Նոր Կառավարութեան Առաջին Հրաժարականը. Աշխատանքի եւ Սոցիալական Հարցերու Նախարար Մանէ Թանդիլեան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերու նախարար Մանէ Թանդիլեան հրաժարական ներկայացուց։

Ան իր facebook-եան էջի մէջ գրած է.

«Կառավարութեան երեկուայ նիստում քննարկւում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղեակ էք իմ դիրքորոշմանը, որը ես յայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերեալ։ Նշանակուելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը յայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով յետաձգելու եւ հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրաւիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամայայտնութեան սկզբունքը։ Այս ճանապարհը եւս ունէր որոշակի բարդութիւններ, բայց ես յայտնել եմ իմ պատրաստակամութիւնը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրութեան լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լաւագոյն եւ հանրութեան համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից յետոյ պարզ դարձաւ, որ իմ առաջարկը չունի կառավարութեան աջակցութիւնը։ Փոխարէնը առաջ քաշուեց այլ տարբերակ, որն էլ ներկայացուեց եւ հաստատուեց կառավարութեան նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակութիւն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չունէր եւ չունի հանրութեան աջակցութիւնը, եւ դրա պատճառները բազմաթիւ են եւ բազմաշերտ։ Այն ունի թէ՛ սոցիալական, թէ՛ իրաւական, թէ՛ քաղաքական, թէ՛ համակարգային խնդիրներ, եւ առանց հանրութեան հետ քննարկելու, խնդիրները բացայայտելու եւ միասնական եւ ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծաւալով ներդրման համար։ Ես լիայոյս էի, որ նոր կառավարութիւնը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կը գնայ։ Նախորդ իշխանութիւնների կողմից խնդիրների լուծման իմպերատիւ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դէմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դէմ կազմակերպել եմ ցոյցեր, եւ հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պէտք է առանցքում ունենայ ազատ կամայայտնութեան եւ ընտրութեան հնարաւորութեան սկզբունքը, հաշուի առնելով համակարգի ռիսկայնութիւնը եւ երկարաժամկէտութիւնը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի իմ լիազօրութիւնները, որոնք եղել են բացառապէս ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։

Գործող կառավարութեանը մաղթում եմ բազում յաջողութիւններ եւ հեռատեսութիւն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարութեան անդամ եմ դարձել որպէս «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան անդամ, ես դադարեցնում եմ նաեւ կուսակցութեան անդամակցութիւնը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսաւոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրուանից, արդէն որպէս քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականութեան կայացման համար»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.