Ո՞վ «կանաչ լոյս» վառեց Արցախի հայաթափման համար․ «Փաստ»

Horizon Weekly Newspaper

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են հասցրել նկատել, որ Սեպտեմբերի 19-20-ին Ատրպէյճանի՝ Արցախի վրայ իրականացրած յարձակումը, ապա եւ Արցախի բռնի հայաթափումը Փաշինեանական քարոզչամեքենան ամէն կերպ փորձում է կապակցել ԱՀ-ում նախագահի փոփոխութեան հետ: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն այս օրերին ջանք չէին խնայում՝ տարածելու եւ հանրային ընկալման տիրոյթում «մեխելու» համար մի թեզ, ըստ որի՝ Արցախում տեղի ունեցաւ իշխանափոխութիւն, եւ այդ պատճառով Ատրպէյճանը յարձակուեց: Աւելին, այդ յարձակման ծանրագոյն հետեւանքները եւս Փաշինեանական շրջանակները ջանում են բարդել Արցախի՝ մի քանի օրուայ նախագահի ու դեռ մի կարգին չվերաձեւաւորուած կառավարութեան վրայ:

Բացի այն, որ նման քարոզչութիւնն ուղղակի մանիպուլիատիւ է եւ նպատակ ունի մեղքերն այլոց վրայ բարդել ու Փաշինեանին պլստացնել պատասխանատուութիւնից, վերը նշուած «թեզերը» ուղղակիօրէն իրականութեան ու դէպքերի պատճառահետեւանքային կապի խեղաթիւրում են, եթէ ոչ՝ նենգախեղում: Առաջին անողոք փաստն այն է, որ Նիկոլ Փաշինեանը 2022 թուականի Հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա դրանից յետոյ էլի մի քանի անգամ յայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ատրպէյճանի մաս: Դրանով Նիկոլ Փաշինեանը գործնականում ազատ է արձակել Ատրպէյճանի, Ալիեւի ձեռքերը, որ նա ազատ է Արցախի հայութեան դէմ իրականացնել ցանկացած գործողութիւն, այդ թւում՝ շրջափակում, էթնիկ զտում, ըստ էութեան՝ ցեղասպանութիւն, իսկ Հայաստանը դրան կ’արձագանգի առաւելագոյնը յայտարարութիւններով, կոչերով:

Աւելին, միւս անողոք փաստն այն է, որ ո՛չ Նիկոլ Փաշինեանը, ո՛չ էլ նրա իշխանութեան այլ ներկայացուցիչներ չշնորհաւորեցին Սամուէլ Շահրամանեանին, երբ Արցախի ԱԺ-ն նրան ընտրեց նախագահ: Ի դէպ, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան համար խստօրէն անհանգստացող Թուրքիայի նախագահ Էրտողանը այդ օրերին ակնարկել էր, թէ տեղեակ է, որ Հայաստանի իշխանութիւնը, ատրպէյճանականի պէս, անհանգստացած է Արցախում նոր նախագահ ընտրելու փաստից: Երկրորդի հետ փոխկապակցուած միւս անողոք փաստն այն է, որ չշնորհաւորելով՝ Նիկոլ Փաշինեանը առաւել քան պարզ ցոյց տուեց, որ Հայաստանը ոչ մի կերպ, ոչ մի ձեւով չի պաշտպանելու Արցախի հայութեանը, ոչինչ չի ձեռնարկելու, մի խօսքով՝ ձեռքերը վերջնականապէս է լուացել Արցախից եւ այնտեղի փոփոխութիւնների հետ որեւէ կապ չունի, որքան, օրինակ՝ Ատրպէյճանը:

Ըստ փորձագէտների, «չշնորհաւորելը» Ալիեւի համար իւրատեսակ «կանաչ լոյս» էր, որ նա անպատիժ կարող է անել Արցախի ու Արցախի հայութեան հետ այն, ինչ կ’ուզի, իսկ Հայաստանը կը մնայ դիտորդի դերում: Նա էլ արեց՝ անարգել սկսեց պատերազմել փոքրիկ եւ միայնակ մնացած պետութեան հետ, հայաթափեց հազարամեակներով հայկական ու հայերի համար բնօրրանային Արցախը»:

Comments are closed.