Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առաջին կոչը. ՀՅԴ 133-ամեակ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հիմնուեցաւ 1890ի ամառուան վերջերը: Անոր կազմութենէն քանի մը ամիս առաջ, 1890ի գարնան, լոյս տեսած է կոչ մը «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն» ստորագրութեամբ:

Այս կոչէն ոչ մէկ օրինակ մնացած էր, երբ 1917 Փետրուարեան ռուս յեղափոխութենէն ետք, Ռոստոմ Ս. Փեթրսպուրկի ոստիկանական բաժանմունքին մէջ գտաւ օրինակ մը այդ կոչէն որ ի պահ կը մնայ Հ. Յ. Դ. թանգարանը: Ռոստոմ իր ձեռագրով հետեւեալ ծանօթութիւնը ձգած է կոչին տակ. 

“Դաշնակցութեան առաջին մանիֆեստն է, 1890 թ. գարնանը հրատարակուած: Ոչ մի տեղ չէր ճարւում. գտնուած է Պետրագրատ, գաղտնի բաժանմունքի թղթերի մէջ, ուրիշ կարեւոր հազուագիւտ տոկումէնտների հետ: Որքան յիշում եմ այս կոչը խմբագրել է Քրիստափորը:

Ռ.”:

Գաբրիէլ Լազեան, «Հայաստան եւ Հայ դատը հայևռուս յարաբերութիւններու լոյսին տակ», էջ 65-67

*

Հայե՛ր

Այսօր հայոց հարցը նոր շրջանի մէջ է մտնում: Դարերից է վեր ստրուկ Թիւրքահայաստանը ազատութիւն է պահանջում:

Հայը, որ դեռ երէկ շլինքը ծռած Եւրոպայից օգնութիւն էր աղերսում, այսօր համոզուելով, որ օտարի վրայ դրած յոյսը ցնորք է, վճռել է իր ձեռքով պաշտպանել իր իրաւունքը, իր կայքը, պատիւը, ընտանիքը…

Դարերով ճնշուել է հայ ժողովուրդը թուրք բռնապետների լծի տակ: Դարերի ընթացքում ցանել է, բայց պտուղը երբեք չի վայելել. աւազակ տիրողը յափշտակել է: Դարերի  ընթացքում անարգել են նրա սրբութիւնները. բայց հայը կրել է այս բոլորը, կրել է համբերութեամբ. շարունակելով ողողել հայրենիքի հողը իր քրտինքով… Դարերի ընթացքում հայը կարծէք թէ կամեցաւ ապացուցանել մարդկութեանը, թէ կարելի է ազատութիւն ձեռք բերել կուլտուրական ճանապարհով: Քաղաքակիրթ Եւրոպան խոստացաւ վերջ տալ թուրքերի բարբարոսութիւններին Հայաստանում: Սակայն անցան տարիներ տարիների յետեւից եւ հայերի դրութիւնը իրանց հայրենիքում ոչ թէ միայն չլաւացաւ, այլ աւելի ծանրացաւ եւ այժմ միանգամայն անտանելի, դժոխային է դարձել: Հայի պէս համբերող ազգն անգամ անկարող է շարունակել իր գոյութիւնը այդպիսի երկրում:

Բայց համբերութիւնն էլ ունի իւր սահմանը: Գագաթնակէտին հասցրած հալածանքները վերջապէս սթափեցրին հային. այսօր նա վճռել է կա՛մ մեռնել, կա՛մ ազատուել: Եւ ահա Էրզրումը եւ ապա Կ. Պոլիսը աներկիւղ բողոքում են անիրաւութիւնների դէմ. հայը այլ եւս չի խնդրում, այլ պահանջում է, եւ պահանջում է զէնքը ձեռքին:

Սուլթանը սարսափահար է. թուրք կառավարութիւնը գլուխը կորցրել է: Այսօր Եւրոպան իր առաջ տեսնում է մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ ազգ, որ սկսել է պաշտպանել իր մարդկային իրաւունքները:

Այդ ժողովուրդը հասկացել է, որ իր ուժը իր մէջ է. երէկուայ ստրուկ, համբերող հայաստանցին այսօր յեղափոխական է դարձել:

Հայոց հարցի վճռի յետաձգելը այլեւս անկարելի է: Այսպիսի մի պատմական ճգնաժամի միջոցին, առաջին հարցը, որ պէտք է զբաղեցնի ամէն մի լուրջ հայրենասէրի այդ բոլոր յեղափոխական ուժերի միութեան եւ դաշնակցութեան հարցն է:

Այդ յեղափոխական գաղափարի դրօշակիրն է «Հայ յեղափոխականների դաշնակցութիւնը», որ սրանով դիմում է բոլոր հայերին եւ հրաւիրում է կանգնել մի դրօշակի տակ:

«Հայ յեղափոխականների դաշնակցութիւնը», թէեւ նոր է հանդէս գալիս իբրեւ կազմակերպութիւն, բայց նա վաղուց գործող խմբերի միութիւնն է, խմբերի, որոնք նոյնիսկ հայ ժողովուրդի ձգտումների ծնունդն են: «Դաշնակցութիւնը» ձգտելու է միացնել բոլոր ուժերը, կապելով իր հետ բոլոր կենդրոնները: Նպատակ դնելով թիւրքաց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը, «Դաշնակցութիւնը» մտել է այն կռուի մէջ, որ սկսել է ինքը ժողովուրդը տաճկաց կառավարութեան դէմ, ուխտելով մինչեւ արեան վերջին կաթիլը կռուել հայրենքի ազատութեան համար:

Միանանք ամէնքս ժողովրդի հետ, որ բարձրացրել է ազատութեան դրօշակը. նա, ով այսօր երեսը կը դարձնի ժողովրդից եւ չի հետեւիլ նրան, նա այդ ժողովրդի հակառակորդն է, նրան թշնամին է…

Ուրեմն, եղբայրներ, միանանք յանուն սուրբ գործի ընդհանուր թշնամու դէմ:

Եւ դուք, երիտասարդներ, միշտ եւ ամէն տեղ վսեմ գաղափարների պաշտպաններ, միացէ՛ք ժողովրդի հետ:

Եւ դուք, ալեզարդ ծերունիներ, ոգեւորեցէ՛ք ձեր որդոց եւ օգնեցէք նոցա ձեր բազմամեայ փորձառութեամբ:

Եւ դուք, հարուստներ, բաց արէք ձեր քսակները, զէնք հայթայթելու ժողովրդին, որ նա կարող լինի պաշտպանել իր կուրծքը, որ բաց է արել թշնամու դէմ:

Եւ դու, հայ կին, ոգի՛ ներշնչիր սուրբ գործի մէջ:

Եւ դու, հայ հոգեւորական, օրհնի՛ր ազատութեան զինուորներին…

Սպասելու ժամանակ չէ…

Համախմբուենք, հայեր, եւ քաջութեամբ առաջ տանենք հայրենիքի ազատութեան սուրբ գործը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

 

Comments are closed.