծ ասած` արցունք գցելու տեղ էլ: Քարսիրտ դարձած` աշխատում ենք, լուսանկարում տասնամեակների կեանքը մի ճամպրուկում իբր տեղաւորած, եղած-չեղածը փաթեթաւորած, մեքենաներին փաթաթած մարդկանց, որ շտապում են մէկ այս, մէկ այն կողմ, մէկ բարձրանում են օթոպիւս, մէկ էլ լսում կազմակերպիչներից մէկի անորոշ ձայնը.
– Գեղարքունիք գնացողնե՛ր, յե՛տ իջէք, մէկ այլ օթոպիւսով էք գնալու:
– Վայք ո՞վ էր գնում, նստէ՛ք:
Եւ իջնում են մարդիկ, եւ նստում են մարդիկ, եւ տանում են օթոպիւսները նրանց նոր հասցէներ: Եւ իջնում են մարդիկ, եւ սպասում են մարդիկ, եւ ո՞վ գիտէ` ինչպէ՛ս չեն խելագարւում մարդիկ…
* * *
Անորոշ սպասման մէջ նկատում եմ մենակ կանգնած մի աղջկայ: Մօտենում եմ, հարցնում` Արցախի՞ց էք: Հաստատակամ ասում է` այո: Հարցնում եմ` կը համաձայնէ՞ք մի քանի բառ խօսել: Պատասխանում է` առանց տեսախցիկների պայմանով:
22-ամեայ Ամալեա Առուշանեանն է` լեզուաբան, Մարտակերտի շրջանի Հաթերք գիւղից: Ներողութիւն եմ խնդրում ցաւոտ հարցերի համար, խնդրում յիշել սեպտեմբերի 19-ը` Ազրպէյճանի վերջին յարձակման օրը:
– Կ՛ուզէ՞ք առաւելագոյն չափով անկեղծ ասեմ. որպէս արցախցի` հիմա իմ համար ընդհանրապէս դժուար չէ էդ ամէն ինչը վերյիշելը, որովհետեւ արդէն սովորական է դարձել,- ասում է Ամալեան, ու գետերը հոսում են աչքերից,- Չէ, խաբեցի, դժուար է:
Յարձակման ժամանակ Ամալեան իր աշխատավայրում` դպրոցում է եղել, աշակերտներն են լուր բերել, թէ թշնամին յարձակուել է կողքի գիւղերի վրայ, բայց Ամալեան չի հաւատացել, մտածել է` հերթական մի բան է, որ կ՛անցնի, կը գնայ: Յետոյ, երբ ձայներն արդէն իրենց են հասել, չի մնացել այլ բան, քան` դպրոցի ապաստարան իջնելը.
«Յետոյ մեր հարազատները եկան, մեզ տուն տարան, ով ում կարողացաւ, տարաւ… Յետոյ սկսուեց ցերեկային ժամը, երբ էլի կային կրակոցներ. իմ փոքրիկ քոյրիկը շատ վատ վիճակում էր, առողջական խնդիրներ ունեցաւ… Յետոյ եկաւ գիշերը, գիշերուայ ժամանակ երկինքը ընդհանրապէս սեւ չէր, կարմիր էր, ինչի՞, որովհետեւ իրենք շատ արհեստավարժ ձեւով էին կազմակերպել էս ամէն ինչը, չորս կողմից լայնածաւալ գալիս էին, իսկ մեր բանակը գտնւում էր շատ վատ, ոչ կազմակերպուած վիճակում… Յետոյ մի անգամ եկաւ ինքնաթիռի հարուածը, էդ գիշեր մենք ընդհանրապէս չենք քնել, կապ չկար, չէինք կարողանում տեղեկանալ դիրքերում գտնուող մեր եղբայրների մասին… Բոլորս վախեցած` մտել էինք ապաստարանը, էնտեղ էլ չէր ապահով, ոչ մի տեղ էլ ապահով չէր, էդ գիշեր ընդհանրապէս չլուսացաւ մեզ համար, տենց էլ մութ մնաց»:
Յաջորդ օրը, երբ պաշտօնապէս հաղորդուեց, որ ռուս խաղաղապահ զօրակազմի միջնորդութեամբ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել 13:00-ին կրակը դադարեցնելու մասին, այն, ըստ Ամալեայի, չի դադարել. «Ժամը մէկի դադար կոչուածից յետոյ էր, որ ես կորցրի իմ եղբօրը, ում մենք զոռով բերում ենք էստեղ, որ մեզ հետ տանենք, որ էնտեղ չմնայ իր շիրիմը», լացը զսպելով` ասում է նա:
– Տէ՛ր, ողորմեա՜, Տէ՛ր, ողորմեա՜…
* * *
Յարձակման յաջորդ օրը Ամալեան տեղափոխուել է Ստեփանակերտ. հարցնում եմ` ողջ ընտանիքո՞վ: Գերդաստանով` պատասխանում է. «Մենք գնացինք օդակայան, որտեղ ռուսների խարիսխն է գտնւում` համարելով, որ էնտեղ ռուսներին մօտ ենք, յարձակում չի լինի, բայց ռազմախարիսխն Ասկերանի ստորաբաժանման մօտ է, էնտեղ էլ էին յարձակումներ կատարում` Ասկերանի զօրամասի վրայ, էլի վախենում էինք, բայց արդէն մի տեսակ անտարբեր, առանց զգացմունքի վախ էր, մենք արդէն դրան սովորել էինք, հասկանո՞ւմ էք», ասում է նա` Արցախի սարերի պէս կանաչ ու ջրերի պէս լցուած աչքերն ուղղելով ինձ:
Իսկ ես չգիտեմ` հայեացքս ո՛ւր փախցնեմ, երբ չորս բոլորը նոյն ողբերգութիւն է:
Օդակայանում ընտանիքը մնացել է 2 կամ 3 օր, Ամալեան ասում է` երկար է թուացել, չի յիշում յստակ. «Անընդհատ լուրեր էին գալիս, որ պրծնում է, կամ որ գիւղում էսինչին են մորթել, մտել, դրօշն են դրել… Գիտէք` էդ տագնապահար վիճակը, որ չես կարողանում ոչ ոքի հետ կապ հաստատել… Միայն ռազմախարսխի տարածքում էր, որ կապ կար, դա էլ` ռուսների շնորհիւ, Ստեփանակերտ ընդհանրապէս լոյս չկար… Էդ անորոշ վիճակը թէ՛ ճիշդ, թէ՛ սուտ ծնում էր»:
Յաջորդ օրը, երբ իսկապէս կրակը դադարեց, Առուշանեանները որոշեցին գիւղ չվերադառնալ. «Ոչ ոք չէր ուզում յետ գնալ, մտնել Հաթերք կամ մնալ Արցախի տարածքում, որովհետեւ էդ արդէն ինքնասպանութեան տիպի բան է, կամ` կամաւոր ստրկութեան», ասում է նա:
Ազրպէյճանական անցակէտում, Ամալեայի խօսքով, ամէն ինչ հանգիստ է անցել, առանց մանրակրկիտ ստուգման. «Անցակէտի մօտ մեզ համար շատ սովորական էր, տեսել ենք թէ թուրքեր, թէ ռուսեր, թէ հայեր, մանրակրկիտ, խորը չեն զննել մեքենան, փաստաթղթերն էլ, ինչքան գիտեմ, չեն նայել, դուռը բացեցին, նայեցին, վերջ, գնացէք, կարողայ էնտեղ սարք կար իրականում, որ ստուգում էր, չգիտեմ», ասում է նա` յաւելելով, որ լսել է` խմբին մանրակրկիտ զննում են, երբ անձանցից մէկի մօտ զէնք է յայտնաբերւում:
Ընտանիքն իր հետ հազիւ սնունդ է վերցրել, հագուստ ու անկողին, բայց մարդիկ կան, ասում է Ամալեան, որ դա էլ չեն հասցրել կամ էլ չեն ուզել. «Օրինակ` իմ տատիկը` տարիքով կին, շատ բան է տեսել իր կեանքում, ասել է` վերցնում եմ, ի՞նչ անեմ, անցած անգամ էլ` 44-օրեայի ժամանակ, տարա շորերս, կօշիկներս, ի՞նչ եղաւ»:
Ամալեան ասում է` ամէն դէպքում ինքն իր տունը տխուր չի յիշում, ցաւով է յիշում, բայց` ոչ տխուր, սիրուն է յիշում ու սիրով. «Մինչ էդ մենք 274 օր մնացել ենք շրջափակման մէջ, որն էլի իր հետ լիքը դժուարութիւններ է բերել, ու արդէն էդ ամէն ինչը մեզ չի թողել, որ երջանիկ պահէր կուտակուեն կամ ստեղծուեն, բայց ես մեր տանը տխուր չեմ յիշում, նոյնիսկ դուրս գալիս նկարել եմ մեր տունը, մեր բակը, մեր մեքենաները, որովհետեւ էնտեղ լիքը բաներ ենք թողել»:
Հարցնում եմ` իսկ դուռը փակե՞լ էք, պատասխանում է` հայրը չի թողել, որ երբ թշնամին գայ, չկոտրի, վնաս չտայ. «Բայց որ շատ խորը մտածում ես, իմ պապաս 50 տարեկան մարդ ա, սաղ կեանքը տուել ա, մեզ համար տուն սարքել, հիմա ինքը էդ ամէն ինչը թողել ա ու նորից պիտի սկսի, ու արդէն զերոյից չէ, չգիտեմ` էլ որտեղից»:
Հարցնում եմ` իսկ ձեզ մօտ որեւէ խնդիր կա՞յ այս պահին, որ առաջնահերթ լուծման կարիք ունի, պատասխանում է` կայ, յետոյ էլ, թէ խնդիրների լուծումը մենք գիտենք, միայն մի խնդիր կայ, որի լուծումը մեր ձեռքին չէ, քանի որ Արցախը արդէն չկայ. «Աստուած տայ, չգիտեմ` ինչ տիպի հզօր լինի հայկական բանակը, որ կարողանայ յետ վերցնել էդ ամէնը, բայց տայ Աստուած, որ էնքան ուժեղ ու գիտակից լինենք… Մենք մեր ազգին չենք սիրում, մենք մեզ պէտք է սիրենք, որ կարողանանք յաղթել, մենք մեր յոյսը մեզ վրայ պէտք ա դնենք, որ կարողանանք յաղթել, ու ռուսը չի մեզ պահողը, ոչ էլ ամերիկացին, մենք ենք մեզ պահողը, ու ես համոզուած եմ` լինի 50 թէ 60 տարի յետոյ, եթէ ՀՀ–ն խելացի գտնուի, մենք անպայման յետ ենք վերցնելու էդ ամէն ինչը` թէ՛ Շուշիի հրասայլը, թէ՛ «Մենք ենք մեր սարերը» արձանը, թէ՛ Քարվաճառի լեռները, թէ՛ մեր եկեղեցին, թէ մեր խաչերը, որ ամէն մի գիւղում դրուած էին, ամէն-ամէն ինչը», ասում է Ամալեան` վստահեցնելով` մենք չենք պարտուել ո՛չ էս կռւում, ո՛չ էլ 44-օրեայ կռւում, մեր տղաները մինչեւ վերջ կռուել են:
Ապագայ անելիքների մասին Ամալեան չի խօսում, ասում է` դա հօր գործն է: Առաջ ծրագրել էր գիւղում լեզուի կենտրոն բացել, դրա շեմին էր, հիմա` Գորիս-Վայք ճանապարհի շեմին. գիտի, որ իրենց այնտեղ են տեղափոխելու: Իսկ մինչ այդ դեռ պիտի ձգուի ծանր սպասումը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն եղբօր դին է բերում:
Comments are closed.