Հացի գիւղը՝ Արցախի մշակութային գանձարանը, որ այժմ բռնագրաւուած է
Տիրուհի Գասպարեան
Հացի գիւղը, որը դարեր շարունակ եղել է Արցախի Մարտունու շրջանի հայ ժողովրդի կենսունակ կեդրոններից մէկը, այսօր կանգնած է իր պատմական ճանապարհի ամենածանր փորձութեան առաջ. այն բռնագրաւուած է Ատրպէյճանի կողմից, իսկ գիւղի բնիկ հայերը ստիպուած են եղել լքել իրենց տունը։
Հացին տեղակայուած է Բովուրխանի լեռնազանգուածից դէպի Մարտունի ձգուող լեռնաճիւղի արեւելահայեաց լանջին, դիրքը գեղատեսիլ ու լեռնահովտային է, կլիման, օդը եւ ջուրը առողջարար են։
Հացին Արցախ աշխարհի հնագոյն եւ պատմական նշանաւոր գիւղերից է, որն ունի 2000 տարուց աւել պատմութիւն։
Տարբեր ժամանակաշրջաններում Հացին երեք անգամ փոխել է իր բնակատեղին, առաջին բնակատեղին կոչւում էր՝ Դըրղեն Վըղ, երկրորդը՝ Խաչին Վըղ եւ վերջին դիրքը՝ Պըտկեսա Պերք (Պըտկեսա Պերք լերան ստորոտում գտնուելու համար է անուանումն առաջացել), որը ընտրել եւ գիւղը հիմնել են Ղազի պապն ու Հլեմա պապը:
Գիւղի անուանումը հետաքրքրական ստուգաբանութիւն ունի։
Քրիստոսից առաջ Արցախում պաշտամունքի առարկաներ են հանդիսացել բուսատեսակները՝ հացին, բոխին, սօսին եւ դրա հետ կապուած Արցախում առաջացել են մի շարք տեղանուններ։ Բացի այդ կայ նաեւ անուան երկրորդ ստուգաբանութիւն, ըստ որի, հացեցիները լինելով շատ հիւրասէր եւ հիւրընկալ մարդիկ՝ անուանուել է Հացի։
Ղ. Աղայեանի «Անահիտ» հեքիաթում գիւղը նշւում է Հացիկ անունով։ Այս բնակավայրի հետ է կապուած Աղուանից թագաւոր` Վաչական Բարեպաշտի (5-րդ դ.) ու նոյն գիւղի նախրապանի աղջկայ՝ Անահիտի հանդիպման սիրային պատմութիւնը, որի հիման վրայ էլ գրուել է «Անահիտ» հեքիաթը։
Այն աղբիւրը, որտեղ տեղի է ունեցել նրանց հանդիպումը մինչեւ այժմ էլ կոչւում է Անահիտի աղբիւր։ Այն Արցախի առաւել նշանաւոր պատմական յուշարձաններից է։ Աղբիւրի գլխավերեւում կայ մի շքեղ, քանդակազարդ խաչքար։ Իսկ խաչքարի մեծ խաչի թեւերի տակ քանդակուած են երկու փոքր խաչքարեր։
Դարերի ընթացքում Հացին եղել է Արցախի հարուստ մշակոյթի կեդրոններից՝ պահելով իր իւրայատուկ աւանդոյթները եւ յուշարձանները։ Այն վկայութիւն է հայկական հարուստ մշակութային ժառանգութեան, որն այսօր վտանգուած է։
Գիւղի տարածքում պահպանուել են բազմաթիւ ճարտարապետական կոթողներ։ Առաւել մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում Բռի Եղցի վանական համալիրը, այն յիշատակւում է 13-րդ դարից, սակայն ժողովրդի մէջ պահպանուած աւանդոյթն ու վաղ ժամանակաշրջանի բեկորները վկայում են, որ Բռի Եղցին շատ աւելի հին պատմութիւն ունի. այն եղել է հեթանոսական կառոյց, որի վրայ Վաչական Բարեպաշտ թագաւորը եկեղեցի է կառուցել, հետագայում արշաւանքների ժամանակ այդ եկեղեցին աւերուել է, եւ արդէն 13-րդ դարում վերակառուցուել է՝ Աղուանից Կաթողիկոս Ստեփանոսի, նրա եղբայր Ներսէս Եպիսկոպոսի, Խաչենիկ Անեցի եւ Շահէն ճարտարապետների կողմից:
Վանքային համալիրի տարածքով մէկ սփռուած են 5-7-րդ դարերի հիմնապատեր, զարդանախշերի բեկորներ, խոյակներ։ Տեղացիները վկայում են նաեւ, որ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը Արցախ այցելութեան ժամանակ եղել է նաեւ Բռի Եղցիում։
Բռի Եղցու համալիրը բաղկացած է 4 եկեղեցիներից, գաւթից, երեք որմնափակ խաչքարերից, մատուռից, օժանդակ շինութիւններից եւ ընդարձակ գերեզմանատնից: Համալիրի տարածքում պահպանուել են նաեւ կամարակապ խաչքարեր, որոնց տեղացիները անուանում են՝ Ճօխտ Տեմ, որոնք մետաքսի ճանապարհի ուղենիշներն էին համարւում: Այս նոյն ճանապարհով եկել եւ անցել են իրենց զօրքերով Մխիթար Սպարապետը, Դրաստամատ Կանայեանը։
Գիւղի կեդրոնական հատուածում վեր է խոյանում 113 տարին բոլորած դպրոցի երկյարկանի քարէ շէնքը, որը հայ մանուկներին են նուիրել հացեցի անզաւակ ամուսիններ՝ Ջիւանշիր ու Գիւլբահար Ղազիեանները։ Դպրոցի շէնքի պատին վիմափորուած են հետեւեալ սրտառուչ խօսքերը.
Հայ մանուկներին.
Թող ձեր բերանում հնչեն դարէդար,
Սահակ, Մեսրոպ մայրենի բարբառ,
Սիրեցէ՛ք բարին, լոյսը, գիտութիւն,
Որ տանում են մեզ դէպի փրկութիւն…
Նուիրեցին Հացի գիւղին Ջիւանշիր եւ Գիւլբահար Գազիեանցներ, 1911 թուական.
Եզակի դպրոցներից է, որի բակի յետնամասում գտնւում է Ս. Աստուածածին եկեղեցին։ Այն կառուցուել է 19-րդ դարում՝ Յարութիւն եւ Հուրի Մուսայէլեանների կողմից, որոնք երեխայ ունենալու նպատակով, իրենց միջոցներով հիմնել են այն եւ նուիրաբերել գիւղին։
Տարբեր ժամանակներում հացեցիները ակտիւ մասնակցութիւն են ունեցել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին։ Մեծ հայրենականի տարիներին պատերազմ զորակոչուած 157 հացեցիներից 66-ը զոհուեցին օտար ափերում։ Նրանց յիշատակին կառուցուած յուշակոթողի մօտ են ամփոփուած արցախեան առաջին գոյամարտում նահատակուած գիւղի հինգ զաւակների աճիւնները՝ Ռաֆիկ Մուսայէլեանի, Ռոպերթ Աղաբեկեանի, Կարէն Մուսայէլեանի, Դաւիթ Սարգսեանի, Կամօ Ղահրամանեանի։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում են հանգչում ծնունդով հացեցի՝ Վլադիմիր Մուսայէլեանը, Արթուր Աղաբեկեանը եւ դիպուկահար, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Մարգարիտա Սարգսեանը։ 2020 թուականի արցախեան 44-օրեայ պատերազմում Հացի գիւղի զաւակներ՝ Ապաւէն Բարսեղեանը, Միքայէլ Յովսէփեանը եւ Արմէն Յարութիւնեանը հերոսաբար նահատակուեցին հայրենիքի համար մղուող մարտում։
Այսօր հացեցին սփռուած է, իսկ Հացին՝ դատարկ…
2023 թուականի Սեպտեմբերից յետոյ Հացին ամբողջութեամբ դատարկուեց հայ բնակչութիւնից։ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ մնալը վտանգի տակ է դրել ոչ միայն գիւղի մշակութային ժառանգութիւնը, այլեւ նրա պատմական յիշողութիւնը։ Գիւղի պատմութիւնը եւ դրա հայկական բնոյթը չպէտք է մոռացուեն, նոյնիսկ այսօր՝ այն կորցնելու ծանր պայմաններում։
2022 թուականի Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Արցախը յայտնուել էր շրջափակման մէջ, կեանքը լիովին դժուարացել էր Արցախում ապրող հայերի համար։
Իմ յիշողութեան մէջ այդ ամիսները անջնջելիօրէն դաջուել են. շրջափակումը իր ցաւոտ եւ դառը հետքերի հետ մէկտեղ տուեց նաեւ խորը դաստիարակչական դասեր՝ աւելի մեծ սէր դէպի կեանքը, մարդկանց, հայրենիքին, ուտելիքին եւ ամէն ինչին։
Հացի գիւղը շրջափակման օրերին համախմբուել էր մէկ ընտանիքի պէս։ Բնակիչները օգնում եւ հոգ էին տանում միմեանց, մարդիկ իրար ձեռք էին մեկնում, հաց էին կիսում, կարեկցում։ Քաղաքում ապրող հարազատների համար ուտելիք հասցնում։
Խանութները, դեղատները դատարկւում էին գնալով, եւ ոչինչ արդէն հնարաւոր չէր գնել։ Մարդիկ իրենց պայմաններում ստեղծում էին այն ամէնը ինչը առաջնային էր ապրելու համար։
Յիշում եմ, երբ ես ու ընկերուհիս թէյ պատրաստելու համար գնացինք մեր դաշտերից խոտաբոյս հաւաքելու, իսկ երբ լրիւութեամբ աղի պաշարը վերջացել էր` աւազից աղ էինք եփում եւ զտում, ալիւրը շատ խնայողաբար էինք օգտագործում, որ չվերջանար, ամրան ամիսներին բանջարեղէն էինք մարինացնում, միրգ չորացնում, որպէսզի ձմրանը ուտելու պաշար ունենայինք։ Մենք ամէն կերպ դիմադրում էինք բոլոր դժուարութիւնները՝ յանուն մեր հարազատ ծննդավայրում ապրելու։
1988 թուականին, երբ սկսուեցին հայ-ատրպէյճանական ընդհարումները՝ ցոյցեր, քաշքշուկներ, կոչեր, Հացի գիւղի բնակիչներ՝ Սօս Բարսեղեանը, Արա Գասպարեանը, Ալեքսանդր Մուսայէլեանը գաղտնի ժողովներ սկսեցին կազմակերպել, որին միացան նաեւ այլ գիւղացիներ։ Առաջին հերթին գործը եղաւ հանրային ունեցուածքի պահպանութիւնը՝ հիմնականում անասնաֆերմաները, որոնք գտնւում էին անմիջապէս սահմանին, այդ ժամանակ ատրպէյճանցիները անասնապահների վրայ էլ էին կրակում, փորձում անասունները գողանալ, ներխուժել տարածք։ Այնուհետեւ սկսեցին հերթապահութիւն սահմանել գիւղի մուտքի մօտ։ Այդ ընթացքում միաժամանակ մտածում էին նոր զէնքեր հայթայթելու մասին, քանի որ նրանց ունեցածը որսորդականն էր միայն։ Համագիւղացիներ՝ Վովա Մուսայէլեանը, Վանիկ Գասպարեանը եւ Վիգէն Ասլանեանը գաղտնի կերպով զէնք եւ ինքնաշէն նռնակներ էին հասցնում գիւղ, որոնք պահւում էին գաղտնի՝ գետնի տակ պահպանելով։
Նրանք Կապը միշտ պահում էին հարեւան գիւղերի հետ։
Սկզբում մեր հարեւան գիւղի՝ Աւդուռի տղաների հետ էին հանդիպում անտառներում. Սօսը եւ Աւդուռեցի Ալիոշան հմուտ որսկաններ էին, նրանց միջոցով շրջայցներ էին կատարում, տեղանքն էին ուսումնասիրում, հետագայ անելիքներն էին պլանաւորում։
1990 թուականի վերջերին մեր տանը երդման արարողութիւն եղաւ, մեր գիւղից երեք հոգի, հայրս՝ Արա Գասպարեանը, Սօս Բարսեղեանը, Ալեքսանդր Մուսայէլեանը երդում տուեցին եւ անցան Դաշնակցութեան շարքերը։ Անմիջապէս կազմակերպուեց խումբ, որի անունն էր Եղնիկասար։ Այնուհետեւ կազմուեց ջոկատ։ Սկզբից խմբում երեքն էին, յետոյ եօթ, յետոյ տասնմէկ…
Ի դէպ դեռեւս 1920-ական թուականներին մեր գիւղում շատ դաշնակցականներ կային՝ Ալեքսան Բարսեղեանը, ով նաեւ Դրաստամատ Կանայեանի սուրհանդակն էր, Գրիգորի Մուսայէլեանը, Սանթուր Սարգսեանը եւ շատ շատերը, որոնց անունները ցաւօք սրտի ինձ հասանելի չդարձաւ։ Այդ թուականներին գիւղում կար նաեւ Դաշնակցութեան գրասենեակ։
Հացի գիւղը մեզ համար ոչ միայն հայրենի գիւղ է, այլ նաեւ մեր պատմութեան եւ ինքնութեան մի մաս։ Չնայած նրա ներկայ իրավիճակին, Հացին կը մնայ հայ ժողովրդի յիշողութեան մէջ՝ որպէս տոկունութեան եւ հաւատարմութեան խորհրդանիշ։
Comments are closed.