Ձեր դէմ պայքարի է դուրս եկել ոչ միայն դաշնակցականը, այլ դաշնակցականութիւնը․ Արմենուհի Կիւրեղեան
Եթէ ժողովուրդը դուրս է գալիս փողոց ու որեւէ բան է պահանջում, պատասխանը լինում է ոստիկանական բիրտ ուժը։ Այս մասին «Հայելի» ակումբում ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը՝ ոստիկանութեան կիրառած բիրտ ուժը համարելով իշխանութիւնների յայտարարած ժողովրդավարութեան բաստիոնի իրական պատկերը։ «Ողջամիտ կասկած ունեմ, որ այն ինչ կատարուեց Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ, ուղղակի Փաշինեանի ԱԺ դահլիճից դուրս նրա հնչեցրած հրահանգի արդիւնքն էր։ Ինքը դալիճում էլ յայտարարեց, որ 2 անգամ դուրս է եկել դահլիճից, ուղղակի խօսել է ոստիկանապետի հետ, փորձել է ճշտդել՝ ինչ է կատարւում։ Բայց երբ խօսում էր, յայտարարեց՝ համոզուած է, որ ոստիկանները գործել են օրէնքի շրջանակներում եւ միտք յայտնեց, որ ինչպէս խրախուսել է, այնպէս էլ կը շարունակի խրախուսել առաւել սկզբունքային ոստիկաններին։ Սրանից լաւ նիւթական շահագրգռուածութի՞ւն, սրանից լաւ ուղղակի կո՞չ՝ արէք այն ամէնն՝ ինչի կարիքը կայ, միայն այս ցուցարարներին լռեցրէք, վախեցրէք, ես տէր եմ», յայտնել է դաշնակցական պատգամաւորը։
Կիւրեղեանը նաեւ անդրադարձել է ՀՅԴ-ականների ապօրինի գաղտնալսման գործին ու կառոյցի Վայոց Ձորի մարզային կոմիտէի անդամների ձերբակալութիւններին: «Ինչ-որ կադրեր ու բառակապակցութիւններ ձեր ուզած մեկնաբանութեամբ հանել ու յարձակուել էք ՀՅԴ գործիչների վրայ: Նրանք այդ ապօրինի գաղտնալսումների հիման վրայ չէին կարող կատարել քրէական գործեր, դրա համար էլ այդ գաղտնալսումները իրենց ենթարկուող կայքերի միջոցով տարածուեցին ու դրանց յղում տալով՝ գործեր կատարեցին: Այս պահի դրութեամբ 5 անձ կալանաւորուել է Վայոց Ձորից երկու ամսով՝ տեսակցութեան արգելքով, ունենք 3 դաշնակցական ընկեր, որոնց նկատմամբ տնային կալանքն է կիրառուել որպէս խափանման միջոց: Ընդ որում՝ նրանցից մէկը կին է՝ երեք անչափահաս երեխայի մայր: Ունենք մէկ անձ, որը գրաւով է դուրս եկել եւ միայն այս ներկայացրած փաստերը Վայոց Ձորի մարզային կոմիտէի անդամների հանդէպ: Ինչո՞ւ Վայոց Ձորի, ինչո՞ւ ՀՅԴ, լուրջ հարցեր են, չէ՞, առաջանում», ասել է Կիւրեղեանը: Նա վստահեցրել է, որ համարժէք պատասխան լինելու է, քանի որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը երբեք ոչինչ անպատասխան չի թողնում։
Յիշեցնելով, որ ԱՄՆ-ի ֆինանսաւորմամբ է ՀՀ ոստիկանութեան բարեփոխումների ենթարկուել՝ Կիւրեղեանը նշեց, որ իրենք նոյնպէս պատասխանատու են, պէտք է պատասխան պահանջեն իրենց ֆինանսաւորմամբ ծրագրին հակառակ գործողութիւնների համար։
Կիւրեղեանը կոչ է արել իշխանականներին հասկանալ, որ իրենց դէմ պայքարի է դուրս եկել ոչ միայն դաշնակցականը, այլ դաշնակցականութիւնը, ազգայինը։ «Մէկին բռնաճնշելով, մէկին ձերբակալելով, մէկի մուտքը Հայաստան արգելելով ի՞նչի էք հասնելու։ Բա դաշնակցականութեան գաղափարախօսութեան դէմ ո՞նց էք պայքարելու»։
«Այնտեղ, որտեղ կայ Նիկոլ Փաշինեան, այնտեղ կայ Մարտի 1, այնտեղ կայ ՊՊԾ գնդի գրաւում, այնտեղ կայ նռնակների կիրառութիւն, այնտեղ կայ զոհեր ու արիւն․․․ Նրա սիրտը փառաւորւում է միայն մի դէպքում, երբ հայ ժողովրդի արիւնն է հոսում, երբ հայ ժողովուրդը ծեծւում է իր իսկ ոստիկանութեան կողմից, երբ թուրքերին տալիս է իրենց ուզածը, երբ վարում է թրքամէտ գործունէութիւն։ Բայց համոզուած եղէք՝ նրա սիրտն արդէն չի կարող փառաւորուել, որովհետեւ այս ամէնը նպաստում են իր դէմ պայքարի հզօրացմանը, իր իշխանութեան դէմ պայքարի հզօրացմանը։ Արդէն եկել է մեր սիրտը փառաւորուելու ժամանակը», եզրափակել է Արմենուհի Կիւրեղեանը։
Comments are closed.