ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի յայտարարութիւնը
Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը, քննելով «Կառավարութեան կառուցուածքի և գործունէութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգութիւն է յայտնում առաջադրուող մի շարք փոփոխութիւնների վերաբերեալ:
Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնաւորման ու հանրային քննարկման նախարարութիւնները միաւորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարութեան նախաձեռնութիւնը որևէ քննադատութեան չի դիմանում։ Խնդրահարոյց և կամայական այդ որոշումը յղի է լրջագոյն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդիւնաւէտութեան բարձրացման անհրաժեշտութիւնը՝ չկշռադատուած և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Յատկապէս անթոյլատրելի է Սփիւռքի և Մշակոյթի նախարարութիւնների, որպէս առանձին պետական կառավարման մարմինների, գոյութիւնը հարցականի տակ դնելու մօտեցումը:
Սփիւռքի հետ յարաբերութիւնները նոր մակարդակի վրայ բարձրացնելու, մեծ հայրենադարձութիւն կազմակերպելու մասին կառավարութեան յայտարարած նպատակները, թւում էր, պէտք է յանգեցնէին հայեցակարգային նոր մօտեցումների որդեգրման։ Սակայն Սփիւռքի նախարարութեան գործունէութիւնը վերարժևորելու փոխարէն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացուել լուծարել նախարարութիւնը։ Համահայկական կառոյցի բացը մասամբ լրացնող Սփիւռքի նախարարութիւնը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանգ է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մօտ: Անկախ նրանից, թէ վերոնշեալ նախարարութիւնն իր առջև դրուած խնդիրները կարողացել է լուծել, թէ ոչ, այն կոչուած է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայութեանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայութեանը ՄԷԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մօտեցման դրսևորումն է ։
Սփիւռքի ամրապնդումն ու հզօրացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգութեան ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մէկը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կոչ է անում երկրի իշխանութիւններին՝ վերանայել կառավարութեան կառուցուածքի մասին շրջանառութեան մէջ դրած օրէնքի նախագիծը և յատկապէս Սփիւռքի նախարարութեանը վերադարձնել իր իսկական առաքելութիւնը՝ ըստ հարկի նորոգուած ու բարեփոխուած օրակարգով:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
21.12.2018