ՀՀ վարչապետ Փաշինեան հանդիպում ունեցած է ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամներուն հետ
Յունուար 27-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ընդունած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին և Բիւրոյի անդամներուն:
«Ողջունում եմ յարգելի գործընկերներ: Յարգելի պարոն Տէր-Խաչատուրեան, ուրախ եմ մեր ծանօթութեան համար, ուզում եմ շնորհաւորել անձամբ Ձեզ և Բիւրոյի միւս ընտրուած անդամներին, մաղթել ամենայն յաջողութիւն՝ ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, և ընդհանրապէս մեր ժողովրդի: Իհարկէ, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունէութիւնը և կարևոր համարում հետագայ գործունէութիւնը: Մեր կառավարութիւնը միտուած է և հակուած է լայն ու արդիւնաւէտ համագործակցութիւն ունենալ Դաշնակցութեան հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նոյն տեսակէտը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերեալ առնուազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպէս որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզուած եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարաւորութիւն կ՚ունենանք: Կրկին անգամ շնորհաւորում եմ անձամբ Ձեզ և Բիւրոյի միւս անդամներին ընտրութեան կապակցութեամբ»,- նշած է վարչապետ Փաշինեանը:
«Շնորհակալութիւն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհաւորել Ձեզ վարչապետի պաշտօնում վերընտրուելու առթիւ, նաև շնորհակալութիւն յայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրաւէր ուղղելու համար, որպէսզի հանդիպէք Բիւրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարաւորութիւն կայ ունենալ բաց զրոյց: Ինչպէս առհասարակ նշում ենք մեր կարգախօսներում՝ մեր նպատակն է ունենալ հզօր հայրենիք և սփիւռք, վստահ եմ, որ այդ ուղղութեամբ կան բաւական ոլորտներ, որտեղ կըկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթութիւնների: Մենք միշտ պետութեան կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպէս նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրաւունքների ջերմ պաշտպանն ենք»,- իր հերթին նշած է Յակոբ Տէր-Խաչատուրեանը: