ՀՅԴ ՀԵՄ յայտարարութիւնը. Հերթական ապօրինութիւնը ԵՊՀ-ում

Երեւանի պետական համալսարանում կայացուել է հերթական ապօրինի եւ քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկեալ, 44-օրեայ պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարօն Մանուկեանին, ով շուրջ 5 ամիս գտնուելով ապօրինի ազատազրկման մէջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրութեամբ ընձեռնուած կրթութիւն ստանալու իր իրաւունքը։

ԵՊՀ ռեկտորատը մերժել էր Տարօն Մանուկեանի ծնողի դիմումը՝ թոյլատրել նրան մասնակցել միջանկեալ քննութիւններին հեռավար, պատճառաբանելով, որ համալսարանը հեռավար կրթութիւն չի իրականացնում:

Հարկ է նշել նաեւ, որ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը դիմում էր ներկայացրել Արթիկ ՔԿՀ-ում անազատութեան մէջ գտնուող ուսանողի համար քննութիւնները կազմակերպելու համար, ինչը համալսարանի ռեկտորատի կողմից բազում պատճառաբանութիւններով կեանքի չի կոչուել։ Տարօն Մանուկեանի կողմից Արթիկ ՔԿՀ-ի դիմումի դրական արձագանգից յետոյ անգամ ԵՊՀ ռեկտորատը պատասխանել է, թէ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետը հեռավար կրթութեան իրաւունք չունեցողների ցանկում է՝ անուղղակիօրէն մերժելով քննութիւն յանձնելու տարբերակները։ Նոյն պատասխանը եղել է Տարօն Մանուկեանի ծնողների կողմից ԿԳՄՍ փոխնախարարին ուղղուած դիմումից յետոյ։ Յիշեցնենք, որ 2020 թուականից ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանաւորուած ՀՀ բարձրագոյն ուսումնական բոլոր հաստատութիւններն անցել էին կրթութեան հեռավար անցկացմանը:

ՀՅԴ ՀԵՄ-ը դիմում է բոլոր միջազգային եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին, այլ երիտասարդական միութիւններին՝ կոչ անելով դատապարտել մարդու հիմնարար իրաւունքների հերթական խախտման դէպքը։

Ինչ վերաբերում է անազատութեան մէջ գտնւող ՀՅԴ ՀԵՄ անդամներին, ցանկանում ենք ընդգծել, որ թշնամուն Հայաստանի հանրապետութեան դէմ սանձազերծած պատերազմների արդիւնքում չի յաջողուել որեւէ կերպ ընկճել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին անգամ կեանքի գնով ծառայելու երդում տուած դաշնակցականներին, վստահ ենք, որ դա չի յաջողուի անել նաեւ Հայաստանի փաստացի իշխանութիւններին։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն

Leave a Comment

You must be logged in to post a comment.