Մարտի 1-ի գործով տուժածների հարազատների հոգեբանական գործօնը

2008-ի Մարտի 1-ի 10 զոհերից մէկի՝ Գոռ Քլոյեանի հայրը՝ Սարգիս Քլոյեանը, 2009-ին ասում էր. «Ինչ վերաբերում է, թէ իմ երեխան ինչի է յայտնուել Միասնիկեանի արձանի մօտ. իմ տղան, լսելով, որ թուրքերը յարձակուել են Երեւան քաղաքի վրայ, ես եւ իմ տղան միասին գնացել ենք, որպէսզի ազատագրենք թուրք լամուկներից մեր Երեւան քաղաքը»։

Լրագրողը հարցնում է. «Բայց դուք միասին չէք եղել, չէ՞»: Քլոյեանը պատասխանում է. «Էդ օրը միասին ենք եղել, բայց նա առանձին թեւում է եղել, ես՝ առանձին»։

Երբ Մարտի 1-ի ցուցարարների դէմ սկսեցին դատավճիռներ արձակուել, Քլոյեանը երգը փոխեց, սկսեց ներկայացնել, թէ որդին «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան անդամ էր, ինչպէ՞ս կարող էր մասնակցել Մարտի 1-ի բախումներին, գնացել էր՝ հետաքրքրասիրութիւնից դրդուած։

Այժմ Քլոյեանն ամենաակտիւն է պայքարում, որ Ռոպերթ Քոչարեանին դատեն։

Ինչո՞ւ:

Հինգշաբթի Երեւանի Շէնգաւիթ շրջանի դատարանում վերսկսուեց Մարտի 1-ի գործով՝ Ռոպերթ Քոչարեանի, Եուրի Խաչատուրովի, Սէյրան Օհանեանի եւ Արմէն Գէորգեանի դատավարութիւնը։

Երբ մէկի հետ դժբախտ պատահար է լինում, նրա հարազատները երբեմն իրենք իրենց մեղադրում են, թէ եթէ որդուն դուրս չթողնէին, մեքենայի տակ չէր ընկնի, եւ այլն, մէկ ուրիշն էլ մխիթարում է, թէ՝ անհիմն մի՛ մեղադրի, դու մեղք չունես։

Ինչպէ՞ս կարող է Սարգիս Քլոյեանն ինքն իրեն չմեղադրել, որ որդուն՝ Գոռ Քլոյեանին, չի պահել, որ նա Մարտի 1-ին չգնար ցոյցերի, չէ՞ որ եթէ պահէր, նա չէր զոհուի։ Մանաւանդ այս դէպքում հայրը հիմք կ’ունենար ինքն իրեն մեղադրելու, քանի որ դեռ օր առաջ՝ Փետրուարի վերջերին, շատերն էին կանխատեսում, որ բախումներ են լինելու (օրինակ՝ «Երրորդ կողմի ձայնը»՝ գրուած Փետրուարի 29-ին), իսկ Սարգիս Քլոյեանը ոչ միայն որդուն չի արգելել, այլեւ հետն է գնացել եւ մասնակցել բախումներին:

Քլոյեանի ակտիւութիւնը, որ նա մոլեռանդօրէն ձգտում է որեւէ իշխանաւոր, այս դէպքում՝ Ռոպերթ Քոչարեանը, դատուի Մարտի 1-ի համար, ցոյց է տալիս, որ նա իր խիղճը լռեցնելով է զբաղուած, դուրս է մղում բոլոր այն ռացիոնալ հնարաւորութիւնները, որոնք կարող էին որդուն փրկել մահից եւ փոխարէնը անխուսափելի մեղաւորին գտնել։

Տիգրան Պասկեւիչեանի «Հայաստանի կորցուած գարունը» ֆիլմում Սարգիս Քլոյեանը կտրականապէս մերժում է այն պնդումը, որ եթէ Մարտի 1-ին լեւոնականները համաձայնութեան գային ոստիկանութեան հետ եւ գնային այլ տեղ՝ ցոյցը շարունակելու, կը կանխուէր արիւնահոսութիւնը։ Քլոյեանը վստահ պնդում է՝ ուր էլ գնային, միեւնոյնն է՝ բախումներ լինելու էին։ Ինչո՞ւ, չէ՞ որ, եթէ Դաւիթ Շահնազարեանի եւ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի ու ոստիկանների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնն աշխատէր, ցուցարարները հեռանային այլ տեղ՝ հանրահաւաք անելու, ոչ մի բախում էլ չէր լինելու, որ ցուցարարներին այդտեղ պահելու նպատակը հենց բախումների գնալն էր, բախումներով իշխանութիւնը գրաւելը, Փաշինեանը կոչ էր անում բարիկադներ սարքել ու գոռում էր՝ այսօր ամէն ինչ աւարտելու ենք, «քաղաքը մաքրելու ենք ղարաբաղցի տականքներից»։

Եթե Քլոյեանն իրականութիւնը ընդունի, որ, եթէ ցուցարարերը հեռանային, բախումներ չէին լինի, ուրեմն որդին էլ չէր զոհուի, ուրեմն անխուսափելի չէր որդու մահը, ուրեմն, եթէ անխուսափելի չէր, ինքն էլ կարող էր փրկել որդուն՝ նրա հետ հեռանալով: Չի արել, ուրեմն ինքն էլ մեղքի բաժին ունի, իսկ եթէ մեղքի բաժին ունի, ապա դժուար է լինելու ապրել, տանը կնոջ աչքերին չի կարողանալու նայել։

Ի՞նչ անել, դուրս մղել որդու կեանքը փրկելու հնարաւորութիւնը։ Սակայն միայն դուրս մղումները չեն կարող նրան ամոքել: Ասենք՝ դուրս մղեց, բայց մէկը պէ՞տք է մեղաւոր լինի, որ գայ, նստի այն տեղում, որտեղ խիղճն իրեն է ցուցադրում։

Սեպտեմբերի 12-ին դատարանում Քոչարեանին նա ասել է. «Դուք Սերժ Սարգսեանի հետ մտերիմ էք եղել, մի հող ու ջրի մարդ էք, ի՞նչն էր խանգարում, ինչո՞ւ տասը տարուայ մէջ գոնէ մէկ անգամ չէք ասել՝ Սերժի՛կ, արի գործը գոնէ ձեւական բացենք-փակենք: Ձեւականօրէն գոնէ երկու «պրապրշիկի» դատէիք, եւ ասէիր՝ սրանք են մեղաւորները, սրանք են սպաննել ձեր երեխաներին»։

Ուրեմն անհրաժեշտ է դատարանի վճռով դատապարտուի բարիկադի այն կողմում գտնուող մէկը, թող լինի անմեղ, կարեւոր չէ, կարեւորը դատավճիռ լինի նրան դատապարտող, եւ որը կը նստի ոչ միայն բանտի զնտանում, այլեւ իր ներսում, այնտեղ, ուր խիղճն իրեն է նստեցրել։

Այո՛, նրան այլեւս չի հետաքրքրում, թէ անմիջականօրէն ում արձակած կրակոցից է սպանուել որդին։ Գուցէ նաեւ չի էլ ուզում ճշմարտութիւնը բացուի, քանի որ որդին սպանուել է «Չերյոմուխա»ից, այսինքն՝ ցոյց ցրող զէնքից, եւ կարող է պարզուել, որ որդին գրոհել է, իսկ ոստիկաններն էլ «Չերյոմուխա» են կիրառել, ուրեմն նա տուժող չէ, ինքն էլ տուժողի իրաւայաջորդ չէ։

Բայց դատավարութեան ընթացքը, կարծես, այնպէս է գնում, որ կարող է ոչ ոք, ոչ էլ Քոչարեանը չդատապարտուի, եւ Քլոյեանի ինքնաարդարացման վերջին շանսը խորտակուի, ու նա իրեն կորցնում է, դատարանից դուրս, փողոցում Քլոյեանը յարձակւում է Քոչարեանի աջակից Արամ Յարութիւնեանի վրայ՝ գոռում «աբիժնիկ», իսկ նրա կողքի ինչ-որ անձնաւորութիւն Յարութիւնեանին յետեւից հարուածում է։ Այսինքն՝ մինի Մարտի 1՝ դատարանի բակում։

11 տարի տէրպետրոսեանական-փաշինեանական շրջանակները հետեւողականօրէն հասարակութեանը թիւրիմացութեան մէջ են գցել, թէ Մարտի 1-ին անմեղ ցուցարարների վրայ կրակել է զօրքը, աւելին՝ Ղարաբաղից եկած, Ղարաբաղի բարբառով խօսող զօրքը։ Այդ կեղծիքի վրայ էլ կառուցուեց Մարտի 1-ի քրէական գործը, որ հիմա ամբաստանեալի աթոռին են նստել երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, գեներալներ Խաչատուրովն ու Օհանեանը եւ Արմէն Գէորգեանը։

Տէրպետրոսեանական-փաշինեանական շրջանակներն այնքան են, ստեր բրդելով, յաջողութեան հասել, որ վստահ էին, թէ դատարանում էլ իրենց սուտը կը յաղթի։ Սակայն վրիպեցին, այլեւս 37 թիւը չէ, որ մարդու վրայ սուտ մեղադրանք սարքես, գնդակահարես, Հայաստանը եւրոպական կառոյցների անդամ է, եւ ինչքան էլ դատարանի դռներ փակեն, մէկ է, ճշմարտութիւնը պլստալու է դուրս։

Գնալով կեղծիքը փլւում է. պարզւում է, որ ոչ մի զինուոր ու ոչ մի ղարաբաղցի չի կրակել, որ զինուած ու կատաղած գրոհող ամբոխին դիմադրել են ոստիկանական ուժերը։

Մարտի 1-ի վերաբերեալ ամէն քայլ Փաշինեանի դէմ է ուղղուելու. որոշում է ընդունել Մարտի 1-ի տուժածներին դրամական փոխհատուցում տալ, եթէ բոլորին, իրօք, տան, կը պարզուի, որ աւելի շատ ոստիկան է ստանալու փոխհատուցում՝ վիրաւորուել է 187 ոստիկան եւ 32 ցուցարար։

Իսկ Սարգիս Քլոյեանը գնալով կը դժուարանայ չարաշահել իր վշտի նկատմամբ յարգանքը, երբ անձի հոգեբանական խնդիրները հասարակութեանը ապակողմնորոշում են, ուրեմն պէտք է դրանք բացայայտել։

Թէեւ դատավարութիւնը չի վերաբերում 10 զոհերի սպանութեանը, Քոչարեանին եւ միւսներին դատում են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, այսուհանդերձ, իշխանութեան ճիգը՝ զոհերը վերագրել երկրորդ նախագահին, այժմ էլ արտայայտւում է այն բանով, որ դատարանը 9 զոհերի իրաւայաջորդներին ճանաչել է կողմ։ Ուրեմն ընթացքում էլի պարզուելու է ճշմարտութիւնը, որ ցուցարարները խաղաղ չէին, եւ որ 10 զոհերի մէջ միայն ոստիկանութեան 2 ծառայողն են տուժող, որոնք իրենց պարտականութիւնները կատարելիս զոհուել են ցուցարարների կողմից կիրառուած տարբեր հրազէններից։ Իսկ միւս 8-ի մահուան հանգամանքները քանի չեն պարզուել, նրանք չեն կարող ո՛չ տուժող, ո՛չ էլ կարգազանց որակուել։

Այդ երկու՝ ոստիկանութեան ծառայողներից մէկի՝ Տիգրան Աբգարեանի մայրը դատարանում որպէս տուժողի իրաւայաջորդ է ներկայանում։ Այո՛, իրօք, դատարանում միակ տուժողի իրաւայաջորդը նա է, սակայն տուժող՝ ո՞ւմ կողմից, նրանց, ում հրամա՞նն է կատարել որդին, թէ՞ նրանց, ովքեր կրակել են որդու վրա։ Տէրպետրոսեանական շրջանակները նաեւ Աբգարեանի ընտանիքին են կարողացել թիւրիմացութեան մէջ գցել՝ համոզելով, թէ իբր իրենց որդուն յատուկ ջոկատայինը սպաննել է, որ արտակարգ դրութիւն մտցնեն (սա դեռ 8-9 տարի առաջ ասւում էր փաստահաւաք խմբի ՀԱԿ-ական անդամների գրութեան մէջ, ապա Տէր Պետրոսեանի քարոզիչ Տիգրան Պասկեւիչեանի ֆիլմում, եւ որն անցեալ տարի կրկնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանը

10 տարիների ընթացքում ստեղծուած այս՝ «խաղաղ ցուցարարների վրայ կրակեցին» կեղծիքի մթնոլորտում Աբգարեանի ընտանիքն էլ չէր ուզի, որ իրենց որդին «կրակողներ»ի կողմում եղած լինէր եւ զոհուած լինէր «խաղաղ ցուցարարների» կրակոցից, եւ այսպէս, նենգօրէն Աբգարեանների միամտութիւնը օգտագործելով, սպաննուածի ծնողին դարձրեցին գործիք որդուն սպանած կողմի ձեռքին։

Վահան Իշխանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.