Մեծ դաւաճանութիւն. երբ էթնոսը տարանջատւում է երեք քաղաքական ազգի
Վահան Իշխանեան
44 օրեայ Պատերազմի պարտութիւնը վերջնականապէս ջրի երես հանեց 100 տարի թաքնուած այն իրողութիւնը, որ Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթէ Հայաստանի հետ աւանդական Սփիւռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կը բաժանուեն երեք քաղաքական ազգերի։
1֊ին՝ 29-ականներ, կամ լոկալ ազգայնականներ, որոնց համար հայրենիքը Սովետական Հայաստանի 29 հազար քկ տարածքի սահմաններից այն կողմ չի անցնում, իսկ հայրենակիցներն էլ միայն նրանք են, ովքեր ճանաչում են որպէս հայրենիք միայն այդ 29֊ը։ Բոլոր այն ազգային ծրագրերը, որոնց մէջ ներառւում են Սփիւռքի, Արցախի կամ Վրաստանի ու Աբխազիայի հայութեան նպատակները՝ Արցախի անկախութիւն, Հայ Դատ, Ջաւախքի և Աբխազիայի հայութեան իրաւունքներ, 29֊ականները մերժում են, համարում են, որ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, իսկ նրանց ներկայացուցիչներին պիտակաւորում՝ ախպար, նարինջ ուտողներ, ոչմիթիզականներ, ղարաբաղցի տականքներ և այլն։
Նրանց առաւել գրագէտ գաղափարախօսները, ազգայնականութեան արևմտեան տեսութիւններից թխելով ազգայնականութեան ուղղութիւններ, իրենց նոյնացնում են իբր ազգայնականութեան «առաջադէմ» մոդելին՝ ֆրանսիական ազգայնականութեանը, ըստ որի ազգը պետականութեան մէջ է միայն, և որտեղ ազգային պատկանելութիւնը և քաղաքացիութիւնը նոյնանում են, իսկ այդ շրջանակից դուրս հայրենակիցներ կամ ազգակիցներ չկան։
Մի էթնոսի մէջ տարբեր քաղաքական ազգերի ներկայութեան մէկ այլ օրինակ են ուկրաինացիները, որ ներկայացնում են երկու քաղաքական ազգ, որոնց հակամարտութիւնը ի վերջոյ յանգեցրեց քաղաքացիական Պատերազմի։
2րդը Արցախ֊ Հայաստան միասնականներն են, որոնց հայրենիքը Արցախն ու Հայաստանն է, հայկական երկու պետականութիւնները միմեանց լրացնող ու միմեանց թիկունք կանգնող, որ Հայաստանը պարտաւոր է լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը և միջազգային ասպարէզում նրա ինքնորշման գաղափարն առաջ տանողը։ Նրանք Սփիւռքի հետ յարաբերութիւնները ոչ թէ սահմանափակում են միայն Սփիւռքից նիւթական օժանդակութիւն ստանալով, այլև առաջ են տանում Սփիւռքի քաղաքական պահանջները՝ ցեղասպանութեան ճանաչումն ու փոխհատուցումը։
3֊րդը աւանդական Սփիւռքն է, 15թ ցեղասպանութեան վերապրողները, որոնց հայրենիքը՝ Արևմտեան Հայաստանը իր ժողովրդով և մշակոյթով բնաջնջուել է, և նրա քաղաքական նպատակը վերադարձն է իր կորցուած Հայրենիք, իսկ եթէ վերադարձն անհնարին է, ապա Սփիւռքը որպէս ինքնիշխան աշխարհ ձևաւորելը։
29 ականներ, կամ լոկալ ազգայնականներ
29ականների գաղափարախօսութեան հիմքը սկսեց ձևաւորուել 1918֊ին ստեղծուած Հայաստանի պետականութեամբ, ամրապնդուեց Խորհրդային Հայաստանով, և քաղաքական հոսանքի վերածուեց 1991֊ից յետոյ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ստեղծմամբ։
Դեռևս 1918-1920 թուերին արդէն ստեղծւում է հայաստանցու լոկալ ազգայնական մի հանրոյթ, որը որպէս օտար մերժում էր ցեղասպանութեան վերապրած հայրենակից գաղթականներին և հակասութիւնների մէջ մտնում արևմտահայերի հետ։
1920ականներին գաղթականների նկատմամբ հայաստանցիների թշնամական վերաբերմունքի մասին պատմում էին տարեց գաղթականները։ Ապա հեգնական, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանացան 1946֊ից յետոյ ներգաղթեալները։ Նրանց կնքեցին ախպար հեգնական պիտակով (մի սովետական պաշտօնեայից եմ լսել՝ «շունս ախպար լինէր, պոչը կը կտրէի»)։
1990֊ականներին էլ մերժողական վերաբերմունքի արժանացան Ադրբեջանից տեղահանուած փախստականները, նրանց ասում էին թուրք, ետևներիցդ կարմիր խնձոր էինք ուղարկել որ եկել էք և այլն։ Իշխանութիւնները ոչինչ չարեցին կանխելու համար այս ներազգային թշնամանքը։ Բազմաթիւ փախստականներ այդպէս էլ նորմալ կացարան չստացան, ապրեցին աղքատութեան մէջ հանրակացարանների նեղլիկ սենեակներում, ովքեր կարողացան, հեռացան երկրից: Հայաստան եկած 400 հազար փախստականներից 2000 ականներին մնացել էր մօտ 70 հազարը։
***
Խորհրդային Հայաստանի կողմից ազգը երկու մասի ճեղքելու քաղաքական ակտն է 1921 թուականի ուղղագրութեան փոփոխութիւնը, որով Մաշտոցեան ուղղագրութիւնը վերափոխուեց սովետականի։
Ճեղքը խորանում է ստալինիզմի ժամանակ, երբ նրանք ովքեր յիշատակում էին ցեղասպանութիւնը և կորցրած հայրենիքն՝ Արևմտեան Հայաստանը, որակւում էին նացիոնալիստ և բռնադատւում: Այդպէս Ակսել Բակունցին մահապատժի ենթարկելու պատճառների մէջ գլխաւորը նրա «Ծիրանի փող» պատմուածքն էր։
Խրուշչովեան բարեփոխումներն արթնացրին սովետական ժողովուրդների ազգայնական զգացումները, բայց շատ տարբեր դրսևորումներով. Մերձբալթեան, Վրաստանի, մասամբ նաև Ուկրաինայի ժողովուրդների մէջ արթնացաւ անկախ պետականութիւն ստեղծելու ձգտումը, իսկ Հայաստանում՝ կորցրած հայրենիքի յիշողութիւնը, Եղեռնի ողբերգութեան փոխհատուցման պահանջը և Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերամիաւորելու ձգտումը։
Ի հարկէ, առաջացան նաև Հայաստանի անկախութեան գաղափարի գործիչներ, սակայն նրանք մնացին մարգինալ, որպէս մի աղանդ. 1915 թուականի աղէտը այնպիսի վէրք էր բացել, որ ազգային գլխաւոր նպատակ էր դարձնում զոհերի յիշատակի վերականգնումը և Հայ դատը՝ ցեղասպանութեան ճանաչումը միջազգային հանրութեան և ոճրագործութեան ժառանգ Թուրքիայի կողմից։ Իսկ անկախութիւնը երկրորդական պլան էր մղւում, նոյնիսկ մտաւորական լայն շրջանակները Խորհդային կազմից Հայաստանի դուրս գալը վտանգաւոր էին համարում, քանի որ անմիջապէս կը յայտնուէին Թուրքիայի սպառնալիքի տակ։
60 ականների ազգային ալիքը հայութեան տարբեր շերՏէր միաւորում է, որն էլ ի վերջոյ յանգեցրեց Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու 1988 թուականի համաժողովրդական շարժմանը։
Ղարաբաղ կոմիտէի մի շարք անդամներ՝ Վազգէն Մանուկեանը, Լևոն Տէր֊Պետրոսեանը, Դաւիթ Վարդանեանը, Բաբգէն Արարքցեանը 60֊ականների շարժումների մասնակիցներն էին, և նրանք բոլորը արևմտահայերի զաւակներ են։ Նրանք 88֊ի շարժման անունը կնքեցին Հայոց համազգային շարժում, այսինքն մի շարժում, որը հայ ժողովրդին միաւորում է մի միասնական քաղաքական ազգի մէջ։ Հենց 60 ականների ոգեշնչումն էլ բերեց ղարաբաղեան առաջին Պատերազմի յաղթանակը։
***
Ղարաբաղի վերամիաւորման գաղափարով իշխանութեան եկած ՀՀՇ֊ն չդիմացա՞ւ անկախութեան առաջին տարիների տնտեսական ճգնաժամի, Պատերազմի առաջին շրջանում պարտութիւնների փորձութեանը, թէ՞ ներծծուած լինելով ազատական գաղափարով՝ որտեղ անձնական շահն է գերակայում, արթնացրեց իր մէջ 29֊ական քաղաքական ազգը, լոկալ ազգայնականութիւնը, որ հարևանների ագրեսիան դադարեցնելու ու նրանց հետ հաշտուելու խաթեր հետզհետէ սկսեցին հրաժարուել Արցախի ազատագրութեան գաղափարից։
1988֊ին «Պայքար պայքար մինչև վերջ» ու «քանի Արցախը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակուելու է» կոչերով զանգուածներին ոգևորող նախագահ դարձած Լևոն Տէր Պետրոսեանը 1992֊ի մարտի 5֊ին Կոմսոմոլսկայա Պրաւդային տուած հարցազրոյցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. « Կ’ուզէի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգաւիճակը լիովին կը բաւարարէր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորուած կենսագործունեութիւն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամէն ինչ»:
Հետագայում, Հայաստանի իշխանութեան Տէր Պետրոսեանական թևը բանակցութիւնները տարաւ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կանխադրոյթով, որն արտայայտուած է Տէր-Պետրոսեանի «Պատերազմ թէ խաղաղութիւն. Լրջանալու պահը» յօդուածով և 1997֊ի առաջարկուած փուլային տարբերակով, որով տարածքներն յանձնւում էին, որից յետոյ քննարկւում Արցախի կարգաւիճակը։ Ոչ մի խօսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին։
Տէր-Պետրոսեանին գցելուց յետոյ, 1998-ից յետոյ Հայաստանը զարգանում էր, աղքատութիւնը երկու անգամ կրճատուեց, ՀՆԱ֊ն 6 անգամ աճեց, փակ սահմաններով Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ էր անցնում բաց սահմաններով և ծովային երկիր Վրաստանից, արտագաղթը կանգ առաւ, բայց Տէր֊Պետրոսեանը փչացած ձայնապնակի պէս կամ որպէս ագռաւի կռկռոց՝ կրկնում էր թէ Հայաստանը առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու հեռանկար չունի. «Առանց Ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ–թուրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կը լինի իշխանութեան ղեկը»։(2010, ՀՀՇ համագումարի ելոյթ)։
ՀՀՇական իշխանութիւնը Թուրքիայի հետ մերձենալու յոյսով հրաժարուեց նաև ցեղասպանութեան ճանաչումը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականութիւն։ Սակայն մերձեցման չարժանացաւ։
Մոռացուեց, թէ ինչպէս է բացւում ՀՀՇ յապաւումը, հիմա արդէն զաւեշտալի է դառնում այն բացելը՝ Հայոց համազգային շարժում, քանի որ վերածուել էր 29 հազար քկ սահմանների շահերից դուրս որևէ հայրենակցի նկատմամբ ապրումակցումից զուրկ խմբաւորման։
Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնեանը ասում էր, որ 1992-1993 թուերի աբխազ-վրայցական պատերազմի ժամանակ բոլոր փոքրամասնութիւները իրենց հայրենակից երկրներից օգնութիւն էին ստանում, նոյնիսկ Էստոնական համայնքը Էստոնիայից նաւով օգնութիւն ստացաւ, և միայն հայ համայնքը որևէ օգնութիւն, նոյնիսկ մի գրիչ չստացաւ Հայաստանից։
Բայց ոչ միայն Աբխազիայի և այլ համայնքներն էին զրկուել Հայաստանի աջակցութիւնից, նաև երկրի, այդ 29֊ի ներսի բնակչութեան ստուար մասն աղքատութեան էր մատնուել, 29֊ի գաղափարախօսութիւնը ծառայեցւում էր միայն սեկտայի վերածուած ՀՀՇ֊ի ու իշխանական կլանների շահերին։
1990֊ից յետոյ որևէ մէկը չէր բացում ՀՀՇ յապաւումը, օրինակ եթէ Հայ յեղափոխական Դաշնակցութեանը անուանում էին Դաշնակցութիւն կամ յապաւումով ՀՅԴ, ապա ՀՀՇ֊ին միայն յապաւումով էին անուանում։
Համազգային բառից ազատուելու համար էլ, ի վերջոյ, Տէր֊Պետրոսեանը փակեց ՀՀՇ֊ն ու տեղը ստեղծեց ՀԱԿ֊ը՝ Հայ ազգային կոնգրեսը։
***
Ինչպէս ցոյց է տալիս վերջին 30 տարիների պատմութիւնը, այս երեք քաղաքական ազգերից ամենաանհանդուրժողը հայրենակիցների նկատմամբ 29֊ականներն են։
ՀՀՇ֊ն իր իշխանութեան հենց առաջին տարիներին սկսեց մերժել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իր հետ հակասութեան մէջ էին։ Առաջին հարուածը ստացաւ Դաշնակցութիւնը՝ 1992թուականին Հայաստանից արտաքսուեց Դաշնակցութեան բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը, իսկ 1994֊ին էլ Դաշնակցութիւնը փակուեց իր պարբերականների հետ։ Յետոյ էլ, 1996֊ի յետընտրական ցնցումների ժամանակ բանտերում խոշտանգում էին ընդդիմադիր գործիչներին։
Տէր֊Պետրոսեանի նախագահութեան շրջանը յիշւում են որպէս ցուրտ ու մութ տարիներ՝ և բառիս բուն իմաստով, և խորհդանշական, քանի որ Հայաստանի 30ամեայ պատմութեան ամենադաժան տարիներն էին։
Ըստ 1996 թ ՄԱԿ-ի տուեալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրայեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բաւարար, և 4,4 տոկոսը լաւ կամ շատ լաւ (Էդիկ Մինասեան «Հայոց նորագոյն պատմութեան քառորդ դարը»):
ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդաարութեան և մարդու իրաւունքների վիճակը Հայաստանում անկախութեան 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտութիւնը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հիւսիսային Կորեան, միւս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝ հասել դէպի բռնապետութիւն, և միայն նրա տապալումից յետոյ` 1998-ից սկսած, 9 կէտով բարձրացել է, բայց 6-ից չի անցել։ (տես նաև՝ մինչ 1998թ. մարդու իրաւունքների վիճակի մասին պատմող նիւթը)։
Իսկ արդէն որպէս ընդդիմութիւն, 2008֊ի նախագահական նախընտրական քարոզարշաւում Տէր֊Պետրոսեանը հասարակութեան պառակտումը հասցրեց քաղաքացիական բախումների։ 2008֊ին մարտի 1֊ից մի օր առաջ հրատարակուած «Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչուելուն» ակնարկը մէջբերում է Տէր֊Պետրոսեանի խօսքը.
«Այս հանրահաւաքը և երթը ցոյց տուեցին, որ ջրբաժանը յստակ գծուած է` մի կողմից արժանապատիւ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, միւս կողմից` ազգի տականքը»։
Որպէս Տէր֊Պետրոսեանի աշակերտ՝ Փաշինեանը մտաւ քաղաքականութիւն 2008֊ին: Բանաստեղծ Գայիանէ Բաբաեանը Մարտի 1֊ի հաղորդման մէջ Փաշինեանի խօսքերն է մէջբերում. «Վերջ բռնապետութեանը, վերջ Քոչարեանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թէ իրենց հզօր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ… ես շնորհաւորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ…»:
Եւ գրոհի էր ուղարկում զինուած ցուցարաներին.««Մեր տղերքը գրաւել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամաւոր թող առաջ գնան, ապահովուեն մեր դիրքերը» կամ` «Միասնիկեանի արձանի ետևի դիրքերից օգնութիւն են խնդրում, զօրքերը առաջ են գալիս, անցէք Միասնիկեանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մօտ օժանդակութիւն է պէտք…»:
Արդիւնքում տասը հոգի զոհուեց՝ երկուսը ոստիկան և 200֊ից աւել վիրաւորուեցին, որոնցից 180 ոստիկաններ։
2008֊ի արիւնահեղութեան առաջնորդները յանձին Փաշինեանի, տեսնելով որ թշնամանք հրահրելով ու զինուած բախումներով իշխանութիւնը հնարաւոր չի վերցնել, մարտավարութիւնը փոխեցին և 2018֊ին բռնութեան փոխարէն սէր քարոզելով, յեղափոխութեան անունը դնելով սիրոյ և համերաշխութեան իշխանութիւնը վերցրին և անմիջապէս գառան դիմակները գցեցին ու ռեպրեսիւ ապարատը աշխատացրին՝ մարտի 1֊ի գործը բացեցին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորեցին, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովին Մոսկուայից հետ բերեցին ու ամբաստանեալի աթոռին նստեցրեցին՝ սկիզբ դնելով հայ֊ռուսական յարաբարութիւնների աւերմանը(նրանց ներկայացուած մեղադրանքը Սահմանդրական դատրանը ճանաչեց հակասահմանդրական, գործը կարճուեց, և այս պատմութիւնից Հայաստանին մնաց Ռուաստանի հետ վատացած յարաբերութիւններ)։
Արդէն աշնանը սիրոյ ու հանդուրժողականութեան փոխարէն Փաշինեանը գոռում էր, թէ հասարակութիւնը սևերի և սպիտակների է բաժանում, ու որ հակառակորդներին ասֆալտին է փռելու ու պատերով զարկի։
Հայաստանը փոխակերպուեց, դարձաւ անտիուտոպիա, որտեղ երկրի ղեկավարին «թարս խօսք» ասելու համար ոստիկանները մարդկանց բառիս բուն իմաստով ասֆալտին են փռում։ Կայ՞ մի պետական կառոյց որ վարչապետի հրամանները չկատարի՞, դատարաննե՞րը։ Ղեկավարի մոլագար կոչով դատրանի շէնքերն են շրջափակում, դատաւորների վրայ տարբեր գործեր են սարքում՝ որ, ասենք, կալանքի սանկցիա չեն տուել կամ կալանքից ազատել են նրանց ում ինքը որոշել էր փակել։ Դատաւորի վրայ չի՞ ազդում քրէական գործը, օքէյ, ընտնիքի անդամներին են ԱԱԾ֊ներ քարշ տալիս։
***
29ականների գլխաւոր թշնամին Արցախն ու արցախցիներն են, որոնց դիտարկում են խոչընդոտ թուրքերի հետ եղբայրանալու համար, այսինքն, ըստ իրենց, խանգարում են 29 քկ տարածքի շահերին։ Փորփրէք թէ ինչ է թաքնուած այս կամ այն անձի հասցէին Փաշինեանի և Տէր֊ Պետրոսեանի պիտակաւորումների ու հայհոյանքների տակ(թալանչի, մոնղոլ֊թաթար, շնաբարոյ դուրսպրծուկներ, վնգստացողներ և այլն), կը բացայայտէք Արցախի հարցը, ովքեր դէմ էին յանուն քիրվայութեան զիջումների, իրենց մեդիաներով գրոհի էին ենթարկում ու վարկաբեկում էին։
BBC֊ին տուած հարցազրոյցում Տէր֊Պետրոսեանը ասում է որ միայն 1997-ին էր հնարաւոր լուծել ղարաբաղեան խնդիրը, տարածքները յանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծուեց, Տէր֊Պետրոսեանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի, պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ինչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ յանձնելուց յետոյ չէին ուզո՞ւմ իրենց մարմինները յայտնուեն ադրբեջանցիների ուղիղ նշանառութեան տակ։
Կենցաղային մակարդակում միևնոյն երկրի տարբեր շրջանների բնակիչներ միմեանց նկատմամբ հեգնանք, երբեմն թշնամանք են ունենում։ Հայաստանում էլ՝ գիւմրեցի-երևանցի, մարտունեց-֊քգաւառցի, կամ մարտունեցի-վարդենիսցի, գիւղացի-֊քաղաքացի հակադրութիւնները զրոյցների թեմաներ են։ Կար նաև կենցաղային հակադրութիւն Հայաստանից դուրս բնակուող հայրենակիցների ու հայաստանցիների մէջ, ինչպէս, Սփիւռքահայ-հայաստանցի, արցախցի-֊հայաստանցի, թիֆլիսեցի-հայաստանցի։
Սակայն, հայ ժողովրդի մի հատուածի՝ արցախցիների նկատմամբ ատելութիւնը քաղաքական ծրագիր դարձրեց առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանն ու իր շրջապատը՝ սկզբում ՀՀՇ֊ի ապա ՀԱԿ֊ի կառոյցներով, այն պատճառով, որ ղարաբաղցիները իրենց չեն զոհաբերում յանուն հայ֊-ադրբեջանաթուրքական քիրվայութեան։
Ղարաբաղցիների նկատմամբ ատելութիւնը գագաթնակէտին հասաւ 2008֊ին, որի մասին պատմում է «Ներքին արիւնահոսութիւն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դէմ» ակնարկը, երկու մէջբերում.
«ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելութեան` յայտարարելով իշխանութիւններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով(Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան) վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխուել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից իւրաքանչիւրին պաշտօն է տրուել: Դա բաւական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրւում նրանց»(eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիւը` անյայտ է)»։
«Ես կեանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովեանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետեանը պատմում է, թէ ինչպէս մարտի 1-ին Միասնիկեանի արձանի մօտ իւրաքանչիւր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թէ որտեղացի է` կատաղած նրանց մէջ ղարաբաղցի փնտրելով։
Հակաղարաբաղեան այլատեացութեան գագաթնակէտը հասաւ փետրուարեան յետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախօս հրապարակում էր այն ուսումնական հաստատութիւնների ղեկավարների անունները, որոնք պէտք է պատժուեն` զանգուածի բուռն աղաղակների ներքոյ շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ յայտարարեց. «Այս հրապարակում հաւաքուած հայորդիները 3 անգամ աւելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։
Ագրեսիայի դէմ որպէս բողոք` բլոգներից մէկում ոչ ղարաբաղցիները սկսեցին յայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպէս Տինքի սպանութիւնից յետոյ թուրքերը յայտարարում էին՝ ես հայ եմ»։
Ակնարկից դուրս է մնացել Տէր֊Պետրոսեանի գլխաւոր զինակից Նիկոլ Փաշինեանի կոչը՝ Մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։
Իսկ 2008֊ի մարտի 1-ից յետոյ էլ Տէր֊Պետրոսեանական շրջանակները ղարաբաղցիների դէմ ատելութիւնը սրելու համար սկսեցին կեղծիք տարածել, թէ իբր իրենց հարուածող ոստիկանները Ղարաբաղի բարբառով էին խօսում.
Հակաղարաբաղցիական տրամադրութիւնները վերսկսեցին աշխուժանալ 2018֊ի յեղափոխութիւնից յետոյ, երբ արդէն ակնյայտ էր դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հետապնդում է արցախեան գործիչներին և Պատերազմի վետերաններին, իսկ գագաթնակէտին սկսեց հասնել պարտութիւնից յետոյ, Փաշինեանի աջակիցների հիմնական թիրախներից մէկը ղարաբաղցիներն են.
**
29ականներն Ի հարկէ իրենք չեն գիտակցել, որ առանձին ազգ են դարձել՝ իրենց լոկալ շահերով սահմանափակուած՝ իրենց կաստաներով(ունեւորների վերին կաստան, և նրանց մօտ նոքարութիւն անողների ստորին կաստան, ինչպէս, օրինակ օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը և նրա հաւաքարարը, որ ասում է թէ Շուշին ադրբեջանական է ) և Արցախի ինքնորոշման համար պայքարողներին ու ցեղասպանութեան վերապրած սերունդերի իղձերը մտցնում են «իրենց ազգի» մէջ ու սկսում քննադատել հայութեանը, որ չեն հրաժարւում իրենց իղձերից, և իբր 29 հազար քկ պետութեանը հոգ տանելու փոխարէն ծաւալապաշտական նկրտումներ ունեն։
29֊ականների գաղափարախօսներից է Ղարաբաղ կոմիտէի անդամ, ՀՀՇ֊ի ղեկավար նախկին Ներքին գործերի նախարար և Երևանի քաղաքապետ գրող Վանօ Սիրադեղեանը, ով ղարաբաղեան հակամարտութեան լուծման շուրջ ծագած վէճի արդիւնքում իշխանութիւնից զրկուեց: Աւելին, նոր իշխանութիւնները բացայայտեցին նրա կատարած ոճրագործութիւնները՝ եօթ սպանութիւն և մէկ մահափորձ: Նա դատավարութեան ընթացքում փախաւ երկրից և ղարաբաղցիների ու նրանց առաջնորդների դէմ հիւանդագին թշնամանքով լցուեց, որն արտայայտուած է Աւետիս Յարութիւնեան մականունով 2002֊ին Փաշինեանի «Հայկական ժամանկում» հրատրակած գործերում։ Մեծ մասը յերիւարնքներ են նախագահ Ռոբերտ Քոչարեանի հասցէին, որ կարծես, նրա վարկաբեկման արշաւի մեկնարկը լինի. «Ով կը յանձնի Քոչարեանին միջազգային դատարան», «Մեզ մնում է չկորցնել զգօնութիւնը եւ չնչին իսկ հնարաւորութեան դէպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից», ծաղրանք ղարաբաղցիների հասցէին «Բաւական էր դուրս գային Պաքուի վերահսկողութիւնից, բաւական էր նաեւ ձերբազատուէին Տէր֊Պետրոսեանի զգաստացնող ներկայութիւնից, անմիջապէս վերադարձան աւանակային կրոսին»։ Եւ ահա, քաղաքական դիրքորոշումը.
«Դաշնակցութիւն կամ ՀՀՇ: Երրորդը տրուած չէ։ Երրորդ ճանապարհը գուցէ սոցիալիզմը լինէր, եթէ Իրանի տեղը լինէր Չինական Հանրապետութիւնը, բայց դա, բարեբախտաբար, այդպէս չէ։ Հետեւաբար, Հայաստանում այսօր կայ իշխանութեան հաւակնող երկու քաղաքական գաղափարախօսութիւն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետութիւն, անհայրենիք ժամանակների ծնունդ աւանդական կոչուածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը։ Ոչ հայաստանակենտրոն, աւանդական֊հայրենիք չունեցողի գաղափարախօսութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց իր սնանկութիւնը։ Այդ աւանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին… Քանի կայ Ղարաբաղի հարցը, օդում կախուած է մնում Հայաստանի Հանրապետութեան պետական սուվերենութեան հարցը, քանի կայ երկրի սուվերենութեան հարց»։
Իսկը 29֊ական գաղափարախօսութիւն։ Սակայն պատմութիւնը ճիշտ հակառակն ապացուցեց՝ 2018֊ին ՀՀՇ֊ի հերթափոխը իշխանութիւնը վերցրեց՝ վարչապետ դարձաւ Վանոյի դասէրը սերտած տղան, ՀՀՇ֊ի վերնախաւը, նրանց զաւակներն ու հարզատները, 2008֊ի Տէրպետրոսեանական Հիմա շարժումը ձևաւորեցին Իմ քայլը, ու երկրի սուվերենութիւնը իջաւ այնտեղ, որ Սիւնիքում պետութիւնը նոյնիսկ մի գոմ չի կարողանում պաշտպանել, ադբեջանցիք շուռնուխցիների կովերը օրը մէջ տանում են, գիւղացիները ռուս խաղաղապահներին են խնդրում, որ իրենց պաշտպանեն։ ԱԺ անկախ պատգամաւոր Աննա Գրիգորեանը պատմում է, որ Սիւնիքի գիւղերից մէկում գիւղացին իրեն ասում էր, որ տանիքին ռուսական դրօշն են ուզում դնել, որ ադրբեջանցուց պաշտպանուեն։
Սիրադեղեանի խօսքը թէ «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից» մշտապէս մէջբերում են 29֊ականները ու պատմական հայրենքի վերածում Արցախն ու Սիւնիքը:
29֊ականը վերանձնային իդէաներ չունի, հայրենակիցներին ոչինչ պատրաստ չի զիջելու, սակայն թուրք ու ադրբեջանցի սիրաշահելու համար 29 ականից պատրաստ է վերածուել 28 ականի, 27 ականի, ինչպէս Փաշինեանը, որ Սովետական Հայաստանի 29հազար քառակուսի կիլիոմետր տարածքից «ղրկում է Ալլահին», Ադրբեջանին է յանձնում աւտոճանապարհ և բնակավայրեր (Գորիս ֊Դաւիթ Բեկ 21 կմանոց ճանապարհը և Որոտան ու Շուռնուխ գիւղերի հատուածները, որոնք եղել են Սովետական Հայաստանի կազմում, Փաշինեանը յանձնեց Ադրբեջանին։ Որոտանի բնակչը յուզուած ցոյց է տալիս փաստաթղթերը, որ 1954 թուականին Հայաստանում կառուցուած տունը յանձնել են Ադրբեջանին։) Այդպէս հայ կոմունիստները 30ականից վերածեցին 29 ականի, Նախապէս՝ 1930֊ական թուերին Սովետական Հայաստանը եղել է 30 հազար քկ, 1980 ականներին դարձել 29 հքկ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու արդիւնքում։
29֊ականի ինքնութիւնը, հայրենքի տարածքը որոշողը թուրքն է, քանի որ նա իր ինքնութիւնը հնարաւոր է համարում միայն թուրքի ճանաչմամբ։
BBC֊ին հաղորդում է, որ ռուս սահմանպահները պատմում են, որ տեղացիները ոչ թէ հայկական իշխանութիւնից, այլ իրենցից են իմանում, թէ ինչպէս է փոխւում սահմանագիծը, ուր կարելի է գնալ ուր ոչ. «ադրբեջանցիները յստակ գիտեն, թէ ինչ են իրենք ուզում, ինչ են ուզում վերցնել, և մինչև վերջ վիճում են ամէն վիճելի տարածքի համար։ Հայկական կողմից այսպիսի բան չի նկատւում, ասում է ռուս սահմանապահը»։ Վերնագիրն է «Գիտէ՞ք, թէ ինչ նուաստացում է. Ինչպէս են հայերը ապրում Ադրբեջանի հետ նոր սահմանին»։
***
2018֊ի յեղափոխութիւնը 29ականների յաղթանակն էր, նրանք իշխանութեան եկան, բայց իրենց քաղաքական ծրագիրը՝ ի հաշիւ Արցախի և հայ դատի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու, գաղտնի էին պահում մինչև պատերազմը։ Պարտութիւնից անմիջապէս յետոյ իշխանութիւնները սկսեցին այնպէս ակտիւօրէն պրոպագանդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու գաղափարը, կարծես յատուկ էին պատերազմում պարտուել, կարծես 2,5 տարի անհամբեր սպասում էին Արցախի կորստին, որ նետուեն թուրքական պետութիւնների գիրկը։ Իսկ 5000 զինուորների կեա՞նքը (այսօր հաշուարկները արդէն ցոյց են տալիս որ զոհերի թիւը շատ աւելին է։Ռուբեն Մխիթարեանի «Չյայտարարուած Պատերազմ» ֆիլմը հաղորդում է. փոխվարչապետ Աւինեանը Յունուարին յայտարարում է զոհերի թիւը՝ 3439, Առողջապահութեան նախարարը նոյն ժամանակ ասում է 3450 զոհ, Կառավարական ինֆոչեկ կայքը փետրուարին յայտնում է, որ զոհերի թիւը 3577 է, իսկ մարտին Նիկոլ Փաշինեանը իջեցնում է թիւը 3250֊ի։ Ռուսական խաղաղապահներն էլ յայտնել են որ իրենց 3500 անյայտ կորածի հարազատ է դիմել, անյայտ կորածների և պատշօնական թուերի հանրագումարով, 44 օրեայ պատերազմում զոհերի թիւը 7000֊ից անցնում է)։
Ապրիլի 2-ին ԱԺ փոխխօսնակ, իմքայլական Լենա Նազարեանը ասում է. «Գուցէ հիմա լաւ շանս կայ, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը յանձնուած բնակավայրեր՞ն էին, բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրեանն է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նոյն իսլամիստ վարձկանների կողմից աջակցուող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և աւելի քիչ զոհեր ունեցան»)։
Նրանց կեանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը աւելի համոզուեն բարեկամութեան անկեղծութեանը։
Ռեալ պոլիտի՞կ են խաղում, և այդ խաղով այնքան են տարուել, որ նոյնիսկ տարրական յարգանքի գիտակցութիւնն են կորցրել տուն ու հարազատ կորցրած հայերնակիցների նկատմամբ, ինչպէս յուղարկաւորութեան սրահում հանգուցեալի հարազատներին կոչ անես մարդասպանի հետ բարեկամանալ։
Պատերազմից ընդամէնը 20 օր անց նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբեանը հրճուանքով ասում է․ «Սահմանների բացումը լայն հնարաւորութիւն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ աւելի յարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացուելու են թուրքական նաւահանգիստները և ընձեռուելու են բազմաթիւ լայն հնարաւորութիւններ։ Միգուցէ նաև բացուի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պէտք են գալու մարդիկ, որ կարողանան օգտուել դրանից»: Դեկտեմբերի 1-ին Իմ քայլի պատգամաւոր Հայկ Գեորգեանը աւելացրեց․ «Եթէ մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մէջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ էք դուք»։ Իմ քայլի մէկ այլ պատգամաւոր՝ Անդրանիկ Քոչարեանը խօսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային և դիւանագիտական յարաբերութիւնների անհրաժեշտութեան մասին:
Իմ քայլի պատգամաւոր Անուշ Բեղլոյեանը փետրուարին միջազգային առցանց կոնֆերանսին, որին մասնակցել են ադրբեջանցիներ և թուրքեր, ասել է.«Կարևոր չէ՝ ով է սկսել Պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պէտք է առաջ նայենք»։
Հասան այնտեղ որ Թուրքիային ազատում են իր ոճիրը ճանաչելու պարտաւորութիւնից։ Իմ քայլի պատգամաւոր, նախկին դաշնակցական Յովիկ Աղազարեանը ասում է. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանութիւնը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու»։
Նոր հնրաւորութիւններ, առևտրի ճամփաներ։ Ինչի՞ «շնորհիւ», պարտութեան, արեան, աւերման։ Այն ինչ աղէտ է, ողբերգութիւն, 29֊ականի համար «մեծ հնաւորութիւն» է. նրանց խոշոր բուրժուաների շրջանռութիւնը կը բազմապատկուի, (Գռզօ՝ Խաչիկ Սուքիասեան, որ թուրքերի հետ «կոոպերացուելու» ամենաջերմեռանդ ջատագովներից է, Վիգէն Բադալեան՝ Վիվարոյի Վիգէն), իսկ եթէ աւելի անկեղծանան, չէ, բիզնես֊միզնեսը կարևոր է, բայց գլխաւորը Թուրքիայի միջոցով Ռուսաստանից կտրուել ու ձուլուել Ատլանտեան ընտնիքում։
Հարց է առաջանում. պարտութիւնը ծրագրուա՞ծ էր, թէ՞ ոչ: Նոյնիսկ եթէ «թղթի» վրայ ծրագրուած չէր, իմ քայլի անդամների և Նիկոլ Փաշինեանի անգիտակցականում էր ծրագրուած՝ պարտուելով ազատուել Արցախի «բեռից»։ Ինչպէ՞ս կը յաղթի մէկը, ով պարտութեան մէջ օգուտներ է տեսնում։ Պարտութեան ծրագիրը երևակւում է պատերազմի ընթացքի վերաբերեալ նորանոր փաստերով. մի քանի օրինակ, պաշտպանութեան նախարարութեան ռազմական վերահսկողական ծառայութեան նախկին պետ Մովսէս Յակոբեանը մեղադրեց Փաշինեանին, որ պատերազմի 3֊րդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ փոխարէնը կոչ անելով կամաւորական ջոկատներ կազմել։ Ապա նաև, որ վարչապետը պատերազմը կանգնեցնելու առաւել բարենպաստ պայմաններից հրաժարուել է: Ռուսաստանի նախագահ Պուտինը ասաց, որ Փաշինեանը մերժել է հոկտեմբերի 19֊ի առաջարկը կանգնեցնել պատերազմը, որի արդիւնքում Շուշին մնալով հայերի վերահսկողութեան տակ, հնարաւորութիւն կուտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալ, որին Փաշինեանը պատասխանեց, թէ Շուշին դժբախտ ու դժգոյն քաղաք էր, բա մեզ պէտք էր Շուշին, իսկ յետագայում էլ ասաց, թէ Շուշին ադրբեջանական քաղաք է: Այս հեռահար բանավէճում կարծես Պուտինը աւելի անհանգստացած էր Արցախի ճակատագրով քան Փաշինեանը։ Եւ ապա նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն պայմանագրով, որով արագօրէն Ադրբեջանին է յանձնում հայկական զօրամիաւորումների վերահսկողութեան տակ գտնուող տարածքներ։ Կարծես ռուսական միջամտութիւնը խանգարել էր, որ Արցախի մնացած մասն էլ յանձնէր Ադրբեջանին, և 29 ականներին գլխացաւանքից ազատէր։
Լևոն Տէր֊Պետրոսեանը նախագահի պաշտօնից հեռանալիս ասաց, թէ խաղաղութեան կուսակցութիւնը գնում է, գալիս է պատերազմի կուսակցութիւնը։ Սակայն յաջորդած 20տարիներին, թէև սահմանին թէժ էր, բայց լայնածաւալ պատերազմ չեղաւ։ Բայց երբ կրկին իշխանութեան եկաւ խաղաղութեան կուսակցութիւնը, 2,5 տարի անց պատերազմը սկսուեց։
Պատմութիւնը ցոյց տուեց, որ 29֊ականների ձգտումը ամենևին էլ խաղաղութիւնը չէր, այլ ամէն գնով, թէկուզ պատերազմում պարտուելով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայեանալը։
Քիրվայեանալ ամէն գնով, ցեղասպանութեան փաստը ուրանալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի համար հայ֊թուրք հակամարտութիւնը Թումանեանի մի կաթիլ մեղրն է, ինչ որ աբսուրդ թշնամութիւն, չկան մեղաւորներ ու անմեղներ, ոճրագործ ու զոհ, մարտի 21֊ին Արագածոտնում յայտարարում է. «Խնդիրը հետևեալն ա, որ [թուրքերը] մեզ ընկալում են որպէս թշնամի, և մենք [իրենց] ընկալում ենք որպէս թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպէս թշնամի, էնքան մենք ընկալում ենք [իրենց] որպէս թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք [իրենց] որպէս թշնամի, էնքան [իրենք] մեզ ընկալում են որպէս թշնամի։ Եւ նոյնիսկ շատ դժուար ա գտնել էն մեկնարկային կէտը, որից էս պրոցեսը սկսուել ա»։
Հայդուկ Շամլեանը մեկնաբանում է.« Ըստ Հայաստան անունը կրող երկրի մը վարչապետին, յստակ չէ, թէ՝ հայերու եւ թուրքերու միջեւ, ճիշդ ո՞վ է, ո՞րմէկ կողմն է, որ՝ ամենաառաջինը, սկսաւ թշնամութիւնը…հայերու դէմ բոլոր հալածանքներուն եւ կեղեքումներուն, եւ մինչեւ իսկ ցեղասպանութեա՛ն վերաբերեալ, թուրքերու հիմնական «արդարացումը», ճի՛շդ այս ուղղութեամբ է… թէ՝ հայերը ներքին թշնամիներ էին, օսմանեան կայսրութեան մէջ… այս խօսքերը ուրեմն ընդունելի կը դարձնեն ուղղակի Թուրքիոյ թեզերը, դրոյթները, թրքական լուծի տակ հայերուն վիճակուած բոլոր բարբարոսութիւններու առնչութեամբ. ներառեալ ցեղասպանութիւնը. իսկ Արցախի նիւթով, նոյնպէս՝ Պաքուի, Սումկայիթի եւ այլ, անզէն հայերու գազանային ջարդերը – որոնցմէ առաջ, ոչ մէկ կռիւ իսկ չէին սկսած տակաւին հայերը Արցախի կապակցութեամբ -, կը ներկայացուին որպէս՝ թուրքերուն «հասկնալի» հակադարձութիւնը, մեր կողմէ սկսած թշնամութեան…»։
Ծրագրուած, թէ անգիտակցական, երկու դէպքում էլ դաւադրութիւն է: 29ականը դաշնակիցն է կամ ազդեցութեան գործակալը կամ էլ հենց գործակալը թուրքբրիտանաամերիկեան յատուկ ծառայութիւնների դաւադրութեան։
Գայթակղիչ է 29֊ական դառնալը, Արևմտեան հաստատութիւնները նրան տանում են իրենց բուհ֊երում կրթական ծրագրերի, շրջագայեցնում տարբեր կոնֆերանսներում, շռայլօրէն ֆինանսաւորում նրանց NGO ները։ Արևմտուքը 29 ականներին բազմացնում է 2 պատճառով. 1֊ին՝ինչպէս աշխարհի տարբեր անկիւններում, այնպէս էլ Հայաստանում խթանելու համար առանց որևէ իդէայի, սպառողական հասարակութեան ձևաւորումը, և 2-րդը քաղաքական շահը՝ քանի որ վերանձնային նպատկաներից հրաժարումը՝ Արցախ և Հայ Դատ, ու 29֊ի մէջ ներփակուելը ջնջում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հակասութիւնները, հետևաբար վերացնում նրանցից պաշտպանուելու համար անվտանգութեան համակարգի, ուրեմն նաև Ռուսաստանը որպէս դաշնակից ունենալու անհրաժեշտութիւնը։ Այսպիսով, ՆԱՏՕ֊ն Թուրքիայի միջոցով, հարաւից էլ Ռուսաստանը օղակի մէջ է առնում։
Գայթակղութեանն են տրւում նաև սփիւռքահայեր ու նոյնիսկ արցախցիներ, և դաւաճանելով իրենց ինքնութեանը՝ դառնում են 29 ական։ Ինչպէս Սփիւռքահայ մտաւորական, նախկին դաշնակցական Ժիրայր Լիպարիտեանը, որ դառնալով նախագահ Լևոն Տէր֊Պետրոսեանի խորհրդական՝ վերածուեց 29 ականութեան ամենամոլեռանդ պրոպագանդիստի՝ տարիներ շարունակ գրքերով, յօդուածներով, ելոյթներով պնդելով, թէ Արցախի անկախութիւնը անհնար է, ուրեմն, յանուն «խաղաղութեան» Ադրբեջանին զիջումներ պէտք է անել: Իսկ Պատերազմից անմիջապէս յետոյ, կարծես սպասելով պարտութեանը, գրեց թէ ինչ էլ լինէր, պարտութիւնը անխուսափելի էր, քանի որ Ադրբեջանը ուժեղ էր, իսկ նախկին իշխանութիւնը «ոչմիթիզական» էր, և եթէ Հայաստանը նախապէս զիջէր 7 շրջանները, պատերազմ չէր լինի։ Իսկ զիջելուց յետոյ ի՞նչ կը լինէր Արցախի հետ։ Լիպարիտեանը ուղիղ չի ասում, բայց նրա այս խօսքից թէ «Արեւմուտքը, Արեւելքը, Հիւսիսն ու Հարաւը մեզ աւելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախութիւնը», հասկացնում է, որ 7 շրջանից յետոյ էլ Արցախն էր յանձնուելու։ Եթէ աքսիմոտիկ ճշմարտութիւն է որ Արցախի անկախութիւնը չի ճանաչուելու, ապա այդ աքսիոմայի շարունակութիւնն է որ Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմա է, 29ականը 29ական չի, եթէ կեղծիք չի անում:
Իշխանութիւնը կորցնելու պատճառով Տէր֊Պետրոսեանական շրջանակները այնպէս այնպիսի մերժողականութեամբ են լցուել իրենց տապալողների նկատմամբ, որ կեղծում են իրենցից յետոյ բոլոր ձեռքբերումները՝ և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականութեան։ Լիպարիտեանը սխալւում է, Մինսկի խմբի եռանախագահ երեք գերտէրութիւնների առաջարկած Մատրիտեան սկզբունքները, որտեղ արձանագրուած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և հանրաքուէով իր ճակատագիրը որոշելու իրաւունքը, հենց այն է, որ միջազգային հանրութիւնը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախութիւնը: Իսկ լիպարիտեանները, ինչպէս թիկունքում յայտնուած թշնամու անընդհատ թափուող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակութեանը, թէ անհնար է Արցախի անկախութիւնը, որ պատերազմում պարտութիւնը անխուսափելի է։ Իշխանութեան եկած իրենց քաղաքական ժառանգներն էլ Արցախի անկախութեան անհնարինութեան համոզմամբ և մինչև պատերազմն արդէն պարտուած տապալեցին բանակցութիւններն ու պատերազմ ստանալով երկիրը կապիտուլացիայի մատնեցին, և ձախողուեց աշխարհի կողմից Արցախի անկախութիւնը ճանաչելու հեռանկարը։
(2000 թ Շիքակոյում Ժիրայր Լիպարիտեանը յուզուած ասում էր, թէ ինչ ծանր վիճակում են ադրբեջանցի փախստականները, և որ Արցախի հարցի լուծումը կը նպաստի, որ նրանք ի վերջոյ տուն վերադառնան։ Ապրումակցո՞ւմ էր ադրբեջանցիներին։ Ինչպէս կարող է մէկը ապրումակցել անծանօթ ադրբեջանցիներին, ում իշխանութեան օրօք շատ աւելի դաժան պայմաններում էին ապրում հայրենակիցները՝ աղէտի գօտում, որոնց մասին երբեք ծպտուն չի հանել)։
Կամ ինչպէս արցախցի, Մարտունիում ծնուած և մեծացած Հայաստանի անվտանգութեան քարտուղար Արմէն Գրիգորեանը, ում հայրենիքը մի քանի ամիս առաջ թուրքական հրամանտարութեամբ աւերում էին, մարտի 27֊ին Հանրային հեռուստատեսութեամբ հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետութիւն չէ՞ Հայաստանի համար» պատասխանում է. «Եթէ մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մօտեցումներում որոշակի շտկումներ պէտք է լինեն, ու մենք այդ ուղղութեամբ աշխատում ենք»։
***
Յաճախ է հանդիպում Տէր-Պետրոսեանի երկրպագուների չարախնդութիւնը, թէ տեսաք, չընդունեցիք 1997֊1998 թթ. Արցախեան կարգաւորման առաջարկները, արդիւնքում պատերազմ եւ աղէտ ստացանք (որպէս օրինակ, Հանրային քննարկմանը Վասակ Դարբինեանի խօսքը )։
Արդեօ՞ք ճիշտ են նրանք, թէ՞ կարգաւորման այդ տարբերակը իրագործելուց յետոյ, միեւնոյն է, պատերազմի վտանգը չէր վերանայ, եթէ փուլ առ փուլ յանձնում ես տարածքները, ապա հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից յետոյ՝ պատրեա՞զմ, թէ՞ էլի զիջում։ Այս բանավէճը երբեք աւարտ չի ունենայ, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրուի։ Բայց այլ խնդիր կայ, փորձենք ձևակերպել Տէր-Պետրոսեանի թեզը: Ըստ նրանց՝ «ազատական ազգայնանականների», Հայաստանը իր հարեւանների՝Թուրքիային եւ Ադրբեջանին չի կարող փոխել, հետեւաբար գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամութիւն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպէտք է բարձրացնի ցեղասպանութեան ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ զիջումներ անի։ Բարեկամութեան հաստատման դէպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լաւ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք. ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամութեան ջատագովները սխալ քաղաքականութեան սկիզբ հռչակում 1998ը, երբ Տէր-Պետրոսեանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգաւորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988ին, Տէր-Պետրոսեանն էլ քաղաքական ասպարէզ է մտնել որպէս Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ: Աւելին, Արցախը Հայաստանին վերամիաւորելու Գերագոյն խորհրդի 1989թ. որոշումը նրա ջանքերով է ընդունուել։ Տէր-Պետրոսեանի շրջապատը, եթէ սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտութեան մէջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը իրենց առաջնորդն է, եւ սխալը ոչ թէ 1998ից է սկսւում, այլ 1988ից։ Ի վերջոյ ղարաբաղեան շարժումը հասաւ մի թշնամական կէտի, որից յետոյ այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալը, եւ ուրեմն Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարաւոր։ Խնդրեմ, Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանուել էր տեղում։ Հենց հիմա, ռուս զինուորը հենց ոտքը քաշի, կոտորուելու են արցախցիները։
Այդ կէտին հասցնողներից մէկն էլ Տէր-Պետրոսեանն էր։ Այդ կէտին հասցնելուց յետոյ դաւաճանութի՞ւն է, թէ՞ ցինիզմ՝ արցախցիներ, Ադրբեջանի կազմում ապրէք։
Արցախ գոռալով իշխանութեան ու կարողութեան Տէր դառնաք, ու, մէկ էլ, թէ՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պէտք չեք։ Չէ, ինչ մեղսի, հըլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ինչ մաքսիմալիստ տականք էք, չէք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրյամոյ անցնեն։
Հայաստանի հասարակութիւնը չունի՞ պատասխանատուութեան ինստիտուտ, որ թոյլ չտայ իր բախտը որոշելով զբաղուեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը յանգեցնում է անշրջադարձելիութեան, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։
1988֊ին միլիոնով փողոց դուրս եկած Հայաստանի բնակչութիւնը իր աջակցութիւնն է յայտնում Արցախի ժողովրդի ազատագրական պայքարին, ոգևորում, որ Արցախը վճռականօրէն կարող է առաջ տանել ինքնորոշման գաղափարը, քանի որ ապահով թիկունք ունի՝ Հայաստանը։ Սակայն տարիներ անց, մէկ էլ, Հայաստանը հրաժարւում է իր ստանձնած պարտաւորութիւնից ու թուրքի դէմ թողնում արցախցիներին միայնակ։
Արցախի յանձնումն ու միաժամանակ թուրքերին սիրաշահելն ու բարեկամութիւն մուրալը Փաշինեանի դէմքով է կատարւում, սակայն եթէ դէմքերից վերացարկուենք, ապա այդ ամէնը Հայաստանն է անում։ Եթէ դաւաճան է Փաշինեանը, ինչպէս վանկարկում են ընդդիմադիրները, ապա դաւաճան է նաև Հայաստանը, որ Արցախին խոստացաւ լինել իր անվտանգութեան երաշխաւորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրաւունքը, սակայն չդիմանալով փորձութիւններին՝ դաւաճանեց։
Հարիւրամեակներով, տարբեր ոսոխների դիմադրելով՝ արցախցիները պահել են իրենց երկիրը՝ մշակոյթ ստեղծել, հասել 21֊րդ դար հաւատով որ իրենց թիկունքին է հայկական պետութիւնը, և մէկ էլ դաւաճանութիւն, ու երկիրը ձեռքից այնպէս է գնում, որ անհնար է դարձել կանխելը։ Ադրբեջանցիները պղծում են հայկական յուշարձանները և երջանկացած նկարահանումները գցում ցանց, տագնապով հետևում ենք, որ յանկարծ հայկական առաջին դպրոցներից մէկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, յոյսներս դրել ենք միայն Արցախի միւս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանութեանը։ Հայաստան չկայ, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդուած- աւերուած է, «Մեր էրեխեքը խի պիտի ծառայեն Ղարաբաղում» հնչում են Նիկոլի վկաների բերաններից։
Ի՞նչ է լինելու Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ճակատագիրը։ Ըստ պայմանագրի՝ ռուս խաղաղապահները 5 տարով են Ղարաբաղում, յետոյ՞ ինչ կը լինի, եթէ Ադրբեջանը չուզի խաղաղապահների ներկայութիւնը, նրանք պէտք է հեռանան։ Եւ արցախցիները, ճարահատեալ, որպէս վերջին փրկօղակ ռուսական բանակը պահելու համար ռուսէրենը ընդունում են որպէս երկրորդ պետական լեզու։
Հայկական հակառուս շրջանականերն ասում են թէ 1915֊ին Ռուսաստանը ճակատում նահանջելով՝ մեզ դաւաճանեց, այլ պատմաբաններ էլ ասում են, թէ 1921ին ֆրանասիան Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով՝ դաւաճանեց Կիլիկիայի հայ համայնքին՝ մատնելով կոտորածի։ Այլք նրանց բացատրում են՝ որ ոչ թէ դաւաճանեցին, այլ ռուսներն ու ֆրանսիացիներն ունեն իրենց ազգային շահերը, որոնք հակասում էին հայերի շահերին։
Բայց հիմա հայերն են դաւաճանում հայերին, Հայաստանը՝ Արցախին։ Ազգային շա՞հ, թէ՞ դաւաճանութիւն, նրանք միասին են ի յայտ գալիս: Այն պահից, երբ դաւաճանութիւնը բացայայտւում է, նոյն պահին էթնոսից առանձնանում է քաղաքական նոր ազգը՝ իր առանձին շահերով։
Արցախ֊Հայաստան միասնութեան նուիրեալներ
Երբ 1990֊ականներին ՀՀՇն սկսեց հրաժարուել իր համազգային կոչումից, նրանից առանձնացաւ Վազգէն Մանուկեանը և ՀՀՇ յապաւման համազգային բառը փրկելու համար յայտարարեց, թէ հայերը համաշխարհային ազգ են։ 1991 թիւն էր, ՀՀՇ֊ի և Տէր֊Պետրոսեանի վերելքի շրջանը, երբ նա ԱԺ նախագահից անցնելու էր երկրի նախագահի պաշտօնին, և Մանուկեանի խօսքը ծաղրի արժանացաւ, իսկ Լևոն Տէր-Պետրոսեանն էլ հակադարձեց՝ հայերը սովորական ազգ են, իսկ ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա է։ Այսինքն, ազգը չունի նպատակ, այն ինչ որ պետական կառոյցի ներքոյ առանց տեսլականի, աննպատակ սպառողների հասարակութիւն է, և քաղաքական գործիչների գործն է միայն այդ սպառողականութիւնը խթանել։
Սակայն 88֊ի շարժման թափն այնքան ուժգին էր, որ ՀՀՇ֊ն չէր կարող իրագործել 29֊ական ծրագիրը: 1992֊ին արդէն ճակատում պարտութիւնների պատճառով Տէր֊Պետրոսեանի ու ՀՀՇ֊ի վարկանիշը արագօրէն սկսեց գահավիժել, ընդդիմութեան ցոյցերը խարխլում էին նրանց իշխանութիւնը, և 1992֊ին Տէր֊Պետրոսեանը իր գլխաւոր հակառակորդ Վազգէն Մանուկեանին նշանակեց պաշտպանութեան նախարար, որից յետոյ սկսուեցին հայկական ուժերի յաղթանակները։
Իսկ յետոյ 1995 թ Ազգային ժողովի, ապա 1996֊ի նախագահական ընտրութիւնները կեղծելով ՀՀՇ֊ն յոյս ունէր, թե իշխանութիւնը պահելով կ’իրագործի 29֊ական ծրագիրը։ Սակայն այդտեղ էլ վրիպեց, այս անգամ իշխանութեան ներսում ճեղք գոյացաւ, և ուժայինները 1998֊ին իշխանութիւնից հեռացրին 29ականներին։
Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական քաղաքականութիւնը կտրուկ փոխուեց, 1998֊ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ՄԱԿ֊ի ամբիոնից բարձրացրեց ցեղասպանութեան ճանաչման հարցը, այն դարձաւ Հայաստանի պաշտօնական քաղաքականութիւն։
Թէև 29֊ականները քննադատում էին Հայաստանի նոր քաղաքականութիւնը, Տէր֊Պետրոսեանը ծաղրանքով անուանում էր բուրջհամուդեան քաղաքականութիւն, սակայն դրական արդիւնքները ակնյայտ էին:
1998-2019 թուականներին 26 երկիր ճանաչեց հայոց ցեղասպանութիւնը։ Հակառակ 29ականների պնդումների, թէ ցեղասպանութեան ճանաչման պետական քաղաքականութիւնը կը խոչընդոտի Թուրքիայի հետ յարաբերութիւններին, Թուրքիան առաջին անգամ Հայաստանը որպէս ինքնուրոյն միաւոր նկատեց և 2005֊ին վարչապետ Էրդողանը համագործակցութեան առաջարկով նամակ յղեց նախագահ Ռոբերտ Քոչարեանին, վերջինս էլ պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։
Սփիւռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար հիմնադրուեց համահայկական սպորտային մրցոյթները։
Ի վերջոյ, այս քաղաքականութեան արդիւնքում Սփիւռքը ակտիւօրէն ներգրաւուեց Հայաստանի կեանքում, Լինսի հիմնադրամի տրամադրած գումարները, Թումօ կենտրոնը ու Օդանաւակաեանի նոր շէնքը դրանց վառ օրինակներն են։
Քոչարեանին փոխարինած նախագահ Սերժ Սարգսեանը փորձեց հաւասարակշռել 29ականների և Արցախ-Հայաստան-Սփիւռք մէկ ազգ գաղափարը, և իր կառավարման հենց առաջին տարին 200-ին ձեռք մեկնեց Թուրքիային, նախաձեռնուեցին հայ-թուրքական արձանագրութիւները, որոնք ձախողուելով՝ Թուրքիային աւելի ագրեսիւ դարձրին Հայաստանի նկատմամբ։
Միջազգային ասպարէզում ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն էր, որն արձանագրուեց 2007-ի Մատրիտեան սկզբունքներում։
29 ականները տարածում էին այն միֆը, թէ իշխանութիւնները յանձին Սերժ Սարգսեանի և Քոչարեանի, չէին ուզում կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, թէ ամէն ինչ անում էին, որ ստատուս քուոն պահպանուի, ու իշխանութիւններին պիտակում ոչմիթիզական։ Սակայն բանակցային գործընթացի մանրամասներին ծանօթանալով նկատւում է, որ Հայաստանի իշխանութիւնները բանակցային յստակ գաղափարախօսութիւն են ունեցել, հետևողականօրէն առաջ են տարել ազգերի ինքնորոշման գաղափարը, բանակցային գործընթացում միջնորդ երեք գերտէրութիւններին ստիպել են չշարժուել երկակի ստանդարտներով և հաւատարիմ մնալ իրենց ստորագրած միջազգային հռչակագրերի ազգերի ինքնորոշման գաղափարին և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, և այդ իրաւունքի ճանաչումն էլ դառնում է Արցախի ժողովրդի անվտանգութեան կայուն և միակ երաշխիքը, որից յետոյ միայն տարածքային փոխզիջումներ կը լինեն։ (բանակցային դետալների մասին մանրամասներ է ներկայացնում Սերժ Սարգսեանը Արմնիուզին տուած հարցազրոյցում)։ Ահա, թէ ինչու Ալիևը յայտարարում էր, թէ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախութիւնը։ Մինչև Փաշինեանի վարչապետ դառնալը, միջազգային հանրութիւնը հայկական կողմին էր համարում կառուցողական, իսկ Ադրբեջանը որոշակի առաջարկների նախապէս համաձայնելով ապա մերժելով՝ որպէս ոչ կառուցողական կողմ էր ընկալւում։ Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովը նոյնիսկ այն ժամանակ յայտարարեց որ Ադրբեջանն է վերջին առաջարկները մերժել։
Հայաստանից պահանջւում էր հետևողականութիւն և համբերատարութիւն հասնելու համար Արցախի ինքնորշման ճանաչմանը, որը ոչ միայն Արցախի ժողովրդին ազատութիւն կը պարգևէր, այլև հայութիւնը իր առաքելութիւնը կ’ունենար փոքր ժողովուրդների ինքնորշման ձգտման ճանապարհին։
Սակայն 2018թ յեղափոխութիւնը տապալեց ամբողջ աշխատանքը՝ իշխանութիւնը վերցրին 29ականները, հրաժարուեցին այս ամբողջ ձեռքբերումներից և «իրենց կէտից» սկսեցին նոր բանակցութիւններ։
2018-ի աշնանը Դուշանբեում վերելակային կոչուած հանդիպմանը Փաշինեանը Ալիևի խոստացել է զիջումներ, քանի որ սահմանին դադարեցին կրակոցները, պաշտօնական մակարդակով՝ հանրային հեռուստատեսութեամբ սկսուեց՝ «հասարակութիւնը խաղաղութեան պատրաստելու» քարոզչութիւն, Փաշինեանի տիկին Աննա Հակոբեանը սպառազինուելուց հրաժարուելու կոչեր արեց և ցուցադրեց զարդեր, որոնք զէնքերից էին ձուլուած։ Ապա Փաշինեանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանաւորուածութիւններից հրաժարուեց, ի շահ Ադրբեջանի ջրեց 2016-ի ապրիլեան Պատերազմից յետոյ հայկական կողմի ձեռքբերումը՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման սանկտպետերբուրգեան և Վիեննայի համաձայնութիւնները, յայտարարեց, որ բանակցութիւնները իր կէտից է սկսում, այսինքն մերժեց բանակցային գաղափարախօսութիւնը, հրաժարուեց Արցախի ինքնորոշման գաղափարից, յայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, ի վերջոյ, բանակցութիւնները մտցրեց փակուղի, որը մի դուռ էր բացում պատերազմի առաջ, երկրորդ դուռն էլ բացում էր Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները փչացնելով։
Դասական Սփիւռք կամ աղէտի վերապրածներ
Դեռ 1918-1920թթ հանրապետութեան շրջանից սկսած երկիրը կորցրած արևմտահայերը չէին կարողանում յարմարուել արևելահայերի կենցաղին։
Պոլսեցի մտաւորական և կամաւորական շարժման ներկայացուցիչ Վահան Չերազը, 1920֊ի հոկտեմբեր 6ին մի նամակում գրում է (Հ.Պ֊ին).
Զինուորականը կուսակցական պէտք չէ ըլլայ, հոգ չէ, թէ այստեղ ճիշդ հակառակ ըմբռնում կը տիրէ: Համակրութիւններս յայտնի են քեզ: Ոչ մի պատճառ չեմ ունեցած փոխելու զանոնք, ընդհակառակն: Ես ազգասիրական խորունկ կսկիծով նկատեցի որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական և տնտեսական սնանկութեան եզրին: Պատճա՞ռը: Դաշնակցութի՞ւնը: Այո և ոչ: Ոչ, որովհետև Դաշնակցութեան Թրքահայ հատուածը ազգայնական ու յառաջադիմական գեղեցիկ տրամադրութիւններ ունի: Այո, որովհետև այստեղ Դաշնակցութիւն կը նշնակէ Ռուսահայ ժողովուրդ: Իսկ Ռուսահայը շատ քիչերու բացառութեամբ, հոմանիշ է ծուլութեան, սանձարձակ զեղծումի, ու լիրբ կամայականութեան: Իսկ ռազմական տեսակէտով աղէտալիօրէն բացասական է: Ոչ մի ժամանակ,- այստեղ այս փաստը շօշափելի է «կամաւ կոյրերուն» իսկ,- ներկայ Հայաստանը, այսինքն Ռուսահայաստանը չի կրնար մեզ գոհացնել իբր հայրենիք և չի կրնար ըլլալ կորիզ, կռուան, հիմնաքար, միացեալ Հայաստանի համար: Այստեղ զանգուածները դժկամութեամբ, աւելի ճիշդ բացասական կերպով կը ծառայեն հայկական հայրենիքին»:
Չերազին ճակատագիրը պահեց Հայաստանում, և 1928թուին նրան գնդակահարեցին, իսկ 10տարի անց Չերազի համար Հայաստան տեղափոխուած նրա՝ կնոջը՝ Խարբերդցի Վարդանուշ Չերազին գնդակահարեցին։
Բռնաճնշումների ենթարկուած արևմտահայերի սերունդների մի մասը ստիպուած սկսեց «ձուլուել» արևելահայերի մէջ վերածուելով 29ականների։ Այսուհանդերձ, 1960 ականների ազգային միասնութեան վերելքի գործիչները հիմնականում արևմտահայերի սերունդներն էին։
Սփիւռքահայ կուսակցութիւնները իրենց բոլոր հակասութիւններով՝ միասնական էին ուղղագրութեան հարցում, նաև ընդհանուր հայրենքի՝ միացեալ Արևելեան և Արևմտեան Հայաստաննների գաղափարով, և Հայաստանի անկախութիւնից անմիջապէս յետոյ Սփիւռքահայ երեք կուսակցութիւններն էլ իրենց կառոյցները ստեղծեցին Հայաստանում։
Բայց քաղակքական կուսակցութիւններից և Սփիւռքեան բազմաթիւ կառոյցներից բացի, Սփիւռքահայ մի շերտ կայ, որ Չերազի պէս, չէր կարողանում Արևելեան Հայաստանը ընկալել որպէս հայրենիք։ Նրանց հայացքները կուսակցականացուած չեն, մասնաւոր զրոյցներում են և նաև արտայայտւում են Սփիւռքահայ գրականութեան և վերլուծական աշխատանքներում։
Որտեղից է այդ խորթութիւնը։ Երկու առաւել նկատելի պատճառներն են՝ 1֊ին լեզուն, Հայաստանը չի ստեղծում պայմաններ արևմտահայերնի կենսունակութեան համար. Հայաստանում չկայ գոնէ մէկ արևմտահայերէնով դպրոց, մինչդեռ օտար երկրներում՝ Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, ԱՄՆ, Աւստրալիա գործում են արևմտահայերէն դպրոցներ։ Երկորդը ուղղագրութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը մերժել է հայոց լեզուի ընդհանուր ուղղագրութեան գաղափարը, չի պատրաստւում պառակտող սովետական ուղղագրութիւնից հրաժարուել և Սփիւռքի հետ միասնական ուղղագրութեան վերադառնալ։
Լիբանանցի բարեկամս, որ Բեյրութում առևտրով է զբաղւում, մի քանի անգամ փորձեց տեղափոխուել Հայաստան, բայց այդպէս էլ չյարմարուեց, և մի անգամ ասաց՝ ես հասկացայ, որ սա իմ հայրենիքը չի, իմ հայրեիքը Արևմտեան Հայաստանն է, որ կորսուած է»։
Սփիւռքահայ գրող Գրիգոր Պըլտեանը «Դէպի մեծ փոխաբերութիւն» գրքում նկարագրում է 1995֊ին՝ այն «ցուրտ ու մութ տարիներին» իր այցը Հայաստան .«Ով դրամ ունի, ան լոյս ու ջերմութիւն կրնայ գնել։ Կաշառքի թագաւորութիւն… մէկը մշտապէս լոյս ունի, միւսը բնաւ, փողոցին մէկ եզրքը կը մնայ խաւարի մէջ, միւսը կը փորձէ ծածկել գայթակղութիւնը թանձր վարագոյրներու ետին»։ Իսկ մարդիկ ինքնահիացմունքի մէջ են. «Ամէն մարդ անտեսուած մըն է, իբրեւ տաղանդ, մոռացուած հանճար, մանաւանդ երբ մտաւորականի պէս մէկն է, միշտ հալածուած նաև։ Նարկիսականութիւն եւ հալածախտ միասին։ Եւ ուրեմն, միշտ ալ բամբասանք։ Ե՛ս, ես միայն լաւն եմ, ես իմանում եմ, միւսները ի՜նչ են որ, ոչնչութիւններ, եւ անոնք են որ զիս չեն հանդուրժեր ու կը հալածեն»։ Փոխաբերութիւնը հենց Հայաստանի հանրապետութիւնն է կորցրած հայրենիքի, այն որպէս հայրենիք ընկալելու անհնարինութիւնն է. «Ամէն անգամ որ կու գամ հոս ինծի կը թուի թէ կը վերապրիմ մին այն երազներէն, ուր ճամբու մը վրայ կը վազեմ եւ երբեք տեղ չեմ հասնիր, կարծես երբեք չեմ հասնիր իրականութեան մակերեսին», բայց նաև այն տեղը որտեղից փնտրում է այն միակ Հայրենիքը՝ սահմանի փշալարերից այն կողմ կորսուածը. «Այն տեղն է ասիկա որուն կը յղուի անհունօրէն, իր հեռաւոր աքսորէն։ Որուն, սակայն, երբեք չի հասնիր։ Աւելի ճիշդ՝ լեզուս կը յղուի այս տեղէն բացակային, այս տեղի միւս կողմին(շրջօնի՞ն)։ Շուքին, ստուերին։ Ջնջուածին։ Փոխաբերութիւնը անդադար կը յուշէ, որ միւսը չկայ, այն որ ուզե-չուզեմ, սրբուեցաւ անհետ կամ գրեթէ։ Փոխաբերութիւնը կ՚ուզէ որ մոռնամ, իբր թէ որովհետեւ իրականութիւնը կայ, կոպիտ, հաստ, միակ ապրելի իրականութիւնը»։
Պըլտեանը Հայաստանի ղեկավարութեան մասին ասում է, որ եթէ «այն կողմից» գան ներում խնդրեն «պաշտօնէութիւն ու նաչալնիկ, բոլորը մէկէն պիտի ներեն, մեծ բեռէ մը ձերբազատ»։ Լաւատեսութի՞ւն է, քանի որ Հայաստանի այս նոր ղեկավարները իրենք են պատրաստ խնդրել թուրքերից ամէն ինչ, նոյնիսկ ներում խնդրել, որ իրենց հայրենակիցները նեղութիւն են պատճառել նրանց ոճիրները յիշեցնելով, միայն թէ արժանանան բարեհաճութեան։
Եթէ Հայաստանը Պըլտեանի նկարագրած հանրութիւնն է միայն, որտեղ հայրենիքը սեփական բնակարանի սահմանն է, էլ ի՞նչ Արցախ ու Զանգեզուր, իսկ գուցէ հանրութիւնը փոփոխուո՞ղ է։
Սփիւռքահայ փիլիսոփայ և քննադատ Մարկ Նշանեանը «Երկգլխանի հրէշին աշխարհը» բանախօսութեան մէջ քննադատում է Սփիւռքահայ այն մտաւորականներին, ովքեր Հայաստանի անկախութեան հռչակումը ընդունեցին որպէս համայն հայութեան նպատակների իրագործում և լքեցին Սփիւռքի դիրքերը.«1990ի շուրջ յայտարարելով ոը la diaspora, c’est fini, Սփիւռքը վերջացած է, ու անցնելով աւելի լուրջ գործերու, որոնք արժանի պիտի ըլլային պատմութեան մէջ մնալու, պետութիւն մը ղեկավարելու եւ նախագահի մը խորհրդատուն ըլլալու յոյժ պատուաբեր եւ յիշատակելի գործերուն»։
«Հապա մեծ-մեծ բանաստեղծնե՞րը, որոնք իրենց հոգիին հետ՝ իրենց գրիչն ալ ծախեցին, նոր Լեւոնը Կիլիոկիոյ վերջին Լեւոնին հետ կամրջելով։ Հապա Ճիւան Թապիպեանը, լուսահոգին, որ Զօրեանի 1982ի հանդիպումին հայրենասիրական բոլոր միսթիցիզմներուն դէմ այդքան գեղեցիկ բաներ ըսելէ ետքը, ինքն ալ անփառունակ կերպով յօդուած մը ստորագրեց AIM-ի մէջ այդ օրերուն, ըսելով որ վերջապէս պիտի չամչնանք Հայ ըլլալէ։ Ինչո՞ւ, ուրեմն կ՚ամչնայի՞նք։ Գոյք, կալուած, դպրոց, հոգի, մայր, գրիչ, ուրիշ ի՞նչ մնաց ծախելիք։ Կը մնար խելքը։ Իրենց խելքն ալ ծախեցին։ Ի՞նչ խաբէական դաստիարակութիւն ստացած էին ասոնք բոլորը, իրենց դպրոցներէն, եկեղեցիներէն ու կուսակցական ակումբներէն ներս։ Ի՞նչ ակնախտիղ միսթիցիզմի կը հետեւէին։ Մէջէն-մէջէն փտած կառոյցներու բնակիչներ՝ բոլորը։ Փլելու պատրաստ աւազէ կառոյցներու բնակիչներ։ Կառոյցներու որոնք պէտք է փլէին եւ դեռ պէտք է փլին, եթէ պատրաստ չեն Սփիւռքի պատնէշին վրայ կանգնելու եւ իրենց պարտականութիւնը կատարելու»։
Բանախօսութեան հարցադրում է թէ արդեօ՞ք հնարաւոր է, որ Սփիւռքը լինի ինքնիշխան, մէջբերում է Վահէ Օշականի խօսքը՝ Սփիւռքին անհրաժեշտ է բնազանցութիւն ունենալ, հարց որ իրեն 50 տարի անհանգստացրել է, հնարաւո՞ր է այն արդեօք։ Եւ յանգել պատասխանի՝ ոչ, քանի որ հայ ազգայնականութիւնը ձևաւորուել է որպէս որոշակի տարածքի վրայ բնիկի երևակայութիւն, և Սփիւռքն էլ մասը կազմելով այդ ազգայնականութեան միևնոյն ժամանակ զրկուած լինելով «հողից» «բնիկութիւնից» զոհն է դարձել այդ ազգայնականութեան՝ իրեն զրկելով ինքնիշխան լինելու հնարաւորութիւնից։ Միւս կողմից էլ Հայաստանը՝ որպէս «բնիկների» երկիր չի ընկալում Սփիւռքը և նրա գրականութիւնը, քանի որ բնիկութիւն չունի՝ «դրսից եկած» է. «Սփիւռքի մէջ տպուած ո՛չ մէկ գիրք կրնայ մուտք գործել Հայաստան կոչուած երկրի սահմաններէն ներս, չի կրնար մտնել բնիկին խելապատակէն ներս։ Բնիկին համար դուրսէն եկածը մաս չի կազմեր իր փորձառութեան»։