«Մենք նոր գործիքաւորմամբ եւ նորովի մտածողութեամբ փորձել ենք մեր հոգեւոր երաժշտութիւնն ու շարականները ներկայացնել հանրութեան, յատկապէս երիտասարդութեան». խմբավար Արմէն Ամիրխանեան

Վերջերս Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդութեան հրաւէրով, հայրենի խմբավար Արմէն Ամիրխանեան կը գտնուէր Մոնթրէալ, ուր ընթացքի մէջ էին հոգեւոր երաժշտութեան ձայնագրութեանց նոր ծրագիր մը, հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանի: Ատորեւ կը ներկայացնենք այս առթիւ «Հորիզոն»ի հարցազրոյցը խմբավարին հետ.

Հ.- Պարոն Ամիրխանեան, դուք Գանատա կը գտնուիք Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդութեան հրաւէրով. ի՞նչ ծրագիրներ պիտի իրականացուին ձեր այս այցելութեամբ:
Ա.Ա.- Սրբազան Հօր առաջարկով եւ ժամանակէ մը ի վեր միասնաբար խորհրդակցելով ծրագրած էինք հոգեւոր երաժշտութեան մեր գանձերը վեր առնել նոր մօտեցումով: Սա մի քիչ յանդուգն գործ է. մենք չենք խախտել աւանդոյթը, արմատին չենք դպել, այլ թողել ենք այն ոնց որ կայ… ուղղակի նոր գործիքաւորմամբ եւ նորովի մտածողութեամբ փորձել ենք մեր հոգեւոր երաժշտութիւնը, շարականները, սաղմոսները ներկայացնել հանրութեան, յատկապէս երիտասարդութեան, որպէսզի ծանօթանան այդ գանձերին:
Կարող եմ ասել, որ այդ մեր գանձերը անյատակ են, եւ նրանց բացայայտման համար ամբողջ մի կեանք բաւարար չի փորելու, հանելու, մաքրելու եւ նորից ներկայացնելու: Որոշ կտորներ, միասին քննարկելով ու խորհրդակցելով, փորձեցինք ամբողջական վիճակի մը հասցնել եւ ձայնագրութիւնը անել այստեղ, մեր հոգեւոր հայրերին երգեցողութեամբ: Այս առթիւ կը գտնուիմ Գանատա, ուր Տէր Վարդան Ծ. Վրդ. Թաշճեանի, Տէր Գարեգին Վրդ. Շխրտմեանի, Տէր Նշան Քհն. Մանուկեանի, ինչպէս նաեւ գանատահայ արուեստագէտ Էլի Պէրպէրեանի երգեցողութեամբ ձայնագրեցինք մեր հոգեւոր երգերէն պատառիկներ, որոնց յղկման աշխատանքները պիտի կատարուին Հայաստանի մէջ:

Հ.- Պարոն Ամիրխանեան, դուք խմբավարած էք զանազան եկեղեցիներու Դպրաց դասերն ու երգչախումբերը, ինչպէս Հայաստանի մէջ, այդպէս նաեւ արտերկրի մէջ. ինչպէ՞ս կ’արժեւորէք մեր եկեղեցական մշակոյթի պահպանումը արտերկրի մէջ:
Ա.Ա.- Նախ ասեմ, որ հայապահպանութեան մէջ ամենամեծ ներդրումը ունի հայ եկեղեցին: Հայ եկեղեցին է մեզ համախմբողը: Այսօր որքան էլ ամբաստանեն հայ եկեղեցին, ես էդ բոլորին համաձայն չեմ, որովհետեւ մեր պատմութեան ընթացքին մեր եկեղեցին նաեւ զբաղուել է քաղաքականութեամբ: Եկեղեցին է պահել, պահպանել, հաւաքել ու աւանդել մեր արժէքները:
Գանատա այս այցելութեան ընթացքում ես մասնակցեցի Մոնթրէալի Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ եւ Լաւալի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ Պատարագներին, տեսայ հաւատացեալների բազմութիւն (ինչ որ չեմ տեսել այլ համայնքներում), մարդիկ այստեղ մասնակցում են Պատարագին, ոչ թէ եկել են մոմ վառելու, այլ մասնակցում են Պատարագի: Սա է ինձ ուրախացնողը: Տեսայ նաեւ շատ երիտասարդներ, երիտասարդ ամոլներ եւ երեխէք, մարդիկ եկել են իրենց երեխաներով ու թոռներով: Սա չափազանց ողջունելի է:
Կրկնում եմ, ամբողջ համայնքը պահողը եկեղեցին է. եկեղեցւոյ շուրջ է ամէն ինչ՝ դպրոցը, միութիւններն ու հայապահպանութիւնը: Ողջունելի եւ շատ հզօր գործ էք անում Սփիւռքի այս ափերում, Սրբազան Հօր առաջնորդութեամբ, որին ես ծանօթ եմ Ջուղայից, ուր մենք միասին ենք ծառայել, եւ իր նուիրուածութիւնը, իր սրտացաւութիւնը հանդէպ մարդուն, հանդէպ գործին ուրախալի է եւ նախանձելի:

Հ.- Ի՞նչ իրավիճակ կը պարզէ այսօր հայկական արդի մշակոյթը Հայաստանի մէջ:
Ա.Ա.- Ես երկար ատեն է Հայաստանում չեմ եղել, բայց կարող եմ ասել, որ մշակոյթը իր քայլը անում է, մշակոյթը քայլում է, այսինքն չենք կարող ասել, որ ոչ մի բան չի արւում. արւում է. ուրիշ խնդիր է, թէ մակարդակը ինչպիսին է: Կան հոյակապ համերգներ, հոյակապ խմբեր, բայց կայ նաեւ տնտեսական վիճակն ու համընդհանուր անտարբերութիւնը:
Ասեմ նաեւ, որ մշակութային կեանքի առնչութեամբ մի շատ հետաքրքրիր երեւոյթ է զարգանում, դա մանկական երաժշտութիւնն ու մանկական խմբերն են: Ինձ շատ է ուրախացնում մանուկների միասին լիներլը, հայերի միասին լինելը: Այս օրերին տեղի են ունենում մանկական երգչախմբերի փառատօն, որը հիանալի մի առիթ է, որովհետեւ մշակոյթով դաստիարակելը շատ կարեւոր է: Ես միշտ ասում եմ, թէ մեր առաջին նպատակը եղել է գրագէտ հանդիսատես դաստիարակելը, որովհետեւ ամէն մէկին տրուած չի Մոցարդ լինել կամ Կոմիտաս, բայց գրագէտ հանդիսատես է պէտք՝ գնահատելու Մոցարդին ու Կոմիտասին, սա է մեր խնդիրը: Ես անկեղծօրէն երեխէքի հետ շատ եմ սիրում աշխատել, երեխէքէն սովորում եմ, մեծերին սովորեցնում եմ:
Ուրախալի մի երեւոյթ է նաեւ Արցախի «Վարանդա» երգչախումբը, որ վերջերս պատրաստւում է համերգի Երեւանում, խմբավար Զաքար Քէշիշեանի ղեկավարութեամբ: Ես էլ առաջարկ ստացայ Հադրութից եւ Մարտակերտից եկած երեխէքի հետ աշխատել, կիրակնօրեայ դպրոցների շրջանակներում. ես սիրում եմ այդ մէկը անել, բայց եւ յուզւում եմ… մտնում ես ծիծաղելով, դուրս ես գալիս լացելով:

Հ.- Պարոն Ամիրխանեան ներկայիս ո՞ր խումբը կը ղեկավարէք եւ ապագայի ի՞նչ ծրագիրներ ունիք:
Ա.Ա.- Ներկայումս Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի դպրապետն եմ, աշխատում եմ երիտասարդների հետ, փորձում եմ իմ գիտելիքներն ու իմ փորձը հնարաւորութեան սահմանների մէջ փոխանցել ապագայ հոգեւորականներին կամ ուսանողներին: Էնտեղ ես գտայ ատաղձը, հումքը եւ աւանդութիւնը, որ տարիներէ ի վեր պահուել է: Ողջունելի է, որ բոլորը աւանդութիւն են պահում՝ Ջուղայում էլ, էստեղ էլ… եւ երբ հաւաքում ես այս բոլորը, տեսնում ես, որ լիքը գանձեր ունենք, որոնց մասին ո՛չ գիտենք, իմանալով հանդերձ էլ՝ չենք գնահատում: Հետեւաբար մեր նպատակը մեր շարականները, մեր հոգեւոր երաժշտութիւնը բացայայտել է:
Ուրիշ ծրագիրներ եւս կան, որոնք ուրուագծւում են տակաւին, որոնցմով նաեւ պէտք է հանուին մեր դարաւոր երաժշտական արխիւները եւ ներկայացուին ոչ միայն հայերին, այլեւ օտարներին էլ: Մենք նախապէս Գերմանիայում մրցոյթ-փառատօնի մասնակցեցինք եւ այդտեղ Կոմիտասի երգերից երգում էինք, երբ գերմանացի խմբավարը՝ երիտասարդ մի տղայ, ինձ ասաց, որ ձեր երաժշտութիւնը մեր ականջի համար նոր է, բայց երեւում է, թէ որքան հին է. խնկի հին հոտն ենք զգում մենք դրանց մէջ: Օտարներն ասում են, թէ մենք թէկուզ չենք հասկանում ձեր երգերի բառերը, բայց մեր սրտերը վրդովւում են, ալեկոծւում են: Հետեւաբար մեր պարտականութիւնն է պահպանել ու յայտնաբերել մեր հոգեւոր երաժշտութիւնը, որին հանդէպ իմ մօտեցումը այն է, թէ հոգեւոր երգը հրեշտակների ներկայութիւնն է մարդկանց մէջ, ինչպէս մեր մեծերն են ասել:

Հարցազրոյցը վարեց
Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»

Comments are closed.