Յիշելով Արցախեան ազատագրական շարժման ղեկավարներից Անդրանիկ (Բերդաձորցի Անդօ) Յարութիւնեանը

Ծնուել է 1956 թ. Մարտի 7-ին Երեւանում: Արմատներով վանեցի է: 1987 թ. աւարտել է Սենթ Փեթերսպուրկի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտութեամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միութեան անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղեան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանութեան ընկերութեանը», իսկ 1988 թ. դարձել նախագահութեան անդամ:

1990 թ. ընդունուել է ՀՅԴ շարքեր: Նոյն տարին կուսակցութեան յանձնարարութեամբ, որպէս Դաշնակցութեան ջոկատների հրամանատար մեկնել է Բերդաձոր: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանութեան գործում, եւ դա գնահատուեց հենց իր կենդանութեան օրօք: Նա դարձաւ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամաւոր:

Որպէս պատգամաւոր մեկնել է «Արտեկ» ճամբար: Եղել է Կոմերիտմիութեան քարտուղար: Գրել է երգեր, բանաստեղծութիւններ, պատմուածքներ: Մինչ զինծառայութեան (1974-1976 թթ.) մեկնելը (Վլադիվոստոկ) եւ վերադառնալուց յետոյ աշխատել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչութիւնում եւ այնտեղ տպագրել բանաստեղծութիւններ: Ծառայութիւնից վերադարձել է պատուոյ գրով:

Երբ 1992 թ. Քարինտակի ճակատամարտում նա կորցրեց իր ամենամտերիմ ընկերներին, մթնեց, բայց չերերաց: Գրեց. «Ու գնում են նրանք, որ կռունկներ դարձած ետ վերադառնան», եւ նկատեց՝ «Քարինտակի ճակատամարտից հայը դուրս եկաւ բարոյահոգեբանական յաղթանակով»: Եւ մահուանը զուգահեռ՝ եղան ծնունդներ… եւ Բերդաձորն ապրեց:

1991 թ. ատրպէյճանցիների հայաթափման ծրագրում Գետաշէնից յետոյ Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինուորները գերուեցին եւ Պաքուի Բայլովիան բանտում դատապարտուեցին գնդակահարութեան: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շէնքի մօտ ցոյց կազմակերպուեց, եւ Անդրանիկի հանդիպումը Ճորճ Պուշի հետ տուեց ցանկալի արդիւնք՝ գնդակահարութիւնը յետաձգուեց, եւ «Կարմիր խաչին» յանձնարարուեց այցելել Պաքուի բանտ, իսկ Ատրպէյճանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարութիւնը: Անդրանիկը հանդիպումներ շատ ունեցաւ նշանաւոր մարդկանց հետ, եղաւ Վարազ Սամուէլեանի արուեստանոցում, եւ Վարազի հետ այցելեց Անդրանիկ զօրավարի յուշարձանին, եղաւ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր տիկին Գայիանէն նուիրեց Դրոյի գիրքը եւ ձայներիզը, ուր Սիմոն Վրացեանը, Դրօն եւ մէկը (որ չգիտէր եւ տիկին Գայիանէն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիւների մասին: Եւ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992 թ. հնչեց հայկական հեռուստաէկրաններից: Անդրանիկը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցաւ ելոյթներ, եւ դրամահաւաքի աշխատանքը՝ ի օգնութիւն Արցախի բաւականին մեծ յաջողութեամբ պսակուեց: Բոլոր թերթերն արձագանգեցին: Եւ ինչպէս Վարդգէս Պետրոսեանն է ասում. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարուած եւ հիացած է Անդրանիկով…»:

Անդրանիկն ունի երկու զաւակ՝ աղջիկ եւ տղայ: Նա շատ քչերից մէկն էր, ով դեռ 10 տարին չբոլորած իր որդուն կրակել էր սովորեցրել, որպէսզի մասնակցի մարտական գործողութիւններին: Նոյնիսկ Էջմիածնի Մայր տաճարում, մկրտութեան արարողութեանը որդու ձեռքը զէնք էր տուել: Երեխային տանում էր Մարտակերտի շրջանի ամենաթէժ կէտերն, ու երբ հարցնում էին, թէ ինչու է փոքրիկին իր հետ բերում, ասում էր, որ եթէ պիտի իր մինուճար որդուն կորցնի, ապա թող կորցնի կռուում… Թուրքերը 5 մլն գլխագին էին սահմանել նրան բռնելու, կամ ոչնչացնելու համար: Իսկ նա միշտ շեշտում էր, թէ իրեն թուրքի գնդակ չի դիպչի: Կարծես կանխազգում էր: 1992 թ. Օգոստոսի 28-ին Այնթապից Երեւան վերադառնալու ճանապարհին զոհւում է ինքնաշարժի արկածից: Թաղուած է Եռաբլուրում:

 

Comments are closed.