ՀՅԴ Բիւրոն խստօրէն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների յայտարարութիւնները և հրաւիրում միջազգային հանրութեան ուշադրութիւնը

2020 թուականի դեկտեմբերի 10-ին Պաքւում անցկացուած զինուորական շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց թոյլ են տուել ատելութեան խօսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեանը սպառնացող, Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնող յայտարարութիւններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սիւնիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երևանը համարել որպէս ադրբեջանապատկան տարածքներ։ Աւելին, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվէր փաշային, ըստ էութեան հերթական անգամ իրեն դիտում է որպես հայութեան մեծագոյն դահիճներից մէկի գործի շարունակող։

Պաքուի կենտրոնական հրապարակում արուած յայտարարութիւնների բնոյթը նաև վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիան և դրա արդիւնքում հայկական բնակավայրերի օկուպացիան ոչ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաև հայապատկան տարածքների նկատմամբ նոր հաւակնութիւնների են մղել։

Փաստօրէն, նախորդ դարասկզբին հայութեան նկատմամբ մարդկութեան պատմութեան խոշորագոյն ոճիրներից մէկն իրականացրած պետութիւնը նոյնիսկ այսօր էլ սպառնում է հայութեան ֆիզիքական գոյութեանն ու անկախ պետականութեանը, իսկ Հայաստանի հարաւի նկատմամբ հաւակնութիւններն օրըստօրէ դառնում են առաւել առարկայական։ Ակնյայտ է նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Թուրքիան նոր թափով է շարունակում հարևան բացառապէս բոլոր տարածաշրջանները և յատկապէս Հարաւային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը՝ բացէ ի բաց յայտարարելով Հայաստանի հարաւով Ադրբեջանին, ապա նաև Միջին Ասիայի թրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին։

Այս հաստատումներից հետևում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիւ մէկ սպառնալիքն է, ինչը ակներև դրսևորուեց վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական համատեղ ռազմարշաւով և Թուրքիայի կողմից ջիհադական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով։

Հաշուի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործօնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարաւային Կովկասի առանձին հատուածների ժողովրդագրական և կրօնական նկարագրի փոփոխութեան փորձերը, որոնք յղի են տևական ժամանակահատուածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղութիւնը, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն դիմում է միջազգային հանրութեանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետութիւններին և գործընկեր միջազգային կազմակերպութիւններին՝ ամենայն ուշադրութեամբ հետևելու և կանխելու թուրքական ծաւալապաշտական քաղաքականութիւնը։ Ցանկանում ենք յիշեալ զարգացումների վրայ հրաւիրել նաև ՌԴ ղեկավարութեան ուշադրութիւնը։ Ռուսաստանի Դաշնութիւնն, իբրև 1994 թուականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը և 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրող կողմ, առաւել ընդգրկուն պատասխանատուութիւն է կրում տարածաշրջանային խաղաղութեան և կայունութեան համար։

Միաժամանակ յայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցութիւնը, անկախ ամօթալի պարտութեան պատճառ դարձած ՀՀ իշխանութեան հանդէպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառոյցով և Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան աշխատանքները՝ յաճախ դիմակայելով ադրբեջանական և թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրաւէրներին։

ՀՅԴ ԲԻՒՐՕ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.