Ճգնաժամը յաղթահարուած չէ, պայքարը շարունակւում է․ Արթուր Խաչատրեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեանը չի կիսում վարչապետի պաշտօնատար Փաշինեանի տեսակէտը, թէ ԱԺ արտահերթ ընտրութիւններով աւարտուեց պատերազմից յետոյ առաջացած ներքաղաքական ճգնաժամը: Աւելին` ընդդիմադիր գործչի խօսքով` պայքարը շարունակւում է:
Ստորև ներկայացնում ենք հատուածներ Արթուր Խաչատրեանի azatutyun.am –ին տուած հարցազրոյցից
– Պարո՛ն Խաչատրեան, վարչապետի պաշտօնակատարը յայտարարեց, որ ներքաղաքական ճգնաժամը յաղթահարուած է, համաձա՞յն էք:
– Ոչ, ներքաղաքական ճգնաժամ առաջացաւ, որովհետև մենք պարտուեցինք պատերազմում, և նաև յետպատերազմեան զարգացումները էլ աւելի խորացրեցին ճգնաժամը: Եւ քանի դեռ այդ յետպատերազմեան զարգացումների արդիւնքում առաջացած բացասական երևոյթները չեն վերացել, և երկիրը չի դուրս եկել զարգացման հետագծի վրայ, ինչն այս իշխանութիւնների դէպքում ես կարծում եմ` անհնար է, ես կարծում եմ` ներքաղաքական ճգնաժամի յաղթահարման մասին խօսելը առնուազն կա՛մ միամտութիւն է, կա՛մ ուղղակի մարդկանց հերթական անգամ կեղծ յոյսեր տալ է:
– Ըստ ամենայնի, նկատի ունի, որ փողոցից պայքարը տեղափոխւում է խորհրդարան, խնդրեմ, եկէք, ինչքան ուզում էք , քննադատէք , ձերն առաջարկէք:
– Խորհրդարան գալը և փողոցային պայքար շարունակելը փոխադարձաբար բացառող պատահարներ չեն: Եւ պայքարը կարելի է և պէտք է տանել թէ՛ խորհրդարանում, թէ՛ արտախորհրդարանում, թէ՛ փողոցում: Թող ինքը մեր փոխարէն չորոշի` մենք փողոցում շարունակելու ենք պայքարել, թէ ոչ:
– Նաև ձեր կողմից ճգնաժամի պատճառ բերւում էր, որ սա այլևս 2018-ի 70 տոկոսանոց իշխանութիւնը չէ, կորցրել է լեգիտիմութիւնը: Հիմա վերագտաւ` 70 չէ, 54:
– Այո, բայց մի մոռացէք, որ ինքը յաջողացրեց 3 տարուայ ընթացքում կորցնել մօտ 200 հազար ձայն, կարծեմ, աւելի մեծ կորուստ արձանագրել են մէկ էլ հանրապետականները 18 թուականին` 17 թուականի համեմատ: Այսինքն` ինքը կորցրեց 190 հազար մարդ, ինքը խորհրդարանում կը ստանայ ակտիւ ընդդիմութիւն, իրական ընդդիմութիւն, արմատական ընդդիմութիւն, որը խորհրդարանում իրեն շատ այլ կերպ կը պահի, քան մինչ այս գործող ընդդիմութիւնը:
Այնպէս որ, չէ, լեգիտիմութեան մասին եթէ խօսում ենք, թող Սահմանադրական դատարանի որոշումը գայ, որովհետև Վարչական դատարանի որոշում ունենք, որն արձանագրել է, որ եղել են խախտումներ: Այնպէս որ, այս յայտարարութիւնը, որ սա առանց խախտումների անցկացուած միակ ընտրութիւնը, արդեն այդպիսին չէ:
Հիմա մնում է միւս խնդիրները տեսնել, թէ այդ խախտումները որքանով են ազդել ընտրութիւնների ելքի վրայ: Իսկ որ այդ խախտումները եղել են աստղաբաշխական չափերի, կարծում եմ` որևէ մէկի համար գաղտնիք չի: Օրինակ` վարչապետը գնացել է, վարչապետի ԺՊ եղած ժամանակ, տեսէք, գնացել է ինչ-որ գիւղ, ասում է` այս գիւղի ճանապարհը պէտք է ասֆալտապատենք, շրջւում է, տարածքային կառավարման նախարարին ասում է` ե՞րբ կ՛ասֆալտապատենք, մինչև այս տարուայ վերջ: Այսինքն` եթէ դա բացայայտ ընտրակաշառք չի, ապա էլ ի՞նչ է:
Ստացել ենք այսքան ձայներ, մենք այդ ձայների տէրը պէտք է լինենք և քիչ-քիչ պէտք է մեծացնենք մեր ներկայութիւնը խորհրդարանում, նաև գալիք ընտրութիւններին, որոնք մեր խորին համոզմամբ` էլի լինելու են արտահերթ, որովհետև այս իշխանութիւնները նախ Սահմանադրութեան փոփոխութեան հարց են տալու, երկրորդը` քանի որ ճգնաժամը չի յաղթահարուել, խորանալու է, թէ՛ Արցախի հետ կապուած, թէ՛ տնտեսութեան հետ կապուած, կը լինեն նոր արտահերթ ընտրուիւններ` իմ խորին համոզմամբ: Եւ արդեն այդտեղ շատ աւելի լուրջ կը լինի պայքարը:
– Բայց այս յայտարարութիւնը հնչում են ժամանակին ձեր ասածի ֆոնին, որ ոչ մի ձայն էլ չունի այս իշխանութիւնը, վստահութիւն չունի, և ձեր նշաձողը յիշէք` քարոզարշաւին յայտարարել, որ իշխանութեան ժամերը հաշուած են, վերջնահաշիւ էիք դրել, և պարզւում է` դա ընդամէնը 21 տոկոս է, պարո՛ն Խաչատրեան:
– Դա ընդամէնը 21 տոկոս է, բայց 270 հազար մարդ է, դա նշանակում է, որ բնակչութեան զգալի մի հատուած մեզ է վստահել: Մենք մնացել ենք հիմնական ընդդիմադիր ուժ, և մենք պատուով կը կատարենք մեր այդ առաքելութիւնը, հետագայում նաև իշխանութիւնը փոխելու:
– Ո՛չ միջազգային, ո՛չ տեղական դիտորդները ընտրութիւնները չեն համարում կեղծուած այն իմաստով, որ խախտումները որևէ ազդեցութիւն չեն ունեցել: Աւելին` երևի ծանօթ էք, անգամ ընդդիմութեան են մեղադրում կեղծիքների փորձերի մէջ, «Անկախ դիտորդին» կարող եմ վկայակոչել, «Ականատեսին», որոնք «Հայաստան» դաշինքի անունն են տալիս այդ թւում:
– Նախ անկախ դիտորդների մասին որ խօսում էք, ես ուզում էի իմանալ` ո՞ր անկախ դիտորդական կազմակերպութեան:
– Հայաստանեան դաշտում ներկայացուած քաղհասարակութիւնը, պաշտպան կազմակերպութիւններ:
– Քաղացիական հասարակութիւնը, ցաւօք սրտի, էապէս քաղաքականացուեց դեռևս 2018 թուականին, և դա Հայաստանի վրայ խոշոր հաշւով բաւականին մեծ բացասական ազդեցութիւն ունեցաւ: Եթէ կան կոնկրետ մեղադրանքներ, պէտք է դիմէին ոստիկանութիւն, դատախազութիւն, քրէական գործեր յարուցուէին: Քանի չկայ որևէ կոնկրետ ապացոյց , ինչ-որ մեղադրանքներ, թէ «Հայաստան» դաշինքը կեղծիքների է դիմել, իհարկէ աբսուրդ է: