«Չի բացառւում` Փաշինեանն այնպիսի քայլերի գնայ, որոնք կը հարուածեն հայկական շահերին». Մանոյեան
Կիրօ Մանոյեանի խօսքով` Թուրքիան Հայաստանի հանդէպ վարած քաղաքականութիւնում ոչինչ չի փոխել։ Ըստ Մանոյեանի` Թուրքիան կարծում է, որ Հայաստանը պէտք է անցեալի հարցերը մի կողմ դնի։
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի փոխուել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը` անդրադառնալով վերջին շրջանում հայ-թուրքական յարաբերութիւններում ընթացող զարգացումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը օգոստոսի 27-ի կառավարութեան նիստում ասել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ յայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման։
«Ցեղասպանութիւնը չճանաչելով` Թուրքիան չի ճանաչում իր անցեալը, ժխտում է փաստերը, թշնամական վերաբերմունք ունի ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի նկատմամբ։ Պատերազմից յետոյ Թուրքիայի քաղաքական մտածողութիւնում փոփոխութիւն չի եղել, սակայն Փաշինեանը դրական ազդակներ է տեսնում»,- ասաց Մանոյեանը։
Նրա խօսքով` մի կողմից Փաշինեանը Թուրքիայից եկող դրական ազդակներ է տեսնում, միւս կողմից Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզուով խօսել։ Ըստ Մանոյեանի` Փաշինեանն ուզում է կոտրել ոչ միայն Արցախի եւ ՀՀ-ի, այլ հայերի մէջքը եւ խաղաղութեան դարաշրջան սկսել։ Նա յաւելեց` մահն էլ է խաղաղութիւն. Փաշինեանի առաջարկածը սա է։
«Չի բացառւում, որ Փաշինեանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գնայ այնպիսի քայլերի, որոնք հարուած կը հասցնեն հայկական շահերին եւ մեր իրաւունքների պաշտպանութեանն առաջիկայ տասնամեակներում»,- ասաց Մանոյեանը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարի խօսքով` հարցն այն է, որ Թուրքիայի քաղաքական մտածողութիւնում ոչինչ չի փոխուել, եւ նրանք կարծում են, որ Հայաստանը պէտք է անցեալի հարցերը մի կողմ դնի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը չպէտք է արծարծուի միջազգային ատեններում։