Հրապարակուած Է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. Էթնիկ Զտման Դէպքի Ուսումնասիրութիւն» Զեկոյցը
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը յայտարարութեան մը միջոցով տեղեկացուց, որ հրապարակուած է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. էթնիկ (ցեղային) զտման դէպքի ուսումնասիրութիւն» զեկոյցը։
Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.
«Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը, Հայ Դատի համակարգում գործող Հայկական իրաւական կենտրոնի հովանաւորութեամբ, հրապարակել է մանրամասն զեկոյց` անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանաւորուած են Ադրբեջանի երկարատեւ հակահայկական խտրական քաղաքականութեամբ: Զեկոյցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական յարձակումը եւ յաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացուած միջադէպեր չեն, այլ հայերի դէմ խորապէս արմատացած ինստիտուցիոնալ (կառուցային) քաղաքականութեան գագաթնակէտ:
«Զեկոյցը տարբերակում է «էթնիկ զտումներ» եւ «ցեղասպանութիւն» հասկացութիւնները` նշելով, որ, թէեւ ցեղասպանութիւնը սահմանւում է խմբին ամբողջութեամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրութեամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում` բռնութեան եւ ահաբեկչութեան միջոցով: Արցախի դէպքում Եւրոպական խորհրդարանը եւ տարբեր փորձագէտներ իրադարձութիւնները դասակարգել են որպէս էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաեւ ցեղասպանութեան յանցագործութեան վրայ` կապուած ծանր պայմանների եւ համակարգուած ոչնչացման սպառնալիքի հետ:
«Զեկոյցի ներկայացրած ապացոյցները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականութիւնը, ներառեալ շրջափակումը եւ ռազմական գործողութիւնները, արտացոլում են Արցախի հայկական ներկայութիւնը արմատախիլ անելու միտումնաւոր փորձ: 2022 թ. Դեկտեմբերին սկսուած շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց` սահմանափակելով հիմնական ապրանքների եւ ծառայութիւնների հոսքը, ինչը յանգեցրեց սննդի, դեղորայքի եւ վառելիքի խիստ պակասի: Արդիւնքում առաջացած հումանիտար (մարդասիրական) ճգնաժամը յանգեցրեց համատարած թերսնուցման, առողջութեան վատթարացման եւ կրթական ու առողջապահական ծառայութիւնների խաթարման: Զեկոյցը մանրամասնում է, թէ ինչպէս են ադրբեջանական ուժերը թիրախաւորել գիւղատնտեսական աշխատանքները եւ խոչընդոտել տեղական սննդի արտադրութիւնը` խորացնելով հայ բնակչութեան տառապանքը:
«2023 թուականի Սեպտեմբերին սկսուած ռազմական յարձակումը աւելի սաստկացրեց ճգնաժամը: Զեկոյցը փաստում է, թէ ինչպէս է այդ յարձակումը, որ սկսուել է ինտենսիւ (սաստիկ) մարտերով եւ քաղաքացիական ենթակառուցուածքներին հասցուած համատարած վնասներով, յանգեցրել քաղաքացիական բնակչութեան զգալի զոհերի եւ տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական յանցագործութիւնների, այդ թւում` հայ խաղաղ բնակչութեան խոշտանգումների եւ անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են յարձակման դաժանութիւնը եւ այդպիսի գործողութիւնների նշանակութիւնը Արցախից հայ բնակչութեան բռնի տեղահանման գործում:
«Զեկոյցը նաեւ ընդգծում է հայկական մշակութային եւ կրօնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանութիւնների կողմից, որոնք համակարգուած ձեւով ջնջում են հայկական հետքերը: Այս աւերումը ներառում է եկեղեցիների, պատմական յուշարձանների եւ խաչքարերի ոչնչացումը, ինչպէս նաեւ հայկական մշակութային հետքերը վերացնելու համար յուշարձանների էութեան նենգափոխումը: Զեկոյցը պարունակում է արբանեակային պատկերներ եւ փաստաթղթեր այնպիսի կազմակերպութիւններից, ինչպիսին է «Caucasus Heritage Watch»ը, ինչը ցոյց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտուած է միջազգային կառոյցների կողմից, ինչպէս UNESCO-ն եւ Եւրոպական խորհրդարանը:
«Զեկոյցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը եւ շրջափակման ազդեցութիւնը արտացոլում են ադրբեջանական հասարակութեան մէջ հակահայկական տրամադրութիւնների աւելի լայն օրինաչափութիւն: Այն նկարագրում է, թէ ինչպէս է ադրբեջանական պետական հռետորաբանութիւնը, ներառեալ հակահայկական բռնութեան հերոսացումը եւ հայերի նուաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման եւ խտրականութեան միջավայր: Այս միջավայրը յաւերժացուել է պետութեան կողմից աջակցուող նախաձեռնութիւնների միջոցով, ինչպիսին է Բաքուի «Ռազմավարի պուրակ»ը եւ սոցիալական ցանցերում տարածուող հակահայկական ատելութեան խօսքը:
«Աւելին, զեկոյցում նշւում է, որ Ադրբեջանի իշխանութեան տակ գտնուող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառեալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանաւորումը եւ հակահայկական բռնութեան շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրաւունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնութեան համակարգուած ժխտումը եւ մշակութային ժառանգութեան վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայութիւնը վերացնելու Ադրբեջանի աւելի լայն ռազմավարութեան անբաժանելի մասն է:
«Զեկոյցը հասանելի է հետեւեալ յղմամբ:
«Եզրափակիչ մասում զեկոյցը կոչ է անում միջազգային գործողութիւններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար` ընդգծելով տեղահանուած հայ բնակչութեանն աջակցութեան անհրաժեշտութիւնը: Այն նաեւ ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը, մարդու իրաւունքների կոպիտ խախտումների եւ Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականութեան հետ մէկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայութեան համար եւ ընդգծում է միջազգային միջամտութեան հրատապութիւնը` կանխելու հետագայ վայրագութիւնները եւ աջակցելու հայերի իրաւունքների եւ ժառանգութեան վերականգնմանը»:
Comments are closed.