Նոր մեղադրանքներ են ներկայացուել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան շինծու դատաւարութեան ժամանակ

Պաքուում շարունակւում է ապօրինի պատանդառուած Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարութիւնը։ Աւարտուել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը, յայտնում են ատրպէյճանական ԶԼՄ-ները։
Շինծու դատավարութեանը Ատրպէյճանը նոր մեղադրանք է ներկայացրել։

Դատական նիստի ժամանակ մեղադրական ակտում նշուել է, թէ իբր ատրպէյճանցի ուսուցիչներն ու ուսանողներն ապօրինի հեռացուել են աշխատանքից եւ արտաքսուել բռնագրաւուած Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից։

Պաքուի դատարանում որպէս մէկ այլ մեղադրանք է ներկայացուել, թէ իբր Արցախեան պատերազմում աւելի քան 100 մլրդ. մանաթի նիւթական վնաս է հասցուել Ատրպէյճանին։

Դատական յաջորդ նիստը նշանակուել է Փետրուարի 20-ին:

Նրանց մեղադրում են «ահաբեկչութեան», «ռազմական յանցագործութիւնների», «ցեղասպանութեան» եւ այլ «յանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեանը, Արկատի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը, Պաշտպանութեան բանակի զինուած ուժերի շտապի նախկին պետ Դաւիթ Մանուկեանը, ԱԳ նախկին նախարար Դաւիթ Պապայեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարեանը, Էրիկ Ղազարեանը, Դաւիթ Ալաւերդեանը, Գուրգէն Ստեփանեանը, Լեւոն Բալայեանը, Մատաթ Պապայեանը, Գարիկ Մարտիրոսեանը, Մելիքսէթ Փաշայեանը:

Յիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի «գործն» առանձին են քննում։