Ուխտագնացութիւն ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի շիրմին՝ մահուան 120-ամեակի կապակցութեամբ

ՀՅԴ Պուլկարիայի կառոյցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայից եւ Ռուսէից Կիրակի օրը հաւաքուել էին Սոֆիայի կեդրոնական գերեզմանատանը՝ նշելու Դաշնակցութեան հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի եւ նրա երիտասարդ ընկեր Վռամշապուհ Քենտիրեանի հերոսական մահուան 120-ամեակը։

1905 թուականի Մարտի 5-ին, Սուլթան Ապտուլ Համիտի դէմ մահափորձ նախապատրաստելիս, ինքնաշէն ռումբի փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով նրանք զոհուեցին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Պուլկարիայի թեմի հոգեւորականներ Տէր Հրաչ Քահանայ Մուրատեանը եւ Տէր Տիրայր քահանայ Հադաւեանը կատարել են հոգեհանգստի կարգ, որից յետոյ ներկաները Տերունական աղօթք են ասել։

«Սա ոչ միայն Պուլկարիայում ապրող Դաշնակցութեան անդամների համար է սրբազան վայր, այլեւ՝ աշխարհով մէկ ցրուած բոլոր կուսակցականների համար», իր ելոյթում ասաց Տէր Հրաչ Քահանայ Մուրատեանը՝ ընդգծելով․ «Որովհետեւ իր գաղափարներով Քրիստափոր Միքայէլեանը դարձաւ այն սերմը, որն արմատ գցեց եւ պտուղ տուեց։ Եւ այսօր՝ 120 տարի անց, այս սերմը շարունակում է պտուղ տալ։ Ձեր ներկայութիւնն այստեղ դրա վկայութիւնն է, ինչպէս նաեւ՝ Դաշնակցութեան ակտիւ գործունէութիւնն ամբողջ աշխարհում՝ Սփիւռքում եւ Հայաստանում։ Սա վկայում է այն մասին, որ Քրիստափոր Միքայէլեանը եւ նրա համախոհները՝ կուսակցութեան համահիմնադիրները դարձան Ազատութեան գաղափարի ջահակիրներ», ասաց հոգեւոր հայրը։

«Այն մարդիկ, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին իրենց ժողովրդի ազատութեան համար, ընդմիշտ իրենց անունները գրեցին մեր ժողովրդի պատմութեան մէջ», իր հերթին ասաց Տէր Տիրայր Քահանայ Հադաւեանը։

«Ես վստահ եմ, որ նոյնիսկ 100 տարի անց յաջորդ սերունդները կը շարունակեն յարգանքի տուրք մատուցել մեր ազգային հերոսներին: Այն երկրներում, որտեղ հայերը զրկուել են իրենց դպրոցներից, մենք մեծացել ենք մեր դաշնակցական եղբայրների օրինակով: Նրանք մեր ոգեշնչման աղբիւրն էին՝ ապրելու եւ աշխատելու որպէս արժանի հայեր», նշեց Տէր Տիրայր Քահանայ Հադաւեանը։

Իր ելոյթում Պուլկարիայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թօփաքպաշեանը շնորհակալութիւն յայտնեց այն հայերին, ովքեր կոմունիզմի տարիներին գաղտնի եկել էին մաքրելու եւ խնամելու այս երկու գերեզմանները:

«Ես նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր նոյնպէս գաղտնի բերել են իրենց երեխաներին եւ թոռներին այստեղ՝ նրանց ցոյց տալու գերեզմանները, որտեղ հանգչում են մեր ժողովրդի իսկական որդիները: Ես նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում այսօրուայ Դաշնակցութեանը, որը շարունակում է վառ պահել Քրիստափոր Միքայէլեանի եւ Վռամշապուհ Քենտիրեանի յիշատակը: Յիշէ՛ք, որ չնայած այսօր Հայաստանն ապրում է դժուար օրեր, մենք պէտք է հաւատանք, որ արեւը կրկին կը շողայ մեր երկրի վրայ: Ես հաւատում եմ, որ մենք կը կարողանանք պաշտպանել ե՛ւ մեր զինանշանը, ե՛ւ Արարատ լերան խորհրդանիշը՝ այն ամէնը, ինչ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները փորձում են ոչնչացնել», ասաց Վարդանուշ Թօփաքպաշեանը։

ՀՅԴ Պուլկարիայի «Պետրոս Սերէմճեան» կոմիտէութեան ներկայացուցիչ Սահակ Չաքալեանն իր խօսքում ասաց, որ Քրիստափորը հայ ժողովրդի համազգային զարթօնքի եւ Հայաստանի ազատագրման մեծ պայքարի անշեղ առաջամարտիկն է։

«Իր անձնական օրինակով, անսասան կամքով նա նոր սերունդների առջեւ բացեց գաղափարական եւ քաղաքական տոկուն պայքարի ուղին։ Նա խորհրդանիշն է այն աներեր հաւատքի, որ նոյնիսկ անհաւասար ուժերի դէմ հնարաւոր է յաղթել․ դարերով գերութեան ու յուսահատութեան մէջ խեղդուած հայ մարդուց նա կերտեց պայքարող հայի տեսակը՝ ազատութեան, արդարութեան եւ իրաւունքի համար մինչեւ վերջին շունչ պայքարելու ոգով ու պատրաստակամութեամբ», ասաց Սահակ Չաքալեանը։

Ուխտագնացութեան աւարտին ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին երկու հերոսների շիրիմներին։